Սերժ Սարգսյան. Վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած իրադարձություններն ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում գործարարության համար (լուսանկարներ)

Պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանն այսօր Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարությունում մասնակցել են հայ-չեխական գործարար համաժողովին:

Նախագահները ողջունել են նման ձևաչափով գործարարների հանդիպումը և դրա շրջանակներում ստորագրվելիք փաստաթղթերը: Նախագահ Զեմանը կարևորել է հատկապես Հայաստանի և Չեխիայի առանձին տարածաշրջանների միջև ստորագրվելիք համաձայնագրերը, որոնք լավ հիմք են ստեղծում ապակենտրոնացված համագործակցությունը զարգացնելու համար: Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը համակարծիք են եղել, որ հայ-չեխական տնտեսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, և այն լիարժեք օգտագործելու համար զգալի դեր են վերապահել գործարարներին՝ վստահեցնելով, որ երկուստեք պետականորեն հնարավորինս կխրախուսեն գործարարների միջև կապերի ընդլայնումն ու փոխգործակցության զարգացումը:

Serj Sargsyan-Praha1254

Serj Sargsyan-Praha66

Serj Sargsyan-Praha

Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսական հնարավորությունները, գործարար և ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ աշխատանքները, նախաձեռնված լայնամասշտաբ տնտեսական բարեփոխումները, որոնց արդյունքներն իրենց արտացոլումն են գտել նաև միջազգային վարկանիշային զեկույցներում: Դրանց համաձայն, Հայաստանը մասնավորապես` Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակված «Դուինգ Բիզնես»-2014 տարեկան զեկույցում 185 երկրների շարքում գրավում է 37-րդ տեղը: Անդրադառնալով ՀՀ տնտեսական հնարավորություններին՝ Հանրապետության Նախագահն ասել է. «Ես կարծում եմ, որ վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած իրադարձություններն ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում գործարարության համար: Առաջինը 2013թ. սեպտեմբերի 3-ի մեր որոշումն էր միանալ Մաքսային միությանը, այլ կերպ ասած՝ դա մեր որոշումն էր միանալ 200 միլիոնանոց շուկային:

Երկրորդը դեկտեմբերին Եվրոպական խորհրդարանի կողմից արտոնյալ առևտրային ռեժիմի վերահաստատումն էր, ի թիվս 9 երկրների, նաև Հայաստանի Հանրապետության հետ: Այսինքն մենք կարող ենք լինել կապող կամուրջ՝ ունենալով ազատ տեղաշարժ ապրանքի, աշխատուժի, ֆինանսների Մաքսային միության հետ, մյուս կողմից ունենալով առևտրի արտոնյալ պայմաններ Եվրամիության անդամ երկրների հետ: Ես կարծում եմ, որ չափազանց կարևոր հանգամանք է, որ և՛ պարոն Զեմանը, և՛ ես խորապես շահագրգռված ենք, որպեսզի մեր երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն ունենան արագ աճ»:

Serj Sargsyan-Praha0236

Serj Sargsyan-Praha05

Գործարար համաժողովի ժամանակ Հայաստանի և Չեխիայի նախագահները հանգամանորեն անդրադարձել են նաև զարգացման հեռանկար ունեցող համագործակցության ոլորտներին, այդ թվում՝ նշելով էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, սննդարդյունաբերությունը, ոսկերչությունը և այլն:

Նախագահ Զեմանը նշել է, որ շնորհակալությամբ է ընդունել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ այցելել Հայաստան և վստահեցրել է, որ այդ այցի ժամանակ իրեն կուղեկցի չեխ գործարարների ներկայանալի պատվիրակություն, և երկու երկրների գործարարների հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում:

Serj Sargsyan-Praha23

Serj Sargsyan-Praha85

Չեխիայի մայրաքաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Չեխիայի ամենահին վանքերից մեկը՝ Ստրահովի վանական համալիր: Այստեղ Նախագահին ծանոթացրել են համալիրի հիմնադրման պատմությանը, վանքի տարածքում տեղակայված ազգային գրականության թանգարանին, Ստրահովի գեղարվեստական ցուցասրահին և վանքում շուրջ 800 տարի գոյություն ունեցող հսկայական գրադարանին, որտեղ պահվում են ավելի քան 2500 ձեռագրեր և 130.000 գրքեր: Հանրապետության Նախագահը եղել է նաև համալիրի 1140-1143թթ. հիմնադրված Մարիամ Աստվածածնի համբարձման տաճարում:

Տեսանյութեր

Լրահոս