Հայ և ադրեբեջանցի հաքերներն «ինքնարտահայտվում են»
Օրերս հայ և ադրբեջանցի հաքերների փոխհրաձգությունը համացանցում Deface բնույթ էր կրում, ինչը նշանակում է, որ հաքերներն ընդամենը փոխում են կայքի դեմքը, երեսը: Ի տարբերություն DDos հարձակումների, որն ավելի խորքային է և համատարած բնույթ է կրում: Այս մասին այսօր` հունվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:
Նշենք, որ DDoS-ն իրականացվում է մեկ կայքին տարբեր համակարգիչներից բազմաթիվ հարցումներ ուղարկելու մեթոդով: Այսինքն` արհեստականորեն մեծացնում են կայքի այցելուների կամ դիմումների քանակը, արդյունքում՝ ծանրաբեռնում են կայքի սերվերը, ինչի հետևանքով կայքը ժամանակավորապես անհասանելի է դառնում ընթերցողների համար:
«Այս վերջին հարձակումներն ավելի քարոզչական և ցուցադրական բնույթ էին կրում»,- ասաց Գ. Սաղյանը` նշելով, որ ավտոմատ (ինքնաշխատ) եղանակով ամեն րոպե ադրբեջանցիները փորձում են կոտրել կայքեր, միացված է սկաներ, որն անընդհատ ստուգում է՝ տվյալ սերվերը կարելի՞ է կոտրել, թե՞ ոչ:
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ՝ նախորդ տարի նմանատիպ մոտ 1000 հարձակում է գրանցվել:
«Խնդիրը նրանում է, որ շնորհիվ ադրբեջանցիների՝ հայկական կայքերի սեփականատերերն ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց կայքերի անվտանգությանը և հասկանում, որ իրենց անվտանգության մասնագետ է անհրաժեշտ, ինչը նախկինում այդպես չէր»,- ասաց փորձագետը` նշելով, որ հենց դրա շնորհիվ էլ հայկական կոտրված կայքերի ընդհանուր քանակը գնալով նվազում է:
«Ընդհանրապես նմանատիպ հարձակումներում հաղթողի կամ պարտվողի մասին խոսել չի կարելի, իսկ նմանատիպ հարձակումներն ավելի շատ հոգեբանական, բարոյական բնույթ են կրում և հիմնականում ոչ մի հետևանք չեն թողնում»,- ասաց Ս.Մարտիրոսյանը` նշելով, որ հետևանք կարող են ունենալ միայն այն դեպքերում, երբ կայքի Backup-ը չկա, այսինքն` պահեստային տվյալները չեն պահվել, և կորցնելու դեպքում դրանք չի կարելի վերադարձնել:
Ս. Մարտիրոսյանը նշեց նաև, որ, եթե ուշադիր նայենք հաքերային պատերազմների պատմությանը, ապա կտեսնենք, որ 2011-2012 թվականներին Հայաստանից գրեթե պատասխաններ չէին լինում ադրբեջանցի հաքերների հարձակումներին, որից երբեմն մարդիկ անգամ ընկճվում էին, սակայն մեր փոխադարձ հարձակումներն ադրբեջանական կայքերի վրա վերջին տարիներին ցույց են տալիս նաև մեր ներուժը:
Ըստ փորձագետի` ադրբեջանցիների մոտ այս ամենը շատ կոնկրետ խորքային բարդույթի խնդիր է: «Արցախում պարտվել են, ինչ-որ ձևով ուզում են արտահայտվել, ուզում են ինչ-որ մի վատ բան անել հայերին, սակայն, քանի որ այդ հարձակումները շատացան, հետո Սաֆարովի դեպքի հետ կապված, և այլն, դա բերեց նրան, որ այստեղ էլ այն համայնքը մասնագետների, որն առանձնապես ուշադրություն չէր դարձնում ադրբեջանցիներին, ինքնաձևավորվեց, և ժամանակ առ ժամանակ հայկական կողմը ուղղակի կարծես հակադարձ գործողություն է անում»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Հարցին, թե ինչո՞ւ են ընդհանրապես հաքերային նման հարձակումներ տեղի ունենում, «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը պատասխանեց. «Ինչի՞ են կոտրում. ինքնարտահայտման համար, հաքերներն այդպիսով ինքնարտահայտվում են»: