Բաժիններ՝

Ներդրողներն անտարբեր են «Մարսի» նկատմամբ

Այս տարվա հուլիսին ՀՀ կառավարությունը կարծես վերջին շտրիխները դրեց և հանդիսավորությամբ կատարեց մեր երկրում առաջին ազատ տնտեսական գոտու բացումը՝ «Մարս» գործարանի տարածքում: «Մարս» ՓԲԸ-ն «Գույք պարտքի դիմաց» գործարքով ռուսական կողմին հանձնված ձեռնարկություներից մեկն էր, որ հանձնման պահին աշխատում էր արտադրական պոտենցիալի մինչև 1%-ի չափով: Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ն է:

Գոտու բացումը պետք է տեղի ունենար դեռ 2012թ. հոկտեմբեր-նոյեմբերին: Թե ինչու այդքան ուշացավ այդ կարևոր իրադարձությունը, այլ հարց է: Ինչևէ, բացումը կատարվեց, բայց հույսերն առայժմ չեն արդարանում: Ազատ տնտեսական գոտու «հեղափոխական» լինելու գաղափարը և դրա շնորհիվ լուրջ առաջընթացի սպասումը ՀՀ պաշտոնյաներին մինչև վերջերս չէր լքում: Նույնիսկ բացման ժամանակ հայտարարվեց, թե դրա նպատակը «արտասահմանյան ուղղակի ներդրումների խթանումն է, արտահանման ծավալների ավելացումը, նոր աշխատատեղերի և կայուն տնտեսական զարգացման նախադրյալների ստեղծումը»:

Անցել է արդեն կես տարի, «Մարսում» նմուշի համար ոչ մի նոր ձեռնարկություն չի հայտնվել, թեև հայտարարվում էր, թե «մի շարք արտերկրյա ընկերություններ հետաքրքրված են գործունեություն ծավալել Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտում և դրանց շարքում կան նաև միջազգային ճանաչում ունեցող բրենդային ընկերություններ»:

«Սիտրոնիկս Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը 168.am-ին տեղեկացրեց, որ ներկայումս 2 ամերիկյան ընկերություն սկսում են գործունեություն ծավալել «Մարսի» տարածքում (դրանցից մեկը հայկական պլանշետի արտադրող «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքսն» է), իսկ 1-2 ընկերությունների հայտերը կառավարությունում ուսումնասիրվում են:

Կարդացեք նաև

«Իհարկե, ընկերությունները պասիվ են, բայց ընդհանուր տնտեսության վիճակը լավ չի, և ոչ միայն մեզ մոտ: Հիմնականում արտերկրի ընկերությունները պետք է գան, նրանց մոտ էլ լավ չի վիճակը»,- ասաց Ա. Խաչատրյանը:

Նշենք, որ «Մարսում» ներկայումս իրականացվում է էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական իրերի մշակում և ներդրում, գունավոր մետաղներից և պլաստամասե տարբեր իրերի արտադրություն և իրացում: Սակայն այս արտադրությունն ընկերության տարածքի չնչին մասն է զբաղեցնում: ԱՏԳ-ն, ընդհանուր առմամբ, ունի 55 799 քմ արտադրատնտեսական և 37 908 քմ գրասենյակային տարածք, որոնք սպասում են իրենց «տերերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս