Բաժիններ՝

«Մահացած ընկերություն», թե՞ «արդյունավետ» համագործակցության օրինակ. Էներգետիկայի նախարարությունում իրոք խճճվել են

Օրերս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանի կողմից նախաձեռնված գույք-պարտքի դիմաց գործարքն իր հետևից թողեց «այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ»: Այդ «մահացածներից» մեկը Հրազդանի ՋԷԿ-ն է, որը կազմավորումից ի վեր (1966 թ.) Խորհրդային Միության առաջնորդն էր` այդ ոլորտում: Անկախացումից հետո էներգետիկ ճգնաժամի ժամանակ ՋԷԿ-ը կարողացավ ապահովել հանրապետության էնեգամատակարարման 70%-ը: 2002-ին, ի թիվ մյուս ձեռնարկությունների, այն հանձնվեց ռուսական կողմին` 31 մլն դոլարով:

2011 թ. գարնանը Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ին թույլատրեց «Ռոսնեֆտեգազ» ԲԲԸ-ից ձեռք բերել «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը:
Ընկերության 100%-1 բաժնետոմսերի փաթեթը 2009 թ-ին փոխանցվել էր «Ռոսնեֆտեգազի» հաշվեկշռին, իսկ 1 բաժնետոմսի սեփականատերը ՌԴ պետական գույքի կառավարման դաշնային գործակալությունն է, որին պատկանում է նաև «Ռոսնեֆտեգազի» 100% բաժնեմասը:

Չնայած Ա.Մովսիսյանի բնորոշմանը, նախարարության կայքում Հրազդան ՋԷԿ-ը նշվում է որպես Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռներեցության «արդյունավետ» համագործակցության օրինակ: Ամեն դեպքում, ՋԵԿ-ը ՀՀ էներգահամակարգի մեջ էական դեր չի կատարում, այն պիկային կայան է, աշխատում է միայն այն ժամանակ, երբ ԱԷԿ-ի և ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան չի բավարարում պահանջարկը և արտադրում է տարեկան շուրջ 250-300 մլն Կվտ/ժամ էլէներգիա: Թեև, ըստ մասնագետների պնդումների, տարեցտարի ՋԷԿ-ի արտադրանքի ծավալներն ավելանում են՝ ՀՀ-ում ընդհանուր էլէներգիայի սպառման ավելացման շնորհիվ:

1110 ՄՎտ գումարային հզորություն ունեցող «Հրազդանի ՋԷԿ»-ը Հայաստանի խոշորագույն էլեկտրակայաններից է: ՋԷԿ-ն աշխատում է գազով և դրա արտադրած էլեկտրաէներգիան բավականին թանկ է, քան մյուս կայաններից ստացվողը: ՋԷԿ-ի օգտագործման ծավալն այնքան փոքր է, որ ներդրումների մասին խոսք չի գնում, քանի որ ներդրումներ կատարելու դեպքում հնարավոր չի լինի ներքին շուկայի հաշվին դրանք հետգնել, հարկավոր են արտաքին շուկաներ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս