Թուրքիան և արաբական 3 երկիր քննարկում են էներգետիկ խոշոր նախագիծ

Թուրքիան Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Սիրիայի հետ քննարկում է էլեկտրաէներգիայի փոխանցման միջհամակարգային խոշոր նախագիծ։ Ըստ ermenihaber.am-ի՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ նշելով, որ նպատակն է զարգացնել տարածաշրջանային էներգետիկ համագործակցությունը։

Բայրաքթարը, ելույթ ունենալով Էներգետիկայի համաշխարհային խորհրդի 25-րդ համաշխարհային կոնգրեսի շրջանակում, ընդգծել է, որ համաշխարհային էներգետիկ շուկաներում առկա ճգնաժամի և անորոշության պայմաններում երկրների միջև համագործակցությունն ավելի կարևոր է դառնում։

Նախարարի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է ընդլայնել էներգետիկ ոլորտում համագործակցությունը նաև Լիբիայի, Իրաքի, Պակիստանի և Ուզբեկստանի հետ։

Բայրաքթարն ընդգծել է Թուրքիայի էներգետիկ ենթակառուցվածքների առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ Իրաք-Թուրքիա նավթամուղի՝ օրական 1,5 միլիոն բարել թողունակությունը պետք է լիարժեք օգտագործվի։ Քննարկվում է նաև «Անդրանատոլիական գազատարի» (TANAP) ազատ թողունակության օգտագործումը՝ Թուրքիա և նրա տարածքով Եվրոպա ավելի մեծ ծավալով բնական գազ տեղափոխելու համար։

Նախարարը նշել է, որ Թուրքիայի հեղուկացված բնական գազի (LNG) ենթակառուցվածքներում կատարված ներդրումները նոր հնարավորություններ են ստեղծում երկիր ավելի մեծ ծավալով գազ ներմուծելու և այն Եվրոպա մատակարարելու համար։

Անդրադառնալով համաշխարհային էներգետիկ ճգնաժամին՝ Բայրաքթարը հայտարարել է, որ չնայած միջազգային շուկաներում առկա դժվարություններին՝ Թուրքիայում նավթի և նավթամթերքի մատակարարման անվտանգության հետ կապված խնդիրներ չեն առաջացել։ Նրա խոսքով՝ էներգետիկ շուկաների կայունացման համար անհրաժեշտ է զարգացնել միջազգային համագործակցությունը, իսկ տարածաշրջանային լարվածության և պատերազմների ավարտը կարող է նպաստել շուկաների հավասարակշռմանը։

Բայրաքթարը նաև իր աջակցությունն է հայտնել Սաուդյան Արաբիային՝ վերջին շրջանում հութիների կողմից քաղաքացիական օդանավակայանների թիրախավորման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Թուրքիան կանգնած է Սաուդյան Արաբիայի ժողովրդի կողքին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031