Հովհաննես Իգիթյան. Եվրոպացիները կամաց-կամաց ձեռք են քաշելու Հայաստանից
Հարցազրույց ՀՀՇ կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ
– Պարոն Իգիթյան, որքանո՞վ է կարևոր Եվրամիության (ԵՄ) մշակած նոր նախագիծը` «Արևելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո»:
– Եկեք մի գիծ քաշենք` Վիլնյուսի գագաթաժողովից առաջ և Վիլնյուսից հետո: Փաստաթուղթն այդպես էլ կոչվում է` Վիլնյուսից հետո: Այսինքն` Վիլնյուսից առաջ մի իրավիճակ էր, որտեղ պետությունները 3-4 տարի հիմնականում լրջորեն աշխատում էին Ասոցացման/ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի վրա, և եկավ Վիլնյուսը, որ ցույց տվեց, որ խնդիրներ կան: Երևի սխալ հաշվարկի կամ Ռուսաստանի ռազմաքաղաքական, տնտեսական ճնշումը թերագնահատելու պատճառով` այնպես ստացվեց, որ ընդամենը երկու երկիր` Մոլդովան և Վրաստանը, նախաստորագրեցին այդ համաձայնագրերը, ընդ որում` սպասվում էր, որ Արևելյան գործընկերության (ԱլԳ) մասնակից երկրներից 4-ը պետք է միասին գնային այդ ճանապարհով: Բայց պարզվեց, որ խնդիրներ կան, և հիմա արդեն բացահայտ կարող ենք ասել, որ Ռուսաստանի ճնշումների և Հայաստանի իշխանության թույլ գտնվելու պատճառով Ուկրաինայում սկսվեցին այս դեպքերը, որոնք մինչ օրս շարունակվում են, և Հայաստանը դուրս մնաց:
ԵՄ-ն միշտ կարողանում է շատ ճկուն ձևով գնահատել արված աշխատանքը, վերլուծում է սխալները և գնում է առաջ:
Այս կետերում ԵՄ-ն հիմնականում ֆիքսում է այդ իրավիճակը, և, ելնելով այն հանգամանքից, որ արդեն տարբեր մոտեցումներ ու մակարդակներ կան այս գործընթացում, առաջարկում է որոշ կետեր: Ընդ որում, այս փաստաթղթից նաև երևում է ԵՄ-ի ավելի լուրջ մոտեցումը. այստեղ անուղղակի ձևով նկատվում է, որ ԵՄ-ն պատրաստ է ավելի մեծ ռեսուրսներ (ոչ միայն ֆինանսական) կիրառել` գործընկեր երկրներին այս գործընթացն ավելի պատշաճ և անկորուստ անցնելու համար: Իսկ Ռուսաստանն այստեղ բնութագրվում է` որպես բացասական և կոշտ գործոն, հետևաբար` գործընկեր երկրներին կառաջարկվեն ավելի փափուկ մոտեցումներ:
– Իսկ սա կարո՞ղ ենք դիտարկել որպես փորձ` պարզապես փրկելու ԵՄ-ի ԱլԳ ծրագիրը:
– Ճիշտն ասած` փրկելու կարիք չկա: Եթե նույնիսկ այն երկրները, որոնք այսօր պատրաստ չեն ստորագրելու Ասոցացման պայմանագիրը, շարունակում են այդ գործընթացը: Նույնիսկ Բելառուսի և Ադրբեջանի հարցով ամեն ինչ կորած չէ:
– Բայց չէ՞ որ Վիլնյուսի գագաթաժողովն, ըստ էության, տապալվեց:
– Ես չէի ասի, որ տապալվեց: Վիլնյուսը բացահայտեց այն խնդիրները և խոչընդոտները, որոնք չէին երևում: Այսինքն` եկեք դրական տեսանկյունից նայենք հարցին:
Առանձնացնենք միայն Հայաստանի հարցը: Հայաստանն իրեն շատ տարօրինակ պահեց, ես ինչ-որ տեղ կհասկանայի, եթե Հայաստանը մեկ տարի էլ ժամանակ խնդրեր, որ ավելի շատ ուսումնասիրի և պատրաստի այդ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը և Ասոցացման պայմանագիրը, բայց Հայաստանը ոչ միայն չմիացավ, այլև ջուրը գցեց չորս տարվա աշխատանքը և գնում է մի ուղղությամբ, որն ինչ-որ փուլից հետո անդառնալի է լինելու:
Ես փորձում եմ լավատես լինել ցանկացած փուլում: Մինչև Մաքսային/Եվրասիական տնտեսական միություն մտնելը ժամանակ կա. ոմանք ասում են` մինչև մայիս, ոմանք էլ` մինչև հաջորդ տարվա հունվարի 1-ը, որ մենք համոզենք և համոզվենք, որ ՄՄ-ն վնաս է Հայաստանին:
Եվ այս գործընթացը, որը ԵՄ-ն այժմ առաջարկում է` նոր կետերով, նաև կօգնի մեզ, որ հետ կանգնենք այս որոշումից: Ընդ որում, Ռուսաստանում, Ղազախստանում և Բելառուսում արդեն բացասական գնահատականներ են հնչում Հայաստանի, և, եթե ուշադիր լսենք, նույնիսկ կառավարության անդամների հասցեին: Նրանք, իհարկե, չեն կարող դեմ գնալ Սերժ Սարգսյանին կամ Պուտինին, բայց նույնիսկ այդ գնահատականներից պարզ է դառնում, որ ՄՄ-ն եթե ոչ` կործանարար, ապա` գոնե վնասակար է լինելու Հայաստանի համար:
– ԵՄ-ն կոնկրետ ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանին: ԵՄ անդամ-պետություններն «ավելի քիչ հավակնոտ երկրների», առաջին հերթին` Հայաստանի համար ցանկանում են պատրաստել «տարբերվող» կամ «տարբերակված» հայեցակարգ` նախկինում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կնքված «Գործընկերության և համագործակցության համաձայնագիր +» («PCA+») ձևաչափով: Ի՞նչ կարող է սա լինել:
– Մենք կարող ենք ավելի պարզ խոսել, որովհետև Հանրապետական կուսակցության անդամներ չենք: Նրանք ասում էին` «ի՞նչ է եղել, ի վերջո, մենք ստորագրելու ենք այդ պայմանագիրը», բայց պետք է հաշվի առնենք, որ այն համաձայնագիրը, որը մեզ առաջարկում էին, Հայաստանի համար այլևս չի լինելու: Իսկ այս համաձայնագրին որքան էլ «պլյուս» դնես, միևնույն է, ավելի ցածր է լինելու, քան Ադրբեջանինը:
«Պլյուս»-ը նշանակում է, որ, օրինակ, Զիմբաբվեից կամ Բուրկինա Ֆասոյից ավելի բարձր է լինելու, ի վերջո, մենք անմիջապես առնչվում ենք Եվրոպայի հետ` տարբեր ծրագրերով` ԱլԳ, Հարևանության, և այլն: Հետո էլ մենք 4 տարի աշխատանք ենք տարել: Բայց հատկանշական է այն փաստը, որ այստեղ որևէ խոսք չկա Մաքսային միության մասին, ինչո՞ւ, որովհետև տնտեսագիտությունից, մակրոկառուցվածքից, տնտեսական մոդելներից մի փոքր հասկացող մարդը կհասկանա, որ Հայաստանը վերջին 23 տարիների ընթացքում կառուցում էր այն մոդելը, որը համահունչ է եվրոպական մոդելին: Իսկ եվրոպական մոդելի հիմքում դրված են ազատ մրցակցությունը, ազատ շուկայական հարաբերությունները և սպառողի շահերի պաշտպանությունը: Իսկ այն մոդելը, որը Հայաստանի իշխանությունները փորձում են ստեղծել 3-4 ամսում` արագացված տեմպերով, հնարավոր չէ անել:
Հնարավոր չէ, որ դու եվրոպական մոդելից հետ գնաս մոտավորապես խորհրդային համակարգին, որտեղ կպաշտպանվեն, այսպես ասած, ազգային արտադրողի շահերը:
Այս մոդելից արդեն շատ վաղուց հրաժարվել են նույնիսկ նախկին սոցիալիստական ճամբարի երկրները:
Ռուսաստանն առանձնահատուկ երկիր է, սա այն երկիրն է, որը գումար է արտահանում, օգտագործում է այդ գումարը` սոցիալական ձևերով և տեղական արտադրողին խրախուսելով, և մյուս կողմից` դրա համար ստեղծում է բարձր մաքսատուրքեր: Հայաստանի համար սա կործանարար է: Անհնար է, ուղղակի չի աշխատելու: Սա` առաջինը:
Երկրորդը` այսքան կարճ ժամանակում իրոք հնարավոր չէ փոխել մոդելը, դա հատկապես չեն կարող անել այն մարդիկ, ովքեր այսօր աշխատում են կառավարությունում: Նրանք նույնիսկ չգիտեն` Հայաստանն ինչ մոդել ունի, այդ մարդիկ ծառայողներ են աշխատել` «կլերկներ», իսկ «կլերկը» չի կարող մոդել փոխել, նա միայն վերցնում է թուղթը և ինչ-որ բաներ է անում դրա հետ: Եվ շատ հավանական է, որ մի փուլից հետո կերևա, որ Հայաստանը պատրաստ չէ մտնելու ՄՄ:
– Եվրոպացիները սա՞ են հաշվի առնում:
– Չէ, հարցը հաշվի առնելը չէ: Հարցն այն է, որ քանի դեռ Հայաստանը ՄՄ լիարժեք անդամ չէ, նրա հետ գործում են այն սկզբունքներով, ինչպես կգործեն ցանկացած ոչ ՄՄ անդամ երկրի հետ: Բայց այն պահից, երբ Հայաստանը դարձավ ՄՄ անդամ, կանոնները, որոնք հիմնականում նշված են Ասոցացման պայմանագրում, հնարավոր չի լինի աշխատեցնել: Ընդ որում, կա նաև մի համակարգ, որը կոչվում է` «Ընդհանուր արտոնությունների համակարգ» (Generalized System of Preferences, GSP, այս տարի պետք է լիներ «GSP+»), որը Հայաստանի նման երկրներին թույլ է տալիս իր արտադրանքը սերտիֆիկացնել եվրոպական ձևով և արտոնյալ պայմաններով արտահանել Եվրամիության շուկա: Երբ Հայաստանը դառնա ՄՄ անդամ, այս ծրագիրը շատ դժվարությամբ կաշխատի մեզ համար:
– ԱլԳ 20 կետերից մեկում նշված է, որ անհրաժեշտ է Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ զարգացնել Միասնական տնտեսական տարածքի մոդել: Սա Հայաստանի հետ առնչություն ունի՞:
– Ցավոք, արդեն ոչ, որովհետև Հայաստանը պետք է աշխատի այն փաստաթղթի վրա, որն իրեն առաջարկել են 4 տարի առաջ: Այսինքն` պետք է հասկանանք տարբերությունը` տնտեսական ընդհանուր համակարգ և Մաքսային միություն: Այդ ընդհանուր համակարգում գործում է մեկ օրենք` բոլոր երկրներում արտադրված ապրանքը պետք արտադրվի նույն չափանիշներով:
Իսկ ՄՄ-ն ասում է` ինչ ուզում ես` արտադրի, պարզապես յուրաքանչյուր ապրանք, որը հատում է մեր սահմանը, պետք է անցնի Եվրասիական հանձնաժողովի որոշած մաքսատուրքով, ոչ թե քո` ինքնիշխան պետության որոշած մաքսատուրքերով: Սա ջարդում է մեր բոլոր միջազգային պայմանավորվածությունները, իսկ մենք 60-70 երկրների հետ ունենք երկկողմանի համաձայնագրեր, որտեղ նշված է` ինչպես ենք առևտուրը կազմակերպում: Բացի այդ` Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև ստանձնած պարտավորություններ ունենք, և այլն:
Բայց առայժմ ԵՄ-ն շարունակում է իր քաղաքականությունն առաջ տանել` երկրների համար հնարավորություն ստեղծելով արտադրել եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք և ունենալ լրացուցիչ ներդրումներ` արտադրելու այն պահանջարկը, որն ունի ԵՄ շուկան:
– Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կբնորոշեք Եվրոպայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ` սեպտեմբերի 3-ի հայտարարությունից և վիլնյուսյան գագաթաժողովից հետո:
– Ես զգում եմ, որ պայմաններն են փոխվել: Հայաստանը կորցրեց նույնիսկ այն զոհի կարգավիճակը, որը սկզբում կար, այսինքն` ԵՄ-ն ասում էր, թե Հայաստանը չի ստորագրել Ռուսաստանի ճնշումների պատճառով: Հիմա Հայաստանի իշխանությունը բացահայտ ասում է, որ Մաքսային միություն մտնելը «մեր ազգի դարավոր երազանքն է եղել»: Եվրոպացիները սա հասկացան և կամաց-կամաց ձեռք են քաշելու, և արդյունքներն արդեն կան, արդեն երևում է, որ եվրոպական այս կամ այն կառույցում փոխվում է Եվրոպայի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Հաջորդ քայլը լինելու է ֆինանսական ինստիտուտների ավելի վատ վերաբերմունքը: Այստեղ պետք է նկատենք, որ Մաքսային/Եվրասիական միությունը, կամ, ավելի շուտ կարելի է ասել` Ռուսաստանը փորձում է ԵՄ-ի հետ ստեղծել այն պայմանները, որոնք մեզ մոտ արդեն պատրաստ էին, որովհետև Ռուսաստանն ինքը չի կարողանում այս պայմաններով դիմակայել ԵՄ-ին:
Բոլոր դեպքերում ես փորձում եմ լավատես լինել, ես զգում եմ, որ միայնակ չեմ. արդեն շատ տնտեսագետներ ու փորձագետներ և նաև ՀՀ կառավարության անդամները բարձրաձայնում են, որ անհնար է այդպիսի կարճ ժամանակահատվածում ՄՄ անդամ դառնալ: Ուստի, մենք օրակարգից պետք է չհանենք ԵՄ-ի ևս մի ժեստը, ևս մի առաջարկը: