Փաշինյանին շտապեցնում են․ Ալիևի՝ հայ հանրության հետ ակտիվ աշխատելու հանձնարարականը գործի է դրվում
«Պատմությունից փախչողը․ հանուն ի՞ր, թե՞ պետության ապագայի» վերտառությամբ հոդվածում անդրադարձել ենք Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի «տնային առաջադրանքին» Նիկոլ Փաշինյանին և վերջինի՝ դրա կատարմանն անցնելուն, որ «պատմությունն այլևս այն չէ, որ տեղի է ունեցել, պատմությունն այն է, …», և, որ «գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել»:
Այս ձևակերպումներով ֆեյսբուքյան համապատասխան գրառումից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ հիմա պետք է կենտրոնանալ նախաստորագրված խաղաղության պայմանագրի վավերացման և վերջնական ստորագրման վրա:
Սրանից առաջ Radio France International-ին տված հարցազրույցում Փաշինյանն արդեն հասցրել էր ասել, որ Շաքիի դեպքը խաղաղության հետ որևէ առնչություն չունի և որևէ կերպ չի կարող կասկածի տակ դնել խաղաղությունը:
«Ինչո՞ւ։ Որովհետև նախ՝ Ադրբեջանը Հայաստանին իրազեկել է, որ իրենց մոտից զինվոր է ինքնակամ լքել ծառայության վայրը, և իրենք փնտրում են ու չեն կարողանում գտնել զինվորին, և դրանից ելնելով՝ կա հավանականություն, որ նա կարող է անցած լինել Հայաստանի Հանրապետության տարածք։ Այս պահին քննությամբ առկա տվյալներով՝ այդ զինվորը անցել է, մտել է մի տուն, մեկ օր գիշերել է այդ տանը, այդ տանը մարդ չի եղել, հետո, երբ տանտերերի երեխաներն են եկել, տեսել են նրան, զանգել են իրենց մայրիկին, տեղեկացրել են, որ տանը օտար մարդ կա։ Այսինքն՝ միջադեպը, կարճ ասած, որևէ կերպ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, խաղաղության գործընթացի հետ որևէ կապ չունի։ Սովորական կրիմինալ իրավիճակ է»,- շարունակել է նա՝ կրկնելով, որ «վերջին 30 տարիների ընթացքում տասնյակ դեպքեր են եղել, երբ երկու կողմերից զինվորներ ուղղակի մոլորվել են մառախուղի կամ այլ պատճառներով և անցել Հայաստանից՝ Ադրբեջան, Ադրբեջանից՝ Հայաստան»:
Նույն ժամանակում ադրբեջանցի զինծառայողի գործողություններից տուժած Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի դեպքից «Ազատությանը», որ «եթե չդիմադրեր, ողջ չէին մնա»:
Կնոջ պատմածը գալիս է հաստատելու ավելի վաղ մեր՝ «Մուսաևը կարո՞ղ է լինել դիվերսանտ․ որքանո՞վ են հիմնավոր Փաշինյանի ու Պապիկյանի պնդումները, և ի՞նչ կփոխի Ալիևի հետ անկաշկանդ զրույցը» վերտառությամբ վերլուծության դիտարկումները՝ եթե անձը գործել է մենակ, կամ՝ ձերբակալության ժամանակ չդիմադրելը հիմք չէ անձին դիվերսանտ չհամարելու համար: Բայցև զենքով ՀՀ սահմանը հատելը, սահմանային արգելապատնեշները հաղթահարելը կամ Հայաստանի տարածքում հանցագործություն կատարելը դեռ ինքնին չի նշանակում, որ կատարվածը դիվերսիա է։ Այսինքն՝ ադրբեջանցի զինծառայողի գործողությունները դիվերսիա՞ են, թե՞ ոչ՝ գնահատելու համար անհրաժեշտ է պատասխանել մի շարք հարցերի։
Ի՞նչ նպատակով է նա հայտնվել Հայաստանի տարածքում։ Ի՞նչ գործողություններ է կատարել և ի՞նչ մտադրություն է ունեցել։ Արդյո՞ք Հայաստանի տարածքում գտնվելու ընթացքում կատարել է դիվերսիոն-հետախուզական առաջադրանք կամ տվյալներ հավաքել։ Արդյո՞ք կապ է ունեցել այլ անձանց հետ կամ գործել է արտաքին ուղղորդմամբ։ Ի՞նչ հանգամանքներում է հայտնաբերվել և ձերբակալվել, և ինչո՞ւ չի դիմադրել։
Բայց մինչև այս ամենը կպարզվեն, մամուլում՝ «Ժողովուրդ» օրաթերթում, տեղեկություններ են շրջանառվում, որ ոչ միայն ՀՀ սահմանը հատած և Շաքիում հանցագործություն կատարած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն իրավապահների մոտ արդարացել է, թե հայ ընտանիքի տուն մտնելիս որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել, և իբր «մի քանի անգամ խնդրել է՝ «թողեք գնամ», սակայն, երբ տանտիրուհին բռնել է իր զենքի առաջամասից, ինքը կրակել է»:
Ավելին, «Ժողովուրդ»-ը գրել է նաև, որ Անի Ավետիսյանին վարկաբեկելու փորձեր են սկսվել տեղական իշխանությունների կողմից:
Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարել էր, որ նա չպետք է տուրք տար մայրական բնազդին, և եթե զանգել էր ոստիկանություն, պետք է սպասեր ոստիկանության գալուն: Իսկ մինչ այդ ինչ կլիներ, Փաշինյանին քիչ է հետաքրքրում, հիմա նրան հետաքրքրում է միայն ձեռքից բաց չթողնել խաղաղության «գործարքը», և կատարել Հաջիևի տված «տնային աշխատանքը», որ պետք է ակտիվորեն աշխատել իր հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ:
Գաղտնիք չէ, որ Բաքվի համար բավարար չէ խաղաղության օրակարգի հաստատումը ՀՀ գործող կառավարության և Նիկոլ Փաշինյանի հետ, նրանք ցանկանում են խաղաղություն հաստատել հայ հասարակության հետ: Եվ այստեղ Շաքիի դեպքը մեծ վնաս է հասցնում հայ հանրության հետ հաշտության ադրբեջանական պլաններին:
Դրա համար է, որ Փաշինյանը մի կողմից ասում է, որ գործով քննիչ չէ, չի կարող որակումներ տալ ադրբեջանցու արարքի բնույթին, մյուս կողմից, ըստ էության, ադրբեջանցի զինվորի կատարածի վերաբերյալ ձեռնտու տպավորություն է ստեղծում, Սասուն Միքայելյանն էլ հայտարարում է, որ գործ ունենք ընդամենը խփնված ադրբեջանցի զինվորի հետ: Իսկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը կարծես թե փորձում է չեզոք դիրք բռնել, որակում չտալ ադրբեջանցու արարքին, ինչն այլ ենթադրությունների տեղիք է տալիս՝ իսկ գուցե պարզվի, որ նրա արարքում դիվերսիոն դրվագներ կա՞ն…
Եվ հենց այս տրամաբանության մեջ է նաև, որ Աժ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին Գաբրիելյանը չհամաձայնեց ընդդիմադիր պատգամավորների առաջարկած որոշման համապատասխան նախագծին, և այն անգամ քվեարկության չդրվեց:
Նախագծով առաջարկվում էր Պաշտպանության, Ներքին գործերի նախարարներից և ԱԱԾ տնօրենից, ըստ վերաբերելիության, պահանջել գրավոր պարզաբանում այն մասին, թե «Պաշտպանության մասին», «Պետական սահմանի մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» և հարակից օրենքներով, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված որ կարգավորումներն են խախտվել, որոնք հանգեցրել են ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ սահմանը հատելուն, և ինչով է պայմանավորված վերջինիս ժամանակին չհայտնաբերելն ու ինչպիսի կարգավորումներ են անհրաժեշտ նմանատիպ դեպքերը հետագայում բացառելու համար:
Բացի այս, առաջարկվում էր նաև գրավոր պարզաբանումները ստանալուց հետո հանձնաժողովում նախաձեռնել աշխատանքային քննարկում, որին կմասնակցեն համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ:
Իհարկե, հարց է՝ որքանով էր ճիշտ ընդդիմադիրների նախաձեռնությունը գրավոր պարզաբանումների առումով, Վիլեն Գաբրիելյանը, սակայն, դեմ չէր, որ ուժային կառույցների ղեկավարները հրավիրվեն ԱԺ, հանձնաժողով և նրանց անձամբ հարցեր տրվեն, հատկապես, երբ Շաքիի դեպքի հետ կապված ինքն էլ որոշ հարցադրումներ ունի: Ամեն դեպքում, հանձնաժողովի անունից կոնկրետ գրավոր պահանջ ներկայացնելը որքան էլ անարդյունավետ դիտարկվի, այն նաև որոշակի, այսպես ասած, պատասխանատվություն է ենթադրում, եթե չասենք՝ պատասխանատվության կանչողի դերում ես գործում:
Արդյո՞ք պետք է դա Վիլեն Գաբրիելյանին, իհարկե՝ ոչ, բայց նույնքան պետք է նաև ընդդիմադիր գործընկերների խոսքից դուրս գալը, ուստի առաջարկվեց այն, ինչի մասին նշեցինք:
Ի դեպ, հարցազրույցներից մեկում նա չի բացառել, որ կարող է առաջ գալ ադրբեջանցի զինվորի փոխանակման հարց, թեև զինվորների հարցերն անջատ են մյուս հարցերից: Ալիևը կփոխանակի՞ մեկ զինվորին Բաքվում պահվող հայերի՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության հետ, դժվար է պատկերացնել:
Բայց եթե անգամ Ադրբեջանում պահվող շարքային քաղաքացու հետ էլ համաձայնի փոխանակել, ուրեմն՝ կարող ենք ենթադրել, որ ադրբեջանցի զինվորը պետք է Ալիևին, սովորական զինվոր չէ՝ կամ ստացած առաջադրանքների, կամ իր երկրում ներքին վիճակը չսրելու առումով: Սպասենք զարգացումներին:
Վերադառնանք Նիկոլ Փաշինյանին, և նրա առաջարկին: Ինչպե՞ս են իշխանությունները կենտրոնանում խաղաղության պայմանագրի ստորագրման վրա, երբ Բաքուն այս դեպքում առաջնային պայման է դիտում ՀՀ սահմանադրությունից Անկախության հռչակագրի դուրսմղումը, իսկ միայն տարեվերջին պետք է հրապարակվի փոփոխությունների տեքստը, բայց այն դեռ պետք է ընդունվի՝ կամ հանրաքվեի միջոցով, կամ… Իսկ Փաշինյանի ուժը չունի սահմանադրական մեծամասնություն ԱԺ-ում, ի՞նչ սպասել:
Դեռ ամիսներ առաջ ենք գրել, որ Ալիևը շտապեցնում է Փաշինյանին և հուշել է՝ ինչպես առանց հանրաքվեի ՀՀ սահմանադրությունից հեռացնել Անկախության հռչակագիրը:
Արդյո՞ք իրատեսական է Ալիևի հորդորը՝ ընդդիմությունից փորձել ձայներ գողանալ: Բայց մի բան պարզ է՝ Ալիևը շտապեցնում է Փաշինյանին, և այսուհետև Փաշինյանն առավել հետևողական է «աշխատելու» շարքային հայի հետ, որովհետև գուցե նաև շտապում է Ալիևը: Ով գիտի: Եվ հետո՝ դեռ հստակ չէ, թե խաղաղության պայմանագրի կնքումից հետո արդյո՞ք պետք են գալու Փաշինյանի «ծառայությունները», ՀՀ-ում նրա իշխանության մնալը, այս հարցը կյանքի իրավունք ունի, չէ՞…

