Բաժիններ՝

Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել

Գերմանիայի Նյուրնբերգի օդանավակայանում թռիչքների դադարեցման պատճառը ինքնաթիռի հնարավոր առևանգման մասին հաղորդումն էր․ անձնակազմը փոխանցել էր 7500 ծածկագիրը, որը նշանակում է օդանավի առևանգում, ինչից հետո օդաչուն դադարել էր ռադիոկապով կապ հաստատել, հաղորդում են Բավարիայի ոստիկանության մամուլի ծառայությունից։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հայտարարվել էր տագնապ, և գործի էին դրվել համապատասխան ծառայությունները։

Ավելի ուշ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Նյուրնբերգում։ Ոստիկանությունը հաստատել է, որ ստացել է օդում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի մասին հաղորդում, սակայն տեղի ունեցածի պատճառները դեռևս չեն հաստատվել։

Օդանավակայանի վարչակազմը հայտնել է թռիչքների ժամանակավոր դադարեցման մասին՝ ավիացիոն արտակարգ իրավիճակի պատճառով։ Այնտեղ լրացուցիչ մանրամասներ չեն ներկայացրել՝ խոստանալով ավելի ուշ հայտնել նոր տեղեկություն։

Գերմանական Bild պարբերականը նույնպես հայտնել է, որ օդանավակայանում օդային երթևեկությունը կարող էր խափանված լինել դեռ գիշերը՝ ենթադրյալ անօդաչու թռչող սարքի հայտնվելու պատճառով։ Պարբերականի տվյալներով՝ երեք օդաչու միմյանցից անկախ հայտնել են նկատված օբյեկտի մասին թռիչքի կամ վայրէջքի ընթացքում։

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք ենթադրյալ անօդաչու թռչող սարքը կապված է 7500 կոդի փոխանցման միջադեպի հետ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031