Բաժիններ՝

Ապագայի հինգ զենք, որոնք կարող են փոխել պատերազմների բնույթը. The National Interest

Ամերիկյան The National Interest պարբերականում հրապարակվել է Թայբեյում (Թայվան) բնակվող լրագրող, Նոթթինգհեմյան համալսարանին կից Չինական ժամանակակից հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջ. Մայքլ Քոուլի «Ապագայի հինգ զենք, որոնք կարող են փոխել պատերազմների բնույթը» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Բավական խնդրահարույց է կանխատեսելը, թե ո´ր հինգ զինատեսակներն ապագայում առավել կազդեն մարտական գործողությունների վրա, քանի որ պատերազմների բնույթը մշտապես փոփոխվում է: Զենքի այն համակարգերը, որոնք ունակ են փոխելու երկու բանակի (ասենք` չինական ու ամերիկյան) խոշոր հակամարտության ելքը, անօգտակար կլինեն անհամաչափ սցենարների դեպքում, երբ զորքերը կպատերազմեն քաղաքային պայմաններում (օրինակ, իսրայելական բանակի ու Գազայի հատվածի պաղեստինցիների դիմակայությունում):

Եվս մեկ բարդ պահ է սպառազինության մշակման մեջ հեղափոխության հստակեցումը: Հարց է առաջանում, թե զենքի մշակման ժամանակ ինչի վրա պետք է դնել շեշտը. կործանարա՞ր գործունեության ու  մարդկային մեծ թվով զոհերի, թե՞ ընդհակառակը` մարդկային նվազագույն կորուստներ պատճառելու վրա:

Նկատի ունենալով տարբեր սցենարներով պատերազմների բնույթը` մենք ամեն դեպքում փորձեցինք կազմել սպառազինության այն հինգ համակարգերի ցանկը, որոնք հիմնականում գտնվում են մշակման փուլում և որոնք կարող են թեկուզև կարճ ժամանակով փոխել պատերազմի ընթացքը:

5. Hyper Stealth կամ Quantum Stealth

Տեխնոլոգիաների օգտագործմամբ գիտնականները ստեղծում են «հարմարվողական քողարկում»: Խոսքը «անտեսանելի թիկնոցի» ստեղծման մասին է, որը յուրաքանչյուրին` լինի նա շարքային զինվոր, թե էլիտար հատուկջոկատային, հնարավորություն կտա աննկատ գործել թշնամական տարածքում: Դա նրանց կտա առնվազն ժամանակային պաշար` նախաձեռնությունը սեփական ձեռքը վերցնելու համար:

«Անտեսանելի թիկնոցը» հնարավորություն կտա նվազեցնել ռազմական գործողությունների ժամանակ կորուստների քանակը` միաժամանակ մեծացնելով հակառակորդին ճշգրիտ ու հանկարծակի հարվածներ հասցնելու, ինչպես նաև դիվերասիոն գործողություններ ու սպանություններ իրագործելու հնարավորությունը:

«Անտեսանելի թիկնոցը» նաև լուրջ ազդեցություն կունենա  ռազմական գործողությունների ժամանակ այն դեպքում, եթե նա ընկնի ոչ պետական ուժերի ձեռքը, ինչպիսիք են պարտիզանական ջոկատներն ու ահաբեկչական խմբերը: «Անտեսանելի թիկնոցի» մշակմամբ զբաղվում է կանադական մի ընկերություն:

4. Էլեկտրոմագնիսային հրանոթներ

Էլեկտրոմագնիսային ռելսային հրանոթն օգտագործվում է մագնիսական դաշտը և ոչ թե պայթուցիկի լիցքն ու վառելիքը: Այդ մագնիսական դաշտը արկը նետում է մեծ հեռավորության վրա` 7240-9000 կմ/ժամ արագությամբ: Փորձարկումը ցույց է տվել, որ այն ունակ է արկը նետել 100 ծովային մղոն հեռավորության վրա` օգտագործելով 32 մեգաջոուլ էներգիան:

Էլեկտրոմագնիսային ռելսային հրանոթի կրակոցի արագության ու հեռահարության մեծացումը տալիս է մի շարք առավելություններ ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական մարտում: Խոսքը հակառակորդին և´ գերճշգրիտ հարվածներ հասցնելու, և´ հակաօդային պաշտպանության մասին է:

Այդ տեխնիկայի ևս մեկ առավելություն է այն, որ նա վերացնում է պայթունավտանգ ու դյուրավառ նյութեր պահելու անհրաժեշտությունը, որոնք անհրաժեշտ են կրակոցի ու սովորական արկերի արձակման ժամանակ: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Գիտահետազոտական վարչությունն էլեկտրոմագնիսային ռելսային հրանոթ է մշակում 2005 թվականից:

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հուսով են ժամանակի ընթացքում դրա կրակոցի հեռահարությունը հասցնել մինչև 200 ծովային մղոնի` 64 մեգաջոուլ էներգիայի օգտագործմամբ: Ծովայիններից հետ չմնալու համար ցամաքային զորքերը մշակում են էլեկտրոմագնիսային ռելսային հրանոթի սեփական տարբերակը: Լուրեր կան, որ սեփական տարբերակի վրա աշխատում է նաև Չինաստանը:

3. Տիեզերական զենք

Թեև միջազգային հանրությունն ակտիվորեն հանդես է գալիս տիեզերական տիրույթում զենքի տեղակայման դեմ` առաջատար երկրները շարունակում են մշակել այնպիսի տեխնիկա, որը տիեզերքը կվերածի մարտադաշտի: Այստեղ հնարավորությունները որքան անսահման, այնքան էլ անսովոր են:

Խոսքը գնում է և´լուսնային բազավորման հրթիռային սարքերի, և´ աստորոիդներին որսալու ու դրանք Երկրի մակերևույթին առկա թիրախներին ուղղելու համակարգերի մասին: Դա մեծապես կազդի պատերազմի բնույթի վրա: Տարբերակներից մեկն առնչվում է ուղեծրում գործող սարքերում էլեկտրոմագնիսային ազդակի զենքի տեղակայմանը` միջուկային ու ոչ միջուկային տարբերակով:

Դրա շնորհիվ հնարավոր կլինի կործանիչ հարված հասցնել թշնամու էլեկտրոցանցերին, արբանյակներին, կապի համակարգերին, համակարգչային ու հետախուզական «ճարտարապետությանը»: Օգտագործվող էլեկտրոմագնիսային ազդակի հզորությունից կախված` կարելի կլինի հարվածի արդյունքում անջատել ողջ երկիրը, ինչպես նաև կոնկրետ մարտական գործողությունների գոտուն ավելի ճշգրիտ հարված հասցնելը:

Այս զենքի օգնությամբ հնարավոր կլինի տեսականորեն պատերազմը շահել առանց մեկ կրակոց արձակելու` համենայնդեպս տեղեկատվական տեխնոլոգիաներից կախում ունեցող ԱՄՆ-ի հակառակորդների դեպքում (բայց ոչ թալիբների կամ ՀԱՄԱՍ-ի): Կա ևս մեկ զենք, որի նկատմամբ հետաքրքրությունը մերթ մեծանում է, մերթ` նվազում: Խոսքը  տիեզերական բազավորման մեծ հզորության լազերի մասին է:

Այն նախատեսված է հակառակորդի բալիստիկ հրթիռները ելակետում որսալու համար: Նման որսման առավելությունը այն է, որ բալիստիկ հրթիռի ոչնչացման փորձը ձեռնարկվում է դրա թռիչքի ամենափոքր արագության ժամանակ, ինչն էլ մեծացնում է այն որսալու հնարավորությունները:

Տիեզերական բազավորման լազերային համակարգերը կարող են գործել այնպիսի բարձրություններում, որոնք անմատչելի են հակառակորդի համար, ինչի համար էլ վերջինս չի կարող կործանել կամ ապաակտիվացնել դրանք` նախքան հարված հասցնելը:

Քանի որ ներկայումս մեծանում է այն երկրների ու ուժերի քանակը, որոնք ձեռք են բերում մեծ հեռահարության բալիստիկ հրթիռները թիրախներին հասցնելու փոխադրամիջոցներ, որոնք կարող են ունենալ նաև միջուկային մարտագլխիկ, ուստի մեծանալու է լազերային հակահրթիռների նկատմամբ հետաքրքրությունը և դրանց մշակման թանկարժեք ծրագրերը ֆինանսավորելու պատրաստակամությունը: Սակայն խնդիրը նախկինի նման այն է, թե ինչպես արբանյակների համար ստեղծել քիմիական հզոր լազերային համակարգեր:

2. Հիպերձայնային թևավոր հրթիռներ ու «գլոբալ կայծակնային հարված»

Եթե հիպերձայնային թևավոր հրթիռները գոյություն ունենային 1990-ական թվականների կեսին, ապա ԱՄՆ-ը կկարողանար շատ ավելի վաղ աշխարհն ազատել «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա Բեն Լադենից, և դա կաներ Աֆղանստանի և ոչ թե Պակիստանի տարածքում:

Օժտված լինելով մարտագլխիկները ճշգրտությամբ մեծ հեռավորության վրա հասցնելու ունակությամբ` թևավոր հրթիռները բացառիկ ազդեցություն ունեցան ժամանակակից պատերազմում: Սակայն մեր ժամանակաշրջանում, երբ հաղթանակը կամ պարտությունը որոշվում է հաշվված րոպեների ընթացքում, այդ հրթիռների արագությունը բավական ցածր է:

Այն բանից հետո, ինչ ահաբեկիչները 1998 թվականին հարվածներ հասցրեցին Քենիայում ու Տանզանիայում ԱՄՆ-ի դեսպանատներին, Արաբական ծովում բազավորված ամերիկյան ռազմանավերի արձակած թևավոր հրթիռներից պահանջվեց 80 րոպե` հասնելու համար Աֆղանստանում գտնվող «Ալ-Քաիդայի» ուսումնական ճամբարներին:

Հիպերձայնային թևավոր հրթիռների պարագայում դա կկազմեր 12 րոպե, ինչը լիովին բավական կլիներ, որպեսզի օպերատիվ կերպով արձագանքեին հետախուզության հաղորդագրությանը, որում խոսք էր գնում ահաբեկիչների ղեկավարների գտնվելու վայրի մասին:

Ցանկացած վայրի հարվածելու և դա արագորեն անելու ձգտումը հանգեցրեց «գլոբալ կայծակնային հարվածի» ծրագրի ստեղծմանը, որին ամերիկացի զինվորականները ձեռնամուխ եղան 2001 թվականին: Նրանք իրենց ջանքերը կենտրոնացրին X-51A հիպերձայնային թևավոր հրթիռի մշակման վրա:

Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը ձեռնարկում են նմանատիպ քայլեր, ինչի հետ կապված վերլուծաբանները զգուշացնում են գլոբալ հարվածի վերահաս սպառազինությունների մրցավազքի մասին: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը ուսումնասիրում են հիպերձայնային թևավոր հրթիռների ստեղծման հնարավորությունը` դրանք սուզանավերից արձակելու համար:

Ինչպես ցույց է տալիս 1998 թվականի փորձը, գլոբալ հարվածը կարող է ծառայել տարբեր նպատակների. պետությունների ղեկավարների, կապի համակարգերի ու կարևոր այլ թիրախների ոչնչացում, ինչպես նաև գերճշգրիտ ու կայծակնային հարվածներ ահաբեկչական շարժական խմբերին:

Հիպերձայնային թևավոր հրթիռների բացառիկ բարձր արագությունը և տեղանքի ծալքերով ընթանալու կարողությունը հավելյալ խնդիրներ են առաջացնում ՀՕՊ-ի միջոցներով դրանք որսալու համար, ինչի հետ կապված դրանք հավելյալ առավելություններ են ստանում ոչ միջուկային պատերազմի ժամանակ:

1. «Խելացի» անօդաչու թռչող սարքեր

Վերջին տասնամյակում պաշտպանական ոլորտի ամենակարևոր իրադարձությունը, թերևս, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հայտնվելն է, որոնք տեխնոլոգիաների զարգացման հետ զուգահեռ ձեռք են բերում նորանոր գործառույթներ: Նրանց առաջընթացն այնքան սրընթաց էր, որ մի շարք մեկնաբանների կարծիքով` մի օր ԱԹՍ-երն ամբողջովին կփոխարինեն օդաչուներին:

Ներկայիս ԱԹՍ-երը գործածման համար պահանջում են մարդկային նվազագույն մասնակցություն, նրանց ղեկավարումը մարդու կողմից իրականացվում է հեռակառավարմամբ, իսկ ահա մարտական առաջադրանքների իրագործման կարևոր տարրերը, ինչպիսիք են թիրախները հայտնաբերելն ու ուղեկցելը, ինչպես նաև հրթիռի արձակման մասին որոշում ընդունելը, ցայժմ պահանջում են մարդկային վերահսկողություն:

Սակայն իրավիճակը կարող է շուտով փոխվել , քանի որ գիտնականները հաջողություններ են արձանագրում արհեստական ինտելեկտի ոլորտում և կարող են հեռանկարում ստեղծել այնպիսի ԱԹՍ-եր, որոնք ունակ կլինեն ընդունել ինքնուրույն որոշումներ, որոնցից կախված կլինեն նաև մարդու կյանքն ու մահը:

Քանի որ ԱԹՍ-երի յուրահատկությունները մշտապես կատարելագործվում են, երբևէ դրանք կկարողանան մի քանի ժամ «կախված մնալ» թիրախի վրա, իսկ հետո ակնթարթորեն որոշում ընդունեն հարված հասցնելու մասին, երբ կհայտնվի այդպիսի հնարավորություն: Դրանց գործածումը հարձակվողին է´լ ավելի կհեռացնի զոհից, իսկ դա կնվազեցնի ուժի կիրառման հոգեբանական շեմը:

Մահաբեր որոշման ընդունման հարցը մեքենաներին հանձնելու խթանները գնալով ավելի են շատանում, քանի որ աճում է զինվորներին պահելու ու պատրաստելու արժեքը (կա զինվորներին օգտագործելու ևս մեկ բացասական կողմ. նրանք ունեն իրենց սպասող ընտանիքներ ու սիրելիներ): Խթանները մղում են ԱԹՍ-երը դարձնել ավելի «ազատ», քանի որ ավելի արագ գործող կողմը (առանց մարդու մասնակցության) ռազմական դիմակայության ժամանակ կհաղթի մյուս կողմին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս