Հիջաբ, աշխարհիկություն և քաղաքականություն. Սերգեյ Մարկեդոնովը՝ Ադրբեջանում բռնկված բողոքի ցույցերի մասին
«Հիջաբը, իսլամը և քաղաքականությունն Ադրբեջանում» վերտառությամբ գրառմամբ ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է Ադրբեջանում բռնկված բողոքի ցույցերին։
Նա նշել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Հանրապետության Նախարարների կաբինետի թիվ 309 որոշմամբ դպրոցական համազգեստի կրման կանոններում լրացումներ կատարվեցին՝ արգելելով այնպիսի հագուստի տարրերը, որոնք խախտում են համազգեստի միասնականությունը և «չեն համապատասխանում ընդհանուր միջնակարգ կրթության աշխարհիկության սկզբունքին»։
Նրա դիտարկումների համաձայն՝ այս որոշումից հետո գրանցվեցին դեպքեր, երբ սահմանված կանոններին չհամապատասխանող հագուստով դպրոցական աղջիկներին թույլ չտվեցին մասնակցել դասերին։ Ուստի, նրա փոխանցմամբ, դրան հաջորդեց նոր քայլը։ Հոկտեմբերի 6-ին Նախարարների կաբինետը հաստատեց հագուստի վերաբերյալ պահանջներ ոչ միայն աշակերտների, այլև ուսուցիչների համար, արդյունքում՝ նորամուծությունները դժգոհություն առաջացրին։
«Նախևառաջ պետք է նկատի ունենալ, որ այս խնդիրը չի առաջացել ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր։ Կրթության ոլորտում հագուստի կանոնների շուրջ վեճերը, ինչպես նաև այդ հարցի քաղաքականացումն արդեն իսկ եղել են։ Տեղի են ունեցել նաև, այսպես կոչված, ինքնագործունեության դեպքեր։ 2010 թվականի նոյեմբերին Ադրբեջանի կրթության նախարարությունն արգելեց միջնակարգ դպրոցների աշակերտուհիներին հիջաբ կրել՝ պատճառաբանելով, որ այն դպրոցական համազգեստի բաղադրիչ չէ։ Հանրապետության իշխանությունների այս քայլը մի շարք բողոքի ցույցերի պատճառ դարձավ։
2010 թվականի դեկտեմբերին տեղի ունեցան հիջաբի պաշտպանությանն ուղղված ցույցեր, որոնք չսահմանափակվեցին միայն Բաքվով։ Այսպիսով, թեման նոր չէ»,- արձանագրել է վերլուծաբանը։ Սակայն, ըստ նրա, այսօր իրավիճակին լրացուցիչ սրություն են հաղորդում մի քանի հանգամանքներ։
«Ադրբեջանը հետևողականորեն իրականացնում է հանրապետության աշխարհիկ սկզբունքների ամրապնդման քաղաքականություն։ Հետխորհրդային ադրբեջանական պետությունը փորձում է իրեն ներկայացնել որպես 1918-1920 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (ԱԴՀ) պետական ավանդույթների շարունակող։ Սակայն առաջին հանրապետությունն աշխարհիկ պետություն էր։ Ադրբեջանի իշխանությունները չեն փորձել և չեն փորձում իսլամը դուրս մղել ազգային ու պետականաշինության գործընթացից։
Միևնույն ժամանակ նրանք ձգտում են կրոնի դերը սահմանափակել մշակույթի, պատմության և ինքնության շրջանակներով՝ թույլ չտալով, որ այն դառնա արդիական քաղաքականության գործոն։ Սակայն ադրբեջանական հասարակության ոչ բոլոր շերտերն են ընդունում այս մոտեցումը, նույնիսկ, եթե դրա հետ համաձայն չեղողները միշտ չէ, որ իրենց դիրքորոշումը հրապարակայնորեն արտահայտում են»,- գրում է Մարկեդոնովը։ Նրա կարծիքով, ոչ պակաս կարևոր են նաև արտաքին գործոնները։
«Ադրբեջանը զարգացնում է Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունը, միաժամանակ ակտիվորեն համագործակցելով Իսրայելի հետ, հատկապես ռազմատեխնիկական ոլորտում։ Դժվար է պատկերացնել, որ այս հանգամանքներն աննկատ են մնում հանրապետության ներսում գործող իսլամական շարժումների համար։ Ի դեպ, այդ շարժումները, մեղմ ասած, առանձնապես բարեհաճ չեն վերաբերվում հրեական պետությանը։ Իսկ Թուրքիան այսօր, մեղմ ասած, նույնպես Թել Ավիվի բարեկամը չէ։
Բայց ամեն ինչ միայն Թուրքիայով չի սահմանափակվում։ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները եղել են և շարունակում են մնալ չափազանց բարդ ու բազմաշերտ։ Ընդ որում՝ Իրանն ու Ադրբեջանն իսլամական աշխարհի այն չորս երկրներից երկուսն են, որտեղ մահմեդական հավատացյալների մեծամասնությունը շիա է։
Ներկայիս իրադարձություններից կարելի է մի քանի եզրակացություն անել։
Առաջին՝ պետք չէ հրապուրվել, այսպես կոչված, հասարակական վերելքով։ Բողոքի այս ակտիվությունը որևէ առնչություն չունի լիբերալիզմի և ժողովրդավարության հետ՝ այդ հասկացությունների համընդհանուր ընդունված իմաստով։
Երկրորդ՝ Ադրբեջանի նման երկրներում արևմտամետ լինելը կարող է համատեղվել ավտորիտարիզմի և ազգայնականության հետ։ Փոխարենը՝ պետությունը կարող է լինել աշխարհիկ։
Միևնույն ժամանակ ժողովրդավարական սկզբունքներից շեղումներին կարող են համաձայնել թե՛ մտավորականները, թե՛ շարքային քաղաքացիները, եթե դրա դիմաց պահպանվի կայունությունը և կանխվեն ներքին՝ կրոնական ու էթնիկ հակամարտությունները։ Մի խոսքով՝ պետք է ավելի բարդ ու բազմակողմանի մտածել։ Շատ առումներով Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիան նույնպես նման ճանապարհ է անցել։
Տարիներ անց Թուրքիան ստիպված եղավ վերագնահատել կրոնական գործոնի և պատմության նշանակությունը, այդ թվում՝ ընդունելով պատմական կայսերական այն պատմույթների կարևորությունը, որոնք նախկինում անընդունելի էին հանրապետական գաղափարախոսության համար։ Մի խոսքով՝ փորձ է պետք կուտակել, իսկ դա ամենևին էլ այդքան հեշտ չէ»,- գրել է Մարկեդոնովը։

