Բաժիններ՝

Արմեն Մովսիսյանի բլեֆն ու ծիծաղելի 42 միլիոնը

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների շրջանում լարվածությունը հետզհետե մեծանում է, և կրքերը որոշ չափով հանդարտեցնելու համար` էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, մեր տեղեկություններով, խոստացել է, որ մինչև փետրվարի 15-ը 1 ամսվա աշխատավարձ կվճարվի: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նաիրիտցիներն արդեն չեն հավատում նախարարին՝ հաշվի առնելով անցյալի դառը փորձը: Ա.Մովսիսյանն արդեն ոչ մեկ անգամ է խոստումներ շռայլել նաիրիտցիներին, որոնք իրականություն չեն դարձել: Գործարանի աշխատակիցների թերահավատությունն ավելի են բորբոքել այն լուրերը, որ շուտով Մովսիսյանն այլևս չի զբաղեցնելու նախարարի աթոռը և որպես դեսպան` կգործուղվի Իրան:

«168 Ժամի» հետ զրույցում մեկնաբանելով իր մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերը՝ Ա.Մովսիսյանը հայտարարեց, թե ինքն էլ է լրատվությունից իմացել, որ «նման լուրեր են պտտվում»:

Նկատենք, որ, ինչպես արդեն գրել էինք, մեր աղբյուրների համաձայն` բոլորովին վերջերս Ա.Մովսիսյանը «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Հովիկ Հախինյանին «սաստել» էր, թե` այլևս աշխատավարձ չուզեք, փոխանցում չի լինելու: Տրամադրությունների նման փոփոխությունը լիովին բացատրվում է դեսպանության պայծառ հեռանկարով. չէ՞ որ, եթե Մովսիսյանը դեսպան նշանակվի, ապա իր ուսերից հաջողությամբ կթոթափի «Նաիրիտ» գործարանի «բեռը», իսկ նման խոստում տալը պարզապես բլեֆ է ու ժամանակ ձգձգելու փորձ:

Ամեն դեպքում՝ նաիրիտցիները որոշել են մի քանի օր էլ ժամանակ տալ իշխանություններին: Օրերս էլ ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը տեղեկացրել էր, որ ներկա պահին բանակցություններ են ընթանում մի շարք քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչների հետ` «Նաիրիտ» գործարանի վերագործարկման և աշխատակիցների աշխատավարձների ուշացման խնդրում միասնական պահանջներ ներկայացնելու հարցում:

Եթե մինչև փետրվարի 10-ը Սերժ և Տիգրան Սարգսյանների կողմից հստակ պատասխաններ չներկայացվեն «Նաիրիտ» գործարանի վերագործարկման և աշխատակիցների աշխատավարձերի ուշացման հարցում, փետրվարի 11-ին կկազմակերպվի միասնական երթ-ցույց:

Ի դեպ, վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբորը «Նաիրիտից» վճարված 42 մլն դրամ վերջնահաշվարկի մասին տեղեկության մեր հրապարակումից հետո, անցած շաբաթ, բոլոր հնարավոր լրատվամիջոցներով հերքումների ալիք բարձրացավ, թե` դա «իրականությանը չի համապատասխանում», «սադրանք է», «42 մլն դրամ վերջնահաշվարկն աբսուրդ գումար է, որ գոյություն չունի, պարտքը շատ ավելի փոքր գումար է կազմում», և հայտարարվեց, թե վարչապետի եղբայր Աշոտ Սարգսյանը վերջնահաշվարկ չի ստացել, «նա այդ գումարը ստանում է այնպես, ինչպես ստանում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ ղեկավար անձնակազմը` իր ամսական աշխատավարձի 50 տոկոսը, և այն ժամանակ, երբ ընկերությունը աշխատավարձի ստացման համար միջոցներ է հայթայթում»:

Մենք նաև գրել էինք, որ ի հեճուկս «Նաիրիտի» ղեկավարության` մեր աղբյուրները պնդում են` վերջնահաշվարկի վճարումը փաստ է, և չափը 42 մլն դրամ է: Ընդ որում, այս գումարը բոլորովին էլ աբսուրդային չէ. գործարանի փոխտնօրենների աշխատավարձը 3.5 մլն դրամ է (այս մասին տարիներ շարունակ բազմաթիվ անգամներ գրվել է մամուլում և ոչ մի անգամ հերքում չի եղել):

Աշխատանքից ազատման պահին Աշոտ Սարգսյանին գործարանը պարտք է եղել մոտ 12-13 ամսվա աշխատավարձ, հավելած` չօգտագործված արձակուրդային օրերի համար վճարը, որը շուրջ 4.5-5 մլն դրամ է կազմել, և մոտավորապես այդքան էլ կազմել են պահումները, պարզ հաշվարկի արդյունքում` ստացվում է 42.000.000 դրամ:

Սոցցանցերում քննարկումների ժամանակ «Նաիրիտի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը պնդել է, թե «ցանկացած աշխատակցի աշխատավարձի չափը կոմերցիոն գաղտնիք է` հրապարակման ոչ ենթակա, և նույնիսկ սեփական աշխատավարձը չհրապարակելու մասին փաստաթուղթ է ստորագրել յուրաքանչյուր նաիրիտցի», ու միաժամանակ էլ, «ամենայն պատասխանատվությամբ» հավելել է, թե` «որպես պաշտոնատար անձ, ով գիտի, թե որքան է ամենաբարձր աշխատավարձը, նույնիսկ այդ ամենաբարձրի դեպքում` այս թիվն աբսուրդ է»:

Սակայն, Ա.Հարությունյանը պետք է նաև լավ իմանա, որ լուրերը, առավել ևս` այս կարգի անարդարությունների մասին, արագ են տարածվում, ու վարչական աշխատողների աշխատավարձերի չափի մասին յուրաքանչյուր նաիրիտցի քաջատեղյակ է:

«Բամբասանքի» ու «ենթադրությունների» դաշտից դուրս գալու համար «168 Ժամը» նախկինում մի քանի փորձ է արել, ցավոք՝ անհաջող: Մասնավորապես` 2013 թ. օգոստոսի 5-ին մենք հարցում էինք ուղարկել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ լրատվական ծառայություն՝ խնդրելով պատասխանել մի քանի հարցերի, այդ թվում՝ գործարանի վարչական ապարատի աշխատակիցների քանակի, տնօրենի տեղակալների աշխատանքային պարտավորությունների և աշխատավարձի դրույքաչափի մասին: Մեր հարցմանը պատասխան այդպես էլ մինչ օրս չենք ստացել, իսկ Ա.Հարությունյանը հեռախոսազրույցում պատճառաբանել էր, թե գործադիր տնօրեն Հովիկ Հախինյանը «գերզբաղված է»:

Հարց է ծագում, թե ինչո՞ւ է «Նաիրիտի» գործադիր տնօրեն Հ.Հախինյանը համառորեն խուսափում ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումից և չի ցանկանում «հիմնավորապես-պաշտոնապես ժխտել կամ բացատրություններ տալ» ու թույլ է տալիս, որ «յուրաքանչյուրը ենթադրի` ինչ ուզում է»:

Դեռ 2010-ին «Հայկական Ժամանակը» գրել էր, որ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը, ով շուրջ 1.5 տարի եղել է «Նաիրիտի» տնօրեն, գործարանի գործող տնօրեն, աշխատավարձի՝ 9 միլիոն դրամի մասին ասել էր, որ «Նաիրիտում» ստեղծված իրավիճակում եթե տնօրենն իրեն գրի 9 միլիոն, ապա դա անբարոյականություն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս