Բաժիններ՝

Տեղական հումքով նոր դեղամիջոցը կարող է նպաստել այրվածների և վերքերի արագ վերականգնմանը

Հայաստանում տեղական հումքով դեղ արտադրող միակ հիմնարկի`Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Լ.Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գիտնականները շարունակում են զբաղվել նոր դեղերի մշակմամբ: Նրանք 2 տարվա ընթացքում մշակել են մի դեղամիջոց, որը հնարավորություն է տալիս այրվածքներից և մեխանիկական վնասվածքներից առաջացած վերքի ժամանակ մաշկը վերականգնել:

«Իհարկե, բնությունն ունի այդ վերականգնման մեխանիզմը՝ անգամ առանց միջամտության, սակայն այդ դեպքում, եթե, օրինակ` տվյալ վերքը կարող է 2 ամսում լավանալ, մաշկը վերականգնվել, ապա մեր մշակած դեղամիջոցը կնպաստի այդ գործընթացի ավելի արագ իրագործմանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանը` նշելով, որ նոր դեղամիջոցը, որը պայմանական անվանել են «Դերմաֆեն», այժմյան շուկայում առկա դեղամիջոցներից ամենաէֆեկտիվ ազդեցությունն է ունենում:

«Այստեղ խոսքը ոչ միայն մեր մշակած դեղամիջոցի օգնությամբ մաշկի արագ վերականգնման մասին է, այլ՝ ավելի լավ, ավելի որակյալ վերականգնման»,- ասաց Վ.Թոփուզյանը` նշելով, որ իրենց մշակած նոր դեղամիջոցը կարող է ոչ միայն վերականգնել մաշկի բոլոր 7 շերտերը, այլև՝ անգամ այրված մազածածկույթը, ինչում համոզվել են նոր մշակումը կենդանիների վրա փորձարկելու ժամանակ:

168.am-ի հարցին, թե ե՞րբ մարդիկ կկարողանան կիրառել նոր դեղամիջոցը, Վ.Թոփուզյանը պատասխանեց. «Առաջիկայում սպասվում են ավելի խորը նախակլինիկական և կլինիկական փորձարկումներ, որից հետո տվյալ դեղը կարող է արդեն գնալ գրանցման, իսկ հանրությանը դեղը հասանելի կլինի, իհարկե, այդ բոլոր գործընթացներն անցնելուց հետո միայն»:

Ըստ մեր զրուցակցի, սակայն, դեղերի գրանցման վերաբերյալ մոտեցումը Հայաստանում երբեմն սուբյեկտիվ է լինում:

«Այժմ մեր ամբողջ դեղերի շուկան հիմնականում կախված է արտաքին աշխարհից, սակայն այդտեղ կա և՛ հիվանդի, և՛ պետության շահը: Չգիտեմ՝ այս մասին արդյո՞ք մտածող կա, քանի որ շտապ-շտապ ինչ-որ որոշումներ են ընդունում, ինչի հետևանքով, օրինակ, մեր հիվանդները զրկվում են մեր տեղական հումքով արտադրվող դեղերից»,- ասաց Վ. Թոփուզյանը:

Տեղեկացնենք, որ այժմ Հայաստանում տեղական հումքով դեղ արտադրող միակ հիմնարկը` Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Լ.Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, 2013 թվականի հունվարից սկսած այլևս չի կարողանում դեղ արտադրել:

Այս ամենի պատճառը, ըստ ինստիտուտի տնօրենի` ՀՀ կառավարության որոշումն է, համաձայն որի` 2013 թվականի հունվարի 1-ից բոլոր դեղագործական ընկերությունները պետք է անցնեն եվրոպական CPM (Good Manufacturing Practice-Պատշաճ արտադրական գործունեություն) չափանիշների հավաստագրման գործընթացը:

GMP ստանդարտի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ. 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս