Բաժիններ՝

«Յուրաքանչյուր ռեֆորմի մեկնարկ մի փոքր դժվար է». քաղաքացիները չեն շտապում կենսաթոշակային ֆոնդեր ընտրել

«168 Ժամի» զրուցակիցն է Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը:

– Պարոն Աբրահամյան, ՀՀ-ում գրանցված կենսաթոշակային հիմնադրամների գործունեության մեկնարկն ինչպե՞ս եք գնահատում:

– Գործընթացը, ընդհանուր առմամբ, ընթանում է նորմալ: Կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարիչ 2 ընկերություններ («Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա») արդեն գրանցվել և լիցենզավորվել են Կենտրոնական բանկի կողմից, գրանցվել են նաև այդ կազմակերպությունների կողմից առաջարկվող ֆոնդերը: Յուրաքանչյուրն առաջարկում է 3 տեսակի ֆոնդեր, գործում է արժեթղթերի կենսաթոշակային հաշիվների վարման համար հատուկ նախատեսված էլեկտրոնային ծրագրային համակարգը, և քաղաքացիներն արդեն ընտրություն են կատարում:

– Քաղաքացիներն ակտի՞վ են ընտրության հարցում:

Կարդացեք նաև

– Այս պահին ակտիվությունը դեռ ցածր է, ինչը կանխատեսելի էր: Մեր տիպի երկրներում, երբ ռեֆորմը նոր է ներդրվում ու կիրառվում, սովորաբար բնակչության ակտիվությունը ցածր է լինում:

– ՀՀ քաղաքացիներն ի՞նչ պետք է իմանան կենսաթոշակային հիմնադրամ ընտրելիս, գործնական քայլերը որո՞նք են:

– Քաղաքացին պետք է ընտրի ակտիվների կառավարչին, որին վստահելու է իր կենսաթոշակային ակտիվները (ընկերությունների կայքերն արդեն գործարկվել են), ընտրի նրա կողմից առաջարկվող 3 ֆոնդերից մեկը` կայուն եկամտային, պահպանողական կամ հավասարակշռված, որոնք միմյանցից տարբերվում են իրենց ռիսկայնությամբ և ապագայում` եկամտաբերությամբ:

Կայուն եկամտային ֆոնդն առավել քիչ ռիսկայինն է, հետևաբար և` ցածր եկամտաբերությամբ, իսկ հավասարակշռվածը` առավել շատ ռիսկայինն է, և ակնկալվող եկամտաբերությունն էլ ավելի բարձր է լինելու: Յուրաքանչյուր մասնակից իր ռիսկի ախորժակին համապատասխան` ընտրում է ֆոնդը, բայց ֆոնդի ընտրությունը 1 անգամով չի սահմանափակվում, հետագայում մասնակիցը ցանկության դեպքում կարող է փոխել ֆոնդերը:

Ընկերության և ֆոնդի ընտրության 2 ճանապարհ կա. քաղաքացին կարող է այցելել կենսաթոշակային կուտակային համակարգի հաշվի օպերատորներից («Հայփոստ», «ՎՏԲ», «Արարատբանկ», «Արդշինինվեստբանկ», «Հայբիզնեսբանկ», HSBC բանկեր) որևէ մեկի մասնաճյուղ և կայացնել իր ընտրությունը: Կամ էլ ընտրությունը կարող է կատարել նույնականացման քարտի, քարտ կարդացող սարքի, ինտերնետի և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում` epension.am կայքի «Իմ հաշիվը» մոդուլի միջոցով, որտեղ պարզ երևում է քայլերի հաջորդականությունը` էլեկտրոնային միջավայրում ընտրություն կատարելու համար:

– Չնայած իրազեկման արշավներին, քաղաքացիները վստահություն չեն տածում կենսաթոշակային հիմնադրամների հանդեպ: ԿԲ-ն ինչպե՞ս է վերահսկելու դրանց գործունեությունը, որքանո՞վ են դրանք վստահելի:

– Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները հանդիսանում են ԿԲ-ի կողմից վերահսկվող սուբյեկտներ, բացի դրանից, կա կենսաթոշակային ֆոնդի պահառու ընկերություն, որը տվյալ դեպքում ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիան է, այն վարում է կենսաթոշակային հաշիվները, վերահսկում կառավարչին և իր հերթին` վերահսկվում ԿԲ-ի կողմից: Վերահսկողության ռեժիմը մոտավորապես նույնն է, ինչ այլ ֆինանսական կառույցների, բանկերի կամ ապահովագրական ընկերությունների դեպքում:

Այս առումով ԿԲ-ն ունի իր ֆինանսական գործիքակազմում գտնվող վերահսկողության բոլոր գործիքները, կարող է իրականացնել տեղերում և հեռակա վերահսկողություն: ԿԲ-ն սահմանում է լիցենզավորման հիմնական պահանջները, այդ ընկերությունների ղեկավարների մասնագիտական գիտելիքների ու փորձի համապատասխան չափանիշները, վերահսկում է, որ այդ ընկերություններում աշխատեն փորձառու ու բանիմաց մասնագետներ: Սահմանում է տարբեր տնտեսական նորմատիվներ, նաև կան ակտիվների կառավարիչների կողմից իրականացվող ներդրումները սահմանափակող պահանջներ, որոնցով սահմանվում են բոլոր այն թույլատրելի գործիքները, որտեղ կարող են ներդրվել կենսաթոշակային ֆոնդերը:

Նշված մեխանիզմների նպատակն այն է, որ հնարավորինս նվազեցվի և սահմանափակվի ակտիվների կառավարիչների կողմից չափազանց բարձր ռիսկերի ստանձնումը: Ըստ էության` ԿԲ-ն ունի բոլոր հնարավոր գործիքները, որոնցով օժտված են վերահսկող մարմիններն` այդ ընկերություններին արդյունավետ վերահսկելու համար:

– Եթե վաղը չէ, ապա մյուս օրը, հնարավոր է` կրկին ֆինանսական ճգնաժամ լինի: Այդ դեպքում քաղաքացիների գումարները կորելո՞ւ են, և նրանք կտուժեն այնքանով, որքանով խո՞րը կլինի ճգնաժամը:

– Նայած` ինչ ճգնաժամ կլինի և ինչ աստիճանի ուժգնության: Միաժամանակ, ճգնաժամի առկայությունը բնավ չի ենթադրում, որ քաղաքացիները պետք է կորցնեն գումարները: Միջազգային փորձը ցույց տվեց, որ կային ընկերություններ, որոնք իրոք կորուստներ ունեցան, բայց կային ընկերություններ, որոնք օգուտներ ստացան: Կարևոր է, թե ակտիվների կառավարիչներն ինչքան պրոֆեսիոնալ կարող են կառավարել միջոցները և փորձել մասնակիցների համար ապահովել առավելագույն եկամտաբերություն:

Ի վերջո, նրանց նպատակը հավելյալ եկամտաբերություն ապահովելն է: Այն փաստը, որ նման հեղինակավոր և փորձառու ընկերություններ են մուտք գործել հայաստանյան շուկա, լրացուցիչ վստահություն է տալիս, որ նրանք արդյունավետ կարող են կառավարել ռիսկերը:

– ԿԲ-ի մասնագետներին առավել ի՞նչն է մտահոգում կենսաթոշակային նոր համակարգում, Ձեր կարծիքով` ի՞նչն է խոցելի:

– Ընդհանուր առմամբ, ցանկացած ռեֆորմ, ցանկացած քաղաքականություն, որ իրականացվում է, բնականաբար, ունի որոշակի ռիսկեր: Ամենակարևորն` այդ ռիսկերի արդյունավետ կառավարումն է: Մեխանիզմը, որով իրականացվում է այս բարեփոխումը, ռիսկերը նվազագույնի է հասցրել: Այս ռեֆորմը մեր նորանկախ երկրի պատմության ընթացքում ամենաերկար քննարկված ու ամենաերկարաժամկետն է, արդյունքները երևալու են 20-30 տարվա ընթացքում: Յուրաքանչյուր ռեֆորմի մեկնարկ մի փոքր դժվար է, քաղաքացիների մտավախությունն էլ` հասկանալի: Սակայն գործող համակարգն իրեն չի արդարացնում: Այս ռեֆորմով մենք գնում ենք դեպի «արդարության սկզբունք», և գործընթացի պտուղները կերևան մոտ 20 տարվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս