«Դեմ եմ» շարժման անդամ. Սա հաղթանակ չէ, զգոնությունն անգամ մեկ միլիմետր չպետք է թուլացնել

Ինչպես հայտնի է, երեկ Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի երկու հոդվածների գործունեությունը: Այսօր հրավիրած ասուլիսում «Դեմ եմ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Մանուկյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սահմանադրական դատարանը կասեցրել է ոչ թե օրենքի պարտադիր բաղադրիչը, այլ դրա երկու հոդվածները. «Օրենքի պարտադիր բաղադրիչը չի կասեցվել, քանի որ պարտադիր բաղադրիչն ապահովող բոլոր հոդվածները չէ, որ կասեցվել են: Կասեցվել է մեկ հոդված ամբողջությամբ՝ 76-րդ հոդվածը և 83-րդ հոդվածի 3-րդ մասը միայն, ինչը նշանակում է, որ գործատուները կամ հարկային գործակալները, ովքեր չկատարեն համապատասխան վճարումները պարտադիրի համար՝ օրենքով նախատեսված, տուգանքների և տույժերի չեն ենթարկվի:

86-րդ հոդվածի 3-րդ մասի կասեցումն էլ իրենից ենթադրում է, որ նրանց փոխարեն, ովքեր մինչ այժմ ֆոնդեր չէին ընտրել, ըստ օրենքի՝ ծրագրային մոդուլի կողմից ֆոնդ չի ընտրվի: Ընդամենը սա է կասեցումը: Այնպես որ՝ սա հաղթանակը չէ: Սա հաղթանակի տանող ճանապարհի մեջտեղում է գտնվում և զգոնությունն անգամ մեկ միլիմետր չպետք է թուլացնել»:

Լրագրողները «Դեմ եմ» շարժման նախաձեռնող խմբի անդամներից հետաքրքրվեցին՝ ինչ քայլերի են դիմելու, եթե Սահմանադրական դատարանը օրենքի պարտադիր նորմը հակասահմանադրական չճանաչի:

Գևորգ Գորգիսյանն ասաց, որ իրենց նպատակը օրենքի պարտադիր բաղադրիչի հակասահմանադրական ճանաչելուն հասնելն է: «Մենք մեր պայքարը բնականաբար ավարտված չենք համարում: Սա ընդամենը հաղթանակներից մեկի սկիզբն էր, որով Սահմանդրական դատարանը փաստորեն փաստեց թերացումները, որոնք կային օրենքում, որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք: Մենք շարունակելու ենք պայքարը: Մեր վերջնական նպատակը օրենքի հակասահամանդրական ճանաչելն է: Լինելու են և´ բողոքի երթեր, և´զանազան ակցիաներ»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Գ. Գորգիսյանը նշեց, որ իրենք սկսելու են աշխատել նաև մարզերի հետ, փորձելու են պայքարի մեջ ներգրավվել նաև ուսանողությանը:  Դավիթ Մանուկյանն էլ ասաց, որ կշարունակեն համագործակցությունը ԱԺ չորս խմբակցությունների, ինչպես նաև ցանկացած կազմակերպության, անհատի, ուժի հետ, որը կիսում է նախաձեռնության անդամների դիրքորոշումը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ:

Նախաձեռնության անդամները կոչ արեցին մարդկանց չընտրել կենսաթոշակային ֆոնդեր: «Այն մարդը, ով դեմ է այս օրենքին, չպիտի ընտրի ֆոն, այսինքն՝ եթե դու դեմ ես այս օրենքին, դու դա համարում ես հակասահմանադրական, ես անձամբ դա համարում եմ գրպանահատություն, իսկ անձը, ով դա համարում է գրպանահատություն և անօրինական քայլ, նրա համար չպիտի տարբերություն լինի՝ որ ֆոնդն է իրեն գրպանահատելու:

Դրա համար եթե դու ֆոնդ ես ընտրում, նշանակում է՝ դու ակամա գնացել ես գործարքի և դրա հետ համաձայն ես: Սա ևս ցուցանիշ է, որ օրենքի պաշտպանները կարող են մեր դեմ օգտագործել: Եթե դեմ են, ապա ինչպե՞ս են այսքան մարդիկ ֆոնդեր օգտագործում: Բայց այսօր մենք մի հաղթաթուղթ էլ ունենք: 250 հազարից ավելի մարդու վրա այս օրենքն ազդում է և դրանից ընդամենը 1309-ն է ֆոն ընտրել: Սա խոսուն փաստ է»,- ասաց Դավիթ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում որոշել է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս