«Թող իշխանությունները կամ թույլ տան ապրենք, կամ օգնեն փախնենք-փրկվենք»

Ասում է ազգությամբ եզդի Զոհրաբ Ուսոյանը

Ազգությամբ եզդի Զոհրաբ Ուսոյանը դիմելով «168 Ժամ» թերթին` խնդրում է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում մեծ թվով եզդիներ են ապրում՝ անդրադառնալ նաև նրանց կենսական խնդիրներին: Նա վստահեցնում է, որ Հայաստանի այս գործազրկության, աղքատության, օրեցօր թանկացող պարենային սննդամթերքի և կոմունալ վարձավճարների գների պայմաններում այսօր շատ եզդիներ արտագաղթում են այլ երկրներ:

Ինքը՝ Զ. Ուսոյանը, լինելով երեք անչափահաս երեխաների հայր՝ Ռուսաստան մեկնելու ելքեր է որոնում: «Հայաստանը լավ երկիր ա, հայերը՝ լավ ժողովուրդ են: Որպես ազգային փոքրամասնություն մենք Հայաստանը սիրում ենք, մեզ լավ ենք զգում էս երկրում, բայց չենք կարում ապրենք: Առաջ մի կերպ յոլա էինք գնում, իսկ հիմա անհնար ա»,- արդարացիորեն դժգոհում է Զ. Ուսոյանը` մանրամասնելով Հայաստանի սոցիալական պաշտպանության այն մոդելի մասին, որից արդեն տասը տարուց ավելի դժգոհում են ՀՀ քաղաքացիները:

Ezdi yntaniq (8)

Կարդացեք նաև

Բանն այն է, որ լինելով սոցիալապես խիստ անապահով վիճակում, այս ընտանիքը նախկինում նպաստառու է եղել և յուրաքանչյուր ամիս ստացել է 32.000 դրամ աղքատության նպաստ: Մինչդեռ երեք երեխաների հոր՝ Զ. Ուսոյանի զբաղվածությունն առիթ է հանդիսացել, որպեսզի Սոցիալական աջակցության տարածքային գրասենյակից նրանց այլևս նպաստառուների ցուցակից դուրս թողնեն: Զ. Ուսոյանը ներկայումս աշխատում է «Սանմաքրում» ՓԲԸ-ում, աղբահանություն է կատարում, որի համար ստանում է 52.000 դրամ աշխատավարձ: ««Փարոսի» գրասենյակից իմացան ու ասեցին՝ «Աշխատավարձդ բավարար ա ապրելու համար, նպաստից զրկում ենք»:

Հիմա ասեք՝ 52.000 դրամով ես ո՞նց երեք երեխա պահեմ, ո՞նց ապրենք էս թանկ պայմաններում, ուտելիքը` թանկ, հոսանքը` թանկ, լավ ա՝ գազ չենք վառում, ինչքան փետ-մետ, զիբիլ կա, լցնում-վառում ենք, որ երեխեքը չցրտահարվեն»,- դժգոհում է Զ. Ուսոյանը՝ հավատացնելով, որ իր աշխատավարձով անգամ երեխաների դպրոցական ծախսերը չեն կարողանում հոգալ:

Ezdi yntaniq (2)

Այլ կերպ ասած՝ Հայաստանի սոցիալական քաղաքականության պարադոքսը կայանում է նրանում, որ պետությունը մարդու աղքատության իրավունքը «ճանաչելու» համար պարտադրում է գործազրկություն, հակառակ դեպքում աղքատության կարգավիճակն ու նպաստ ստանալու իրավունքը չի ամրագրվում համապատասխան կառույցում: Հետևաբար, ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքը պարտավոր է ընտրել՝ կամ գործազրկության պայմաններում ստանալ 32.000 դրամ աղքատության նպաստ, կամ՝ սև աշխատանքով՝ աղբահանությամբ վաստակել ընդամենը 52.000 դրամ:

Ezdi yntaniq (1)

Այս տրամաբանությամբ պետք է ենթադրել, որ պետությունը խրախուսում է ոչ թե զբաղվածությունը, այլ՝ գործազրկությունը, որի արդյունքում ազգաբնակչության մի զգալի հատված տարիներ շարունակ մնում է ՀՀ իշխանություններից կախման մեջ: «Ոչ մի կերպ չենք կարողանում ապրենք: Ոնց հայ ժողովուրդն ա Հայաստանից փախնում, նենց էլ՝ եզդիները: Եթե կարողանայինք թռնելու տոմսի ճար անեինք՝ հենց էսօր էլ կփախնեինք: Եզդիները Հայաստանը սիրում են, բայց չենք կարում ապրենք: Ես իմ աշխատանքից դժգոհ չեմ, ես աշխատող մարդ եմ, բայց երկրից եմ դժգոհ:

Ezdi yntaniq (5)

Ezdi yntaniq (4)

Ասում են՝ մենք ազգային փոքրամասնությունների իրավունքները ճանաչում ենք, հարգում ենք իրանց, տեղ ենք տալիս, հա, էլի ճանաչում են, բայց ապրելու հնարավորություն չեն տալիս: Չեմ ասում` մենակ եզդիներն են սենց վիճակում, հայերն էլ ահավոր վիճակում են, մարդիկ չեն կարում ապրեն, փախնում են, բայց ախր սենց ո՞նց կլինի»,- ասում է նա՝ հավատացնելով, որ եզդիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեզ հայտնի կառույցն էլ՝ «Լափում են, իրանց համար ուտում են, իսկ եզդիներին` ոչինչ: Մեր համայնքին ոչնչով էլ չեն աջակցում:

Եթե Ազիզ Թամոյանը լավ ղեկավար է, թող մի օր մտնի իր հայրենակիցների տուն, տեսնի` ոնց են եզդիներն ապրում: Զ. Ուսոյանը կնոջ և երեխաների հետ բնակվում է Շենգավիթ համայնքում գտնվող հանրակացարանում արդեն յոթ տարի: Նա ՀՀ իշխանություններին կոչ է անում` կամ մարդկանց թույլ տալ ապրել, կամ օգնել` փախնելով այլ երկիր՝ փրկվել:

Ezdi yntaniq (7)

Ի դեպ, Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը երեկ «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում հավաստիացրել է, որ Հայաստանում բնակվող եզդիների թիվն ուղիղ կեսով կրճատվել է, քանի որ նրանք արագ տեմպերով արտագաղթում են: «Եթե նախկինում նրանք երկիրը լքում էին աշխատանք չունենալու, սոցիալական վատ պայմանների պատճառով, ապա հիմա այս խնդիրներին գումարվել են նաև կոմունալ բարձր վարձավճարները»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս