Ինչո՞ւ Ազատության հրապարակը չդարձավ Մայդան
«Փողոցում արյունն ամեն ինչ փոխում է»,- նման հայտարարություն է արել Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչը՝ անդրադառնալով Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցող իրադարձություններին, որոնց արդյունքում երեք մարդ է զոհվել: «Եվրամիությունը կարող է դադարեցնել պաշտոնական հարաբերություններն Ուկրաինայի հետ, եթե հաստատվի, որ Ոստիկանությունը հրազենից կրակ է բացել ցուցարարների վրա:
Այս ամենից հետո մենք չենք կարող նույն կերպ գործ ունենալ Կիևի հետ, ինչպես նախկինում էր»,- ասել է Եվրախորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյան: Սա նախորդ երկու օրերին Արևմուտքից հնչած միակ կոշտ գնահատականը չէ Ուկրաինայի իշխանությունների հասցեին: Անցած օրերին դատապարտող ու առաջիկայում պատժամիջոցներ կիրառելու սպառնալիք պարունակող հայտարարություններով են հանդես եկել ԱՄՆ Պետքարտուղարությունը, ԵՄ տարբեր պաշտոնյաներ, բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կիևում տեղի ունեցող բողոքի ակցիաներն այս օրերին դարձել են Հայաստանում ամենաշատը քննարկվող ու համեմատվող հարցը: Համեմատությունը կատարվում է մի կողմից՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմանը չընդդիմանալու պատճառները հասկանալու, մյուս կողմից՝ 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների համատեքստում:
«Փողոցում արյունն ամեն ինչ փոխում է» արտահայտությունը, բնականաբար, առաջին հերթին հարց է առաջացնում՝ արդյո՞ք արյունը ազգային և որևէ այլ պատկանելություն ունի, և ինչո՞ւ 6 տարի առաջ Երևանի փողոցներում թափված նույն մարդկային արյունը, մեծ հաշվով, ոչինչ չփոխեց Հայաստանի իշխանությունների նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքում:
Հատկապես, որ Մարտի 1-ի զոհերի թիվը հասավ 10-ի, մինչդեռ Կիևում, բարեբախտաբար, դեռևս 3 զոհի մասին է հաղորդվում: Իհարկե, զոհերի թվի համեմատությունը ոչ միայն կոռեկտ չէ, այլև՝ անթույլատրելի, քանի որ անմեղ զոհված մեկ մարդու կյանքն անգամ պետք է ամեն ինչ «փոխի», եթե առաջնորդվում ենք արևմտյան քաղաքականության ու ժողովրդավարության գոնե հռչակագրային սկզբունքներով: Հասկանալի է, սակայն, որ նման իրավիճակներում գործում են ոչ թե համամարդկային սկզբունքներն ու մարդու հիմնարար ազատությունները, այլ քաղաքական շահերը, պրագմատիկ շահերը, որոնք էլ, վերջին հաշվով, բացատրում են Կիևում և Երևանում տեղի ունեցած արյունահեղության նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի տարբերությունը:
Արևմուտքն այլևս առանց այլևայլության ցույց է տալիս, որ մեր նման երկրներում իշխանությունների դեմ ուղղված քաղաքացիական բողոքն ու ընդվզումը սատարում է միայն այն դեպքում, երբ դրա հիմքում դրված է արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը: Դա տեղի ունեցավ Վրաստանում՝ Վարդերի, Ուկրաինայում՝ Նարնջագույն հեղափոխության ժամանակ, նույնն այսօր տեղի է ունենում նաև Կիևում:
Ուրեմն ինչո՞ւ Արևմուտքը, մեծ հաշվով, աչք փակեց 2008 թվականին Երևանում թափված արյան վրա՝ բավարարվելով կատարվածը դատապարտող մի քանի հայտարարություններով ու ԵԽ ԽՎ բանաձևերով, այն դեպքում, երբ Ուկրաինայի իշխանությանը սպառնում է լիակատար մեկուսացմամբ ու այլ պատժամիջոցներով: Այս հարցի պատասխանն անցած տարիներին շատ է տրվել, սակայն ներկայիս ներհայաստանյան զարգացումների ու արտաքին քաղաքական գործընթացների պարագայում ավելորդ չէ ևս մեկ անգամ անդրադառնալ դրան: Գոնե ապագայի «հայկական մայդանի» համար, ինչի հույսն այս օրերին առաջացել է շատ-շատերի մոտ:
2008 թվականի կեղծված ընտրություններն ու Մարտի 1-ի արյունահեղությունն Արևմուտքը ներեց Հայաստանի իշխանությանը, որովհետև դրանց արդյունքում նախագահ դարձած Սերժ Սարգսյանը կամ ցանկանում էր, կամ պարտավորվել էր փոխել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը և եվրաինտեգրման միջոցով առնվազն թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը մեր երկրում:
Այդ մասին, ի դեպ, ավելի ուշ վկայեցին WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերը: Նույն այդ հրապարակումներից, ինչպես նաև՝ ավելի ուշ տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներից, պարզ դարձավ, որ 2008 թվականի ընտրություններում եթե ոչ՝ հաղթանակած, ապա՝ առնվազն երկրորդ փուլ անցած Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ պարագայում չէր շեղվելու «ռուսական գծից», ինչի մասին, բնականաբար, արևմտյան կառույցները տեղեկացված էին 2008 թվականի մարտի 1-ից շատ ավելի վաղուց: Ի տարբերություն Կիևի Մայդանի, Արևմուտքը չպաշտպանեց Երևանի Ազատության հրապարակը, քանի որ վերջինիս հաղթանակի դեպքում Հայաստանը գուցե արդեն իսկ անդամակցած լիներ Մաքսային միությանն ու Ռուսաստանի կողմից ստեղծված բոլոր մյուս հնարավոր միություններին:
Այլ հարց է, որ անցած տարվա սեպտեմբերի 3-ի որոշմամբ Սերժ Սարգսյանը նույն Արևմուտքին ցույց տվեց, որ 2008 թվականի «ինդուլգենցիան» միայն նրա համար էր, որպեսզի ամենավերջին պահին Հայաստանը Մաքսային միություն նետվելու տեմպերով զարմացնի անգամ Վլադիմիր Պուտինին:
«Կլինի՞ Հայաստանում «մայդան», թե՞ ոչ» հարցը, որ այսօր ամենահաճախն է հնչում, մեծ հաշվով, կախված է նրանից՝ արդյո՞ք այդ «մայդանում» կլինեն քաղաքական ուժեր, ովքեր կստանձնեն Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխելու պատասխանատվություն, թե՞ ոչ: Ոչ թե Արևմուտքի աջակցությունը ստանալու համար, այլ որովհետև Հայաստանի ռուսիֆիկացիայի ներկայիս ընթացքը կարող է կործանարար լինել ու անշրջելի: Առայժմ, սակայն, Ազատության հրապարակում նման ուժեր չեն երևում: Այնտեղ հիմա նրանք են, ում համար հոգեհարազատ է ոչ թե Կիևի Մայդանը, այլ Մոսկվայի Կարմիր հրապարակը: