Բաժիններ՝

ՄԱԿ-ը չի հավատում ՀՀ կառավարությանը

Նախորդ տարեվերջին վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ասուլիսը սկսվեց աղքատությանը վերաբերող հարցով։ «Շանթի» լրագրողը հիշեցրեց, որ 2008-ին աղքատության մակարդակը 20% էր, իսկ այժմ` ավելի քան 30%։ Նա հարցրեց, թե դա հաշվի առնելով` ինչպե՞ս կարելի է բացատրել կառավարության լավատեսությունը և նվաճումների մասին ամենամյա զեկուցումները։

Կարճ նախաբանից և աղքատության պատճառների մասին խոսելուց հետո` Տիգրան Սարգսյանը նշեց աղքատության խնդրի լուծման բանալին` աշխատատեղերի ստեղծումը։ «Ինչպե՞ս ենք մենք լուծելու այդ խնդիրը և ի՞նչ պետք է անենք, որ այն հիմնարար ձևով լուծվի: Առաջին հերթին` դա աշխատատեղերի ստեղծումն է, ընդ որում, այնպիսի աշխատատեղերի, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ: Դա նշանակում է, որ սովորական աշխատատեղերի մասին չէ խոսքը, այլ առնվազն 150 հազար դրամ եկամուտ ապահովող աշխատատեղ պետք է ստեղծվի, որպեսզի կարողանանք արձանագրել, որ, իսկապես, մեր քաղաքացիների կենսամակարդակը փոխվում է:

Եթե 300 հազարից ավելի ընտանիքներ այսօր առնչվում են աղքատության խնդրի հետ, ապա համար մեկ պատճառը համապատասխան վարձատրությամբ աշխատատեղերի բացակայությունն է: Եվ սա մեր թիրախն է»,- ասել էր Տիգրան Սարգսյանը` նշելով, որ պետությունը գիշերային պահակ չէ և իր վրա պատասխանատվություն է վերցնում` համագործակցելով մասնավոր հատվածի հետ: «Մենք ստեղծում ենք ժամանակակից հեռանկարային աշխատատեղեր, և սա է աղքատության խնդիրը լուծելու ռազմավարությունը»,- ասել էր նա:

Իհարկե, մեր հասասարակությունը սովորել է գեղեցիկ խոսքերին և ստեղծված (կամ ստեղծվելիք) աշխատատեղերի մասին ունի իր ուրույն պատկերացումը։
Սակայն, ի դժբախտություն ՀՀ իշխանությունների, հրապարակվում են նաև հետազոտություններ` միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից, որոնք արտացոլում են ՀՀ աշխատաշուկայի խայտառակ պատկերը։ Այսպես, ՄԱԿ-ի կազմում գործող Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) նախօրեին զեկույց է հրապարակել, համաձայն որի` գործազրկության մակարդակով հետխորհրդային տարածքի միանձնյա առաջատարը Հայաստանն է:

Կարդացեք նաև

Կազմակերպության պաշտոնական կայքում Համաշխարհային աշխատանքային շուկայում այս տարի սպասվող զարգացումներին նվիրված ծավալուն հետազոտությանը կից ներկայացված աղյուսակը տեղեկացնում է, որ 2013-ին գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 18.6 տոկոս: Ի դեպ, նշենք, որ պաշտոնական տվյալներով` գործազրկության մակարդակը եղել է 17.3%։
Գործազրկության մակարդակի առումով` Հայաստանը տարածաշրջանային բացառություն է` բացասական իմաստով։

Զեկույցի հեղինակները նշել են, որ, որպես կանոն, Հարավային և Հարավարևելյան Եվրոպայում գործազրկության ծավալները շատ ավելի բարձր են, քան ԱՊՀ-ում: «Միակ բացառությունը Հայաստանն է: Իրականում, սակայն, երկու տարածաշրջանների միջև տարբերությունն այնքան մեծ չէ, քանի որ Արևելյան Եվրոպայում մի շարք պետություններում որպես գործազուրկ են հաշվառված մարդիկ, որոնք իրականում աշխատանք ունեն»,- նշված է զեկույցում։

Մինչ ՀՀ կառավարությունը գործազրկության պատճառների և բնույթի վերաբերյալ ուսումնասիրություններ է կատարել վերջին 5 տարիների ընթացքում, Հայաստանn իրական աշխատատեղերի առումով ետ է մնացել ԱՊՀ երկրներից, այդ թվում` անմիջական հարևաններից։ Օրինակ` Վրաստանում գործազրկության մակարդակը 2013-ին կազմել է 14.3%, Ադրբեջանում` ընդամենը 5.5%, Ռուսաստանի Դաշնությունում` մոտ 6% տոկոս: Անգամ Ուկրաինայում, որն ամենից շատ էր տուժել համաշխարհային ճգնաժամից, գործազրկության մակարդակը 8%-ի սահմաններում է։
Սակայն սա դեռ ամենը չէ։

Պարզվում է` ԱՄԿ-ն բավականին հոռետեսորեն է տրամադրված։ Այս կազմակերպության գլխավոր քարտուղար Գայ Ռայդերը նշել է, որ աշխատանքի շուկայում որևէ դրական տեղաշարժ առաջիկայում սպասել պետք չէ` թե՛ աշխարհի մասշտաբով, թե՛, մասնավորապես, Հայաստանի պարագայում:
Զեկույցի հեղինակները կանխատեսում են, որ առաջիկա 4 տարիներին գործազուրկների քանակը Հայաստանում կաճի և արդեն այս տարի կհատի 19 տոկոսի սահմանը: «2018 թվականին արդեն Հայաստանում գործազուրկ կլինի ամեն հինգերորդը»,- նշվում է զեկույցում։

Այսինքն, հակառակ կառավարության խոստումների և ցանկությունների` ԱՄԿ-ն կանխատեսում է իրավիճակի վատթարացում։ Պարզ ասած` ՄԱԿ-ի կազմում գործող այս կառույցն անուղղակիորեն անվստահություն է հայտնում ՀՀ կառավարությանը կամ նրա քայլերի արդյունավետությանը` աշխատաշուկայի բարելավման ուղղությամբ։
Ի դեպ, ավելացնենք, որ վերջերս հրապարակվել էին 2011թ. անցկացված մարդահամարի արդյունքները։ Բաժիններից մեկը վերաբերում էր հենց աշխատանքի շուկային։

ՀՀ վիճակագիրները փորձել էին պարզել աշխատանք չփնտրելու պատճառները` չաշխատող չափահաս բնակչության շրջանում։ Իսկ 121.404 հոգին նշել էր, որ աշխատանք գտնելու հույս չունեն, այդ իսկ պատճառով էլ չեն փնտրում։
Այսինքն` հայաստանցի գործազուրկների և միջազգային կառույցների տեսակետները, ըստ էության, չեն տարբերվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս