Բաժիններ՝

«Եղիշե Թադևոսյանը համարվում է իմպրեսիոնիստական մաներայի վարպետ»

«ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնը և «hi-artonline.com» նախագիծը ներկայացրել են հետաքրքիր մի ցուցահանդես, որը ոչ միայն գեղանկարչական ժառանգության մի հարուստ նյութ է, այլև վավերագրություն է: «Ոսկե դար» ցուցասրահում (Սպանդարյան 5) ներկայացվել են մեծագույն նկարիչ, ռեալիստ, իմպրեսիոնիստ Եղիշե Թադևոսյանի ստեղծագործությունները, արխիվային նյութերն ու նրա կենսագրական դրվագները նկարագրող փաստաթղթեր:

Հարկ է նկատել, որ 1890-ականների սկզբին Ե. Թադևոսյանն առաջինն է կիրառել իմպրեսիոնիզմին հատուկ գունային լուսաօդային միջոցներ և լինելով երփնագրող` նա նաև գրաֆիկական, կիրառական արվեստի, խճանկարի, մանրաքանդակի հանճարեղ աշխատանքներ է կատարել: «Եղիշե Թադևոսյանի այս հրաշալի ստեղծագործություններն այսօր Հայաստանում են գտնվում կոլեկցիոներ Վահագն Գրիգորյանի շնորհիվ:

Exishe Tadevosyan (13)

Այս փաստագրական արխիվային նյութերը, աշխատանքները Վ. Գրիգորյանը երկարատև ջանքերի շնորհիվ ձեռք է բերել Վրաստանից: Ինչպես տեսնում եք` ցուցահանդեսի կոնցեպցիան մի քիչ անսովոր է, որովհետև ներկայացրել ենք թե՛ նրա հանճարեղ էտյուդները, թե՛ կենսագրական տվյալների փաստագրությունը: Թադևոսյանի ցուցահանդեսով հետաքրքրված են թե՛ երիտասարդները, թե՛ ավելի ավագ սերունդները: Նկարիչները, արվեստաբանները փորձում են ներկայացված ամբողջ այս նյութը վերլուծել, ուսումնասիրել, քանի որ նա նկարչական յուրատիպ լեզու, փիլիսոփայություն է ժառանգել:

Կարդացեք նաև

Exishe Tadevosyan (12)

Exishe Tadevosyan (9)

Այս ցուցահանդեսով կարծես ներկայացվում է գեղանկարչության ամբողջական մի դպրոց»,- ասում է «ԱԱ Աուկցիոն» կենտրոնի տնօրեն Աննա Գրիգորյանն՝ ընդգծելով, որ Ե. Թադևոսյանի ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 28-ը:

Եղիշե Թադևոսյանի արվեստը վերծանել է աշխարհի ճանաչողությունը

Ե. Թադևոսյանը Մոսկվայում 1896 թվականին մասնակցել է «Պերեդվիժնիկների» 24-րդ ցուցահանդեսին և Մոսկվայի Արվեստագետների ընկերության միությունում արժանացել է մրցանակների, պարգևների: Ի դեպ, նա եղել է մեծ նկարիչներ Մակովսկու, Պոլենովի աշակերտը, վերջինի հետ ամեն տարի ուղևորվելով Պաղեստին, Մերձավոր Արևելքի և եվրոպական երկրներ՝ ստեղծել է ավարտուն աշխատանքներ, էտյուդներ: Տեղափոխվելով Թիֆլիս` Ե. Թադևոսյանը հանդիսացել է Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից և առաջին պրոֆեսորներից մեկը:

Exishe Tadevosyan (10)

Exishe Tadevosyan (2)

Դրանից զատ, նա Հայաստանի Նկարիչների միության հիմնադիր նախագահն է եղել: Հայ արվեստաբանները նկարչի ստեղծագործությունները վերլուծելիս` մշտապես շեշտում են նրա չափազանց խոր գունազգացողությունը, ամուր գծանկարը, կատարողական մեծ կուլտուրան՝ նաև մատնանշելով այն հանգամանքը, որ Թադևոսյանի արվեստը վերծանել է աշխարհի և երևույթների ռեալիստական ճանաչողությունը:

Ուշագրավն այն է, որ, ինչպես ռուսական, այնպես էլ՝ եվրոպական թանգարաններն ու պատկերասրահներն այս հայ հեղինակին գնահատել են` որպես ժամանակի՝ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի տաղանդավոր բնանկարիչ և դիմանկարիչ: Ե. Թադևոսյանն իր ստեղծագործական մեթոդով համարվում է ռեալիստ և բազմաժանր նկարիչ: Մարտիրոս Սարյանը նրա մասին ասել է. «Թադևոսյանը ստեղծեց իր հրաշալի էտյուդները, որոնց մեջ արվեստի իսկական գոհարներ կան: Գույնի նուրբ զգացողություն ուներ ու կարողացավ մերձենալ իմպրեսիոնիզմի սկզբունքներին, կարողացավ լուսային, գունային մաքուր թրթռումներով փոքր չափի էտյուդների մեջ արտացոլել հայրենի բնության գողտրիկ անկյունները՝ այնքան վճիտ ու հայկական»:

Exishe Tadevosyan (3)

Իսկ Երվանդ Քոչարը Ե. Թադևոսյանի մասին ասել է` «Նա մեծ հոգու տեր էր և խորունկ կուլտուրայով հարստացած, նա մոտ բարեկամ էր Հովհ. Թումանյանին, Թորոս Թորամանյանին, Կոմիտասին և գրեթե բոլոր մեծ արվեստագետներին: Նա մեծ երախտավոր էր թե իր արվեստով, թե իր հասարակական գործունեությամբ»:
Հայկական պլեներային գեղանկարչության հիմնադիր Ե. Թադևոսյանը կարողացել է հայ իրականությունն արտացոլել` կերպարվեստի գրեթե բոլոր ճյուղերի մեջ ստեղծագործելով: Հայ արվեստաբաններն ընդգծում են, որ նա ասպարեզ է իջել շատ հետաքրքիր ժամանակաշրջանում, երբ ստեղծվում էր հայկական կերպարվեստի այն կարևորագույն հենքը, որը պետք է լիներ հիմնաքար, և որի վրա պետք է կառուցվեր հետագան:

Exishe Tadevosyan (7)

Exishe Tadevosyan (5)

Եվ Ե. Թադևոսյանն այդ հիմնաքարը ամրապնդողներից մեկն էր, որի ժամանակակիցներն էին Հովհ. Այվազովսկին, Վ. Սուրենյանցը, Փ. Թերլեմեզյանը, Վ. Գայվեջյանը և այլք: Ի դեպ, Ե. Թադևոսյանը եղել է հայ մեծանուն երգահան Կոմիտասի մտերիմ բարեկամը, և այդ մտերմությունից էլ ծնվել է Ե. Թադևոսյանի «Կոմիտասը Էջմիածնի լճի ափին» դիմանկարը: Նա հայ առաջին նկարիչն է, ով ներկայացրել է Կոմիտասի կերպարը:

«Իմպրեսիոնիստական տեխնիկայով նա հասել է կատարելության»

«ԱԱ Աուկցիոն» կենտրոնը նշյալ ցուցահանդեսում ներկայացրել է Ե. Թադևոսյանի 80-ից ավելի աշխատանքներ: «Ե. Թադևոսյանը հայկական պեյզաժի գիգանտներից է: Նա համարվում է առաջատար, շրջադարձային նկարիչ, ով ՌԴ-ում մշտապես ցուցադրվել է «պերեդվիժնիկ» նկարիչների հետ և հայկական կերպարվեստում անգնահատելի մեծ աշխատանք է կատարել: Ե. Թադևոսյանը համարվում է իմպրեսիոնիստական մաներայի վարպետ: Իրեն չենք կարող համարել մաքուր իմպրեսիոնիստ, քանի որ նա ռեալիստ նկարիչ է, միայն գույնի, լույսի հետևից չի ընկել:

Exishe Tadevosyan (1)

Exishe Tadevosyan (6)

Սակայն, միևնույն ժամանակ, իմպրեսիոնիստական տեխնիկայով նա հասել է կատարելության»,- ասում է ցուցահանդեսի կազմակերպիչ Ա. Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ ցուցահանդեսին ներկայացված նրա 40 էտյուդներն ուղղակի գեղանկարչական գանձեր են: Հիշեցնենք, որ Ե. Թադևոսյանը շուրջ 600 էտյուդների հեղինակ է, որոնք արտացոլում են բնապատկերներ ու նկարչի զգացմունքային տպավորությունները: Նրա էտյուդները թեև ստեղծվել են հեռանկարի և ծավալի պահպանման սկզբունքով, մարդկանց ու առարկաների բնականությամբ, այդուհանդերձ, Ե. Թադևոսյանը դրանք օգտագործել է որպես գեղարվեստական նյութ` խոշոր պատկերներ ստեղծելու համար, ընդ որում՝ դրանք չհամարելով ավարտուն աշխատանքներ:

Արվեստաբանները նշում են, որ հենց նա է հայկական կերպարվեստ ներմուծել և իմաստավորել «էտյուդ» հասկացության միանգամայն նոր նկարագիրը: Փոքրիկ չափերով այդ հանճարեղ, ավարտուն, գույնի, լույսի նուրբ զգացողությամբ աշխատանքներն իսկական գոհարներ են, որոնք լինելով իմպրեսիոնիզմին մոտ՝ համաշխարհային միտումների հետ զուգահեռներ են ստեղծել:

Այդ փոքրիկ մակերեսների վրա նա կարողանում էր ստեղծել այնպիսի կոմպոզիցիաներ, որոնք վերարտադրում էին պատկերային խոշոր տարածություններ ու վարպետությամբ խտացված մեծ բազմաշերտ ասելիք, որի արդյունքում ոչ մի դեպքում չէր տուժում ստեղծագործությունը, այլ ճիշտ հակառակը. շնորհիվ նրա ճկուն հեռատեսության՝ այն ամբողջական ու ավարտուն էր դառնում:

Նաև նշենք, որ Էջմիածնում ծնված նկարիչը ստեղծել է նաև կրոնական թեմայով բազում նկարներ՝ քաղված եկեղեցական պատմությունից և Աստվածաշնչից, որոնցով Ե. Թադևոսյանը վերարտադրում էր խոհափիլիսոփայական, բարոյախրատական իր աշխարհընկալումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս