Հայաստանի զբոսաշրջային ներուժը՝ իշխանությունների կողմից չօգտագործված կապիտալ
Համաշխարհային տնտեսական համաժողովի «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս-2026» նոր զեկույցը հարցեր է առաջադրում Հայաստանի զբոսաշրջության պետական քաղաքականության արդյունավետության վերաբերյալ։
Օրերս հրապարակված այս հեղինակավոր զեկույցի համաձայն՝ Հայաստանը ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսով 110 երկրների շարքում զբաղեցնում է 72-րդ տեղը: Հայաստանի ցուցանիշը 6.4%-ով ցածր է համաշխարհային միջինից և 13.2%-ով զիջում է իր տարածաշրջանի («Եվրոպա և Եվրասիա») միջին միավորին: Ավելին, 2019թ. համեմատ Հայաստանը համաշխարհային վարկանիշային աղյուսակում նահանջել է 8 հորիզոնականով:
Վերջին տարիներին, անշուշտ, արձանագրվում է դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի աճ։ Սակայն միայն այս փաստի հիման վրա չի կարելի հայտարարել, թե ոլորտը դինամիկ զարգացում է ապրում։ Բանն այն է, որ զբոսաշրջիկների թվի աճի կամ նվազման վրա ազդում են ոչ միայն տվյալ երկրի պետական ծրագրերը, այլև տարածաշրջանային/միջազգային իրավիճակը, տրանսպորտային կապերը, միգրացիոն տեղաշարժերը։
Հայաստանի պարագայում զբոսաշրջիկների թվի ավելացմանը նպաստել է Ռուսաստան-Ուկրաինա ռազմական համակարտությունը, ինչը հանգեցրել է ՌԴ-ից քաղաքացիների ներհոսքի։ Բացի այդ, թե՛ ռուս-ուկրաինական հակամարտության, թե՛ Իրան-Իսրայել լարվածության ֆոնին ի հայտ են եկել ավիափոխադրումների փոփոխություններ, Երևանն ինքնաբերաբար վերածվել է օդային տրանզիտային խաչմերուկի։ Որպես կանոն, զբոսաշրջիկը ժամանում է Հայաստան, այստեղ անցկացնում 1-2 օր, այնուհետև Հայաստանից մեկնում եվրոպական որևէ երկիր։ Այս սխեման գործում է նաև Եվրոպայից հետ թռիչքների դեպքում։
Այս գործոնները կարևոր են, բայց դրանց ազդեցությունը չի կարելի ինքնաբերաբար վերագրել կառավարության արդյունավետ աշխատանքին։ Այլ հարց է՝ արդյո՞ք Հայաստանը կարողացել է արտաքին բարենպաստ պայմաններն օգտագործել զբոսաշրջային կայուն պահանջարկ ձևավորելու, միջազգային շուկաներում իր դիրքերն ամրապնդելու և նոր այցելուներ ներգրավելու համար։
Համաշխարհային տնտեսական համաժողովի զեկույցը հենց այս շրջանակում է խնդրահարույց․ զբոսաշրջային հոսքերի աճին զուգահեռ՝ Հայաստանի ընդհանուր վարկանիշը վատթարացել է, ինչը հակասում է զբոսաշրջության ոլորտի հաջողությունների մասին գործող իշխանության պաշտոնական լավատեսական հայտարարություններին։
Քաղաքական հարցադրումը պարզ է. եթե զբոսաշրջիկների թվի աճը ներկայացվում է որպես կառավարության ձեռքբերում, ապա ինչպե՞ս են բացատրվում միջազգային մրցունակության անկումն ու տարածաշրջանային դիրքերի վատթարացումը։ Չէ՞ որ պետական քաղաքականության արդյունավետությունը չափվում է ոչ միայն նրանով, թե քանի մարդ է այցելել երկիր, այլև նրանով, թե որքան գրավիչ, հասանելի և մրցունակ է այն դառնում զբոսաշրջիկների համար։
Եվ հենց այս համատեքստում Հայաստանի դիրքերն առավել խոսուն են դառնում տարածաշրջանային համեմատության մեջ։ Որպեսզի պարզ լինի, թե իրավիճակը որքանով է մտահոգիչ, բավական է Հայաստանի ցուցանիշները համեմատել մեր անմիջական 3 հարևանների հետ: Վրաստանին ու Թուրքիային մոտ ապագայում հասնելու մասին երազելն անգամ լուրջ չէ, Ադրբեջանին Հայաստանն ինդեքսով զիջում է 7.0%-ով և վարկանիշային 14 հորիզոնականով, իսկ Իրանն այս անգամ տվյալների բացակայության պատճառով զեկույցում չի դիտարկվել:
Ի դեպ, նշենք, որ այդ 7.0% տարբերությունն էլ փոքր չէ՝ անցած 7 տարվա ընթացքում (2019-ից ի վեր) Հայաստանի ինդեքսն ավելացել է ընդամենը 1.3%-ով, Վրաստանինը՝ 4.8%-ով, Ադրբեջանինը՝ 2.5%-ով, Թուրքիայինը՝ 6.1%-ով։ Առավել ուշագրավ է վերջին 7 տարիների դինամիկան՝ Հայաստանը մեր տարածաշրջանի 4 երկրներից միակն է, որի վարկանիշային դիրքը 2019թ. համեմատ վատթարացել է:
Այս պատկերը պահանջում է ոչ թե հերթական լավատեսական հայտարարություն, այլ ոլորտային քաղաքականության վերանայում։ Տարածաշրջանում զբոսաշրջիկների համար մրցում են ոչ միայն տեսարժան վայրերը, այլև սպասարկման որակը, տրանսպորտային հասանելիությունը (հատկապես՝ մայրաքաղաքից դուրս), գները, միջազգային ճանաչելիությունն ու անվտանգության վերաբերյալ պատկերացումները։
Միջազգային ճանաչելիության ամենամտահոգիչ պակասի մասին է վկայում զեկույցի «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ռեսուրսներ» ենթաինդեքսը, որտեղ Հայաստանը 110 երկրների շարքում զբաղեցնում է 108-րդ տեղը, այսինքն՝ վերջից 3-րդ հորիզոնականը:
Ընդ որում, այս ենթաինդեքսի Հայաստանի գնահատականը գրեթե կրկնակի զիջում է համաշխարհային միջինին։ Այսպիսի արդյունքը չափազանց մտահոգիչ է, քանի որ կա ձևավորված համընդհանուր կարծիք, որ այս ենթաինդեքսի երեք հիմնասյուներից առնվազն երկուսի՝ «Բնական ռեսուրսների» և «Մշակութային ռեսուրսների» առումով Հայաստանը բավական ամուր դիրքեր ունի։
Մինչդեռ մեր երկիրը 2026-ի արդյունքներով առաջին հիմնասյան գծով 106-րդն է, իսկ երկրորդի գծով՝ 85-րդը:
Այսպիսի խիստ ցածր ցուցանիշները խոսում են պետական մարքետինգային արշավների լիակատար ձախողման մասին. Հայաստանն ունի բազմադարյա պատմամշակութային ժառանգություն և հարուստ բնաշխարհ, սակայն պետական մարքետինգի անարդյունավետության պատճառով անտեսանելի է աշխարհի համար:
Բանն այն է, որ զեկույցում ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ռեսուրսների գնահատման համար հիմք է ընդունվում ոչ թե երկրի պատմամշակութային կամ բնական հարստության փաստացի մակարդակը, այլ դրանց առումով «թվային տեսանելիությունը» (Digital Demand)։
Մինչդեռ, համաձայն ճանապարհորդության և զբոսաշրջության ինդեքսի կայքի տվյալների բազայի՝ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական ժառանգության ցանկում գրանցված օբյեկտ չունի, իսկ մշակութային ժառանգության ցանկում ընդամենը 3 օբյեկտ է գրանցված: Ավելին, առավել հայտնի որոնողական և զբոսաշրջային հարթակներում (Google, Wikipedia, TripAdvisor և այլն) Հայաստանի բնական ու մշակութային գրավչությունների վերաբերյալ գրառումների ծավալը չափազանց փոքր է: Հայաստանը հարևան երկրներին էապես զիջում է՝ ինչպես ենթաինդեքսի, այնպես էլ՝ դրա բոլոր երեք հիմնասյուների գնահատականների առումով։
Պետությունը պետք է կարողանա պատասխանել մի շարք հարցերի․ որքանո՞վ են Հայաստանը և նրա տեսարժան վայրերը ներկայացված համաշխարհային զբոսաշրջային հարթակներում, ինչպե՞ս է չափվում միջազգային գովազդի արդյունավետությունը, ի՞նչ շուկաներ են ընտրված որպես առաջնահերթություն, ի՞նչ արդյունք են տալիս այդ ուղղությամբ ծախսվող միջոցները և այլն։
Պետական ծրագրերի նպատակը պետք է լինի այն, որ Հայաստանը զբոսաշրջիկի համար դառնա ոչ թե պատահականորեն ընտրված կամ տրանզիտային ուղղություն, այլ նախապես պլանավորվող, միջազգային շուկայում ճանաչելի և մրցունակ նպատակակետ։
Զեկույցում մտահոգիչ փոփոխություններ կան նաև «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի քաղաքականություն և նպաստող պայմաններ» ենթաինդեքսում։ Մասնավորապես, զբոսաշրջության ոլորտի առաջնայնությունը բնութագրող հիմնասյան դիրքը վատթարացել է միանգամից 8 հորիզոնականով: Սա վկայում է այն մասին, որ պետությունը ոչ թե ակտիվ կերպով կառավարել է ընթացող պրոցեսները, այլ՝ պարզապես «վայելել է» արտածին գործոնների բարենպաստ ազդեցությամբ զբոսաշրջիկների թվի ավելացման դրական ներգործությունը: Մի խոսքով՝ պետությունը զբոսաշրջությունը պետական կառավարման համակարգում չի դիտարկել որպես երկարաժամկետ տնտեսական զարգացման ուղղություն։
Այս ենթաինդեքսի մյուս հիմնասյան մակարդակը փաստում է, որ դրամի արժևորման և ներքին բարձր գնաճի պատճառով Հայաստանը կորցրել է իր գլխավոր մրցակցային առավելություններից մեկը՝ գնային մրցունակությունը: Ընդ որում, այս հարցը պետք է դիտարկել փաթեթային տրամաբանությամբ՝ եթե Հայաստանում հանգիստը (ավիատոմս, հյուրանոց, սնունդ) թանկանում է, բայց ծառայությունների որակը, ենթակառուցվածքներն ու միջազգային ճանաչելիությունը չեն բարելավվում համարժեք տեմպերով, երկիրը կորցնում է գնային մրցակցության կարևոր առավելություններից մեկը։
Զեկույցի համաձայն՝ վատթարացել է նաև Հայաստանի դիրքը «Նպաստող միջավայր» ենթաինդեքսի «Ապահովություն և անվտանգություն» հիմնասյան գծով. ավանդաբար համեմատաբար բարվոք դիրքեր ունենալուց հետո այժմ արձանագրվել է 8 հորիզոնականի նահանջ: Պատճառն այն է, որ պատկան մարմիններն ի վիճակի չեն եղել չեզոքացնելու Հայաստանի անվտանգային միջավայրի վատթարացման վերաբերյալ տարբեր ապահովագրական և զբոսաշրջային կազմակերպությունների ու պոտենցիալ զբոսաշրջիկների բացասական ընկալումները:
«Ճանապարհորդության և զբոսաշրջության ինդեքս-2026» զեկույցը փաստում է, որ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում առկա է խորը կառուցվածքային ճգնաժամ:
Զեկույցի տվյալները վկայում են, որ Հայաստանը, փոխանակ դառնալու զբոսաշրջության ոլորտի առաջավոր կենտրոն (ինչպես հայտարարում են տարբեր պաշտոնյաներ), գնալով ավելի է զիջում իր դիրքերը զբոսաշրջության ոլորտում։ Փաստացի՝ գործող իշխանություններին չի հաջողվել Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել շոշափելի կապիտալի։ Իսկ վերջին տարիներին արձանագրված զբոսաշրջային հոսքերի էական աճը ոչ թե կառավարության արդյունավետ քաղաքականության արդյունք է, այլ՝ տարբեր արտածին ժամանակավոր գործոնների բարենպաստ ներգործություն:
Երբ Հայաստանից կախվածություն չունեցող արտածին գործոնների ազդեցությունը չեզոքանա, Հայաստանը փաստի առաջ է կանգնելու, քանի որ անհնար է լինելու մրցակցել այլ երկրների հետ՝ ունենալով անմխիթար ենթակառուցվածքներ, չգովազդված տեսարժան վայրեր և չվերահսկվող գնային քաղաքականություն:

