
Մոլորության մեջ չընկնեք. ԱՊՊԱ բյուրոն պարզաբանում է

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն պարզաբանել է ԱՊՊԱ համակարգի վերաբերյալ ԶԼՄ-ներով շրջանառվող տեղեկությունները, որոնք «կարող են մոլորության մեջ գցել համակարգի սպառողներին»:
Ինչպես հայտնել են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյում, «նշված տեղեկությունները շրջանառվում են ս.թ. հունվարի 16-ին տեղի ունեցած համապատասխան հասարակական կազմակերպության ներկայացուցչի մամուլի ասուլիսի արդյունքում»:
«Մասնավորապես, սկսեց շրջանառվել տեղեկատվություն, համաձայն որի վարորդներն իրավունք ունեն առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու վարել ավտոմեքենան մինչեւ 10 օր: Բյուրոն հայտնում է, որ յուրաքանչյուր ավտոմեքենա, որը վարվում է ընդհանուր օգտագործման ճանապարհներով, պետք է շահագործման ժամանակ մշտապես ունենա ԱՊՊԱ պայմանագիր, իսկ 10-օրյա ժամկետը վերաբերում է այն մեքենաներին, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր եւ հաշվառված են` անկախ նրանից՝ շահագործվում են, թե ոչ»,- ասվում է հայտարարության մեջ :
Շրջանառվող մյուս տեղեկատվության համաձայն` ԱՊՊԱ չունեցող մեքենան յուրաքանչյուր օրվա համար տուգանվելու է 500 դրամով: Այս կապակցությամբ Բյուրոն կրկին անգամ տեղեկացրել է, որ, եթե մեքենան գործող ԱՊՊԱ պայմանագիր չունի, սակայն հաշվառված է, ապա տուգանք կարող է նշանակվել, եթե գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը տեւել է ավելի քան 10 օր: Ընդ որում, տուգանքի չափը սահմանված է յուրաքանչյուր 10 օրվա համար 5000 դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100 000 դրամը: