«Ընդամենը խնդրում եմ, որ դատարանն արդարադատություն իրականացնի»
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ նշանակված էր ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը: Նիստը, սակայն, հետաձգվեց, քանի որ նիստին չէր ներկայացել տուժող կողմը: Վերջիններս իրենց կարծիքը պետք է հայտնեին գործով երկու ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի միջնորդությունների մասին. ամբաստանյալները միջնորդել են իրենց նկատմամբ համաներում կիրառել և կարճել հարուցված քրեական գործի վարույթը:
Նշենք, որ ամբաստանյալ Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով ՊՆ զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ` չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս: Հոսպիտալի նախկին պետ Միքայել Միքայելյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
Երկու ամբաստանյալներին էլ մեղադրանք է առաջադրվել ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մաս):
Քրեական գործի զարգացումների մասին զրուցել ենք ամբաստանյալ Միքայել Միքայելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանի հետ:
– Դուք նշում եք, որ մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանն այս քրեական գործով չպետք է ճանաչված լիներ որպես տուժող: Ինչո՞ւ եք այդպես կարծում:
– Քրեական գործը հարուցվել է Հայկ Խաչատրյանի մահվան փաստի առթիվ: Հետագայում կատարվել են մի շարք փորձաքննություններ, այդ ընթացքում կալանավորվել է Մինաս Մկրտչյանը ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև բժշկական սխալ, եթե չեմ սխալվում: Այդ ընթացքում դեռևս փորձաքննությունները պատրաստ չէին: Միայն հիմք էր ընդունվել, որ բժիշկների անփութության հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ, այսինքն՝ մարդու մահ:
Մեղադրանք չէր առաջադրվել, բայց քննարկվել էր նաև բժշկական սխալի վարկածը: Դրանից հետո փորձաքննություն կատարվեց, և փորձաքննությունը կատարվել էր հանրապետության բոլոր գլխավոր մասնագետների մասնակցությամբ. հանձնաժողովը ստեղծվեց առողջապահության նախարարի հրամանով, և դատաբժշկական համալիր փորձաքննություն կատարվեց:
Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ մահվան և բժիշկների գործողություններում պատճառահետևանքային կապ առկա չէ: Այսինքն՝ նրանք այնպիսի գործողություն չեն կատարել, որը կարող էր հիմք հանդիսանալ, պատճառ հանդիսանալ, որ զինվորը մահանար: Այդ պարագայում, սակայն, Զինվորական դատախազությունը, փաստորեն, ձեռնպահ մնաց գործին ճիշտ լուծում տալ, քանի որ տուժող կողմը բողոքում էր, զինվորի հայր էր, և այլն:
Ես չեմ ուզում այս պահին փակագծերը բացել, միգուցե և այդպես գտան, որ ճիշտ լուծում հնարավոր կլիներ տալ: Գործը որակվեց Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով, և ուղարկեցին դատարան: Երկու անձանց՝ գնդապետին և փոխգնդապետին, մեղադրանք առաջադրեցին միջին ծանրության հանցագործություն կատարելու համար, որն ընդհանրապես որևէ կապ չունի գործով տուժողների հետ:
Բոլոր փորձագետները միաբերան, ի դեպ, հանձնաժողովի անդամ են եղել հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը, բոլոր մասնագետները եղել են հանրապետության գլխավոր մասնագետների մակարդակով, ովքեր հատագայում դատաքննության ընթացքում նաև հարցաքննվեցին, մի բան էին պնդում, որ ջրծաղիկի վիսցերալ ձևը (ջրծաղիկի հենց այս ձևն է ախտորոշվել Հայկ Խաչատրյանի մոտ.- Օ.Հ.) ունի 99 տոկոս մահացելիություն:
Այսինքն՝ ջրծաղիկի վիսցերալ ձևով հիվանդը չի փրկվում: Մասնագետներից մեկը, ով ասաց, որ ինքն ունի ինֆեկցիոնիստի 45 տարվա փորձ, ասաց, որ իր պրակտիկայում ընդամենը 4 դեպք է հանդիպել, դա շատ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, այդ չորս դեպքի պայմաններում էլ բոլորը մահվան ելքով են ավարտվել: Աշխարհում չկա դրա բուժումը:
Հայրը դրանից հետո սկսեց մեղադրել, որ երեխան եղել է ընդամենը հասարակ ջրծաղիկ հիվանդությամբ վարակված մարդ, և այդ բուժումը, որ երեխաները ստանում են, իրենց տատիկների ասելով, թեյ խմելով` և անգամ հիվանդանոցային պայմաններում, իրենց տղային լավ չեն նայել, սանիտարական վիճակը լավ չի եղել, քանի որ երեխան արդեն հիվանդ է եղել (դիմային նյարդի բորբոքում ուներ, և նա նյարդային բաժանմունքում բուժվելիս է եղել), վիտամինները, որ ստացել է, բերել է վիսցերալ ձևի՝ ջրծաղիկի հասարակ ձևը վեր է ածվել վիսցերալ ձևի:
Ցանկանում եմ մի բան ասել: Երբ որ մենք փորձագետներին, մասնագետներին, գլխավոր ինֆեկցիոնիստին հարցաքննում էինք և այդ հարցերը տալիս էինք, իրենք զարմացած նայում էին: Միգուցե և մեզ մի փոքր արդեն դնում էին անգրագետի տեղ՝ ինչպե՞ս կարող եք դուք նման հարց տալ, ինչպե՞ս կարող է սովորական ջրծաղիկը վերածվել վիսցերալ ձևի: Չգիտեմ՝ միգուցե դա իրենց համար ծիծաղելի է:
Ես ինքս ուսումնասիրել եմ այդ գրականությունը, ջրծաղիկ հիվանդությունը, ես գիտեի, որ դա անհնարին է, բայց մենք զուտ տուժողին ապացուցելու համար, բոլոր բարոյական և մարդկային նորմերը պահելու համար` դա անում էինք, որպեսզի տուժողն ի վերջո հասկանար: Ցավալի է, դաժան է, բայց դա իր երեխայի ճակատագիրն էր, և այսօր ոչ ոք մեղավոր չէր դրանում: Բայց ապարդյուն:
Մենք չկարողացանք հասնել նրան, և տուժողը, ընդհանուր առմամբ դատական նիստերի ընթացքում իր անվայելուչ պահվածքով, մասնագետներին անպատվելով, չեմ խոսում արդեն, որ ամբաստանյալի աթոռին հայտնված այս պարկեշտ մարդկանց անպատվելով և ամենավերջին անեծքներ ու լուտանքներ գլխին թափելով՝ տարի ու կես դատական նիստ արեցինք:
Ես գտնում եմ, որ դատարանն անգամ իր լիազորությունների շրջանակից դուրս է եկել այս գործը քննելիս, որովհետև այս գործով քննել և նորից բերել մահվան հետ կապված ինչ-որ հարցադրումներ կատարել և երկրորդ փորձաքննությունը նշանակել… Չգիտեմ՝ միգուցե դատավորը փորձեց օբյեկտիվություն, լրիվություն, բազմակողմանիություն ապահովել, բայց դա արդեն ավելորդ ջանասիրություն էր, որովհետև այս գործի շրջանակներում ինքը պետք է որոշում կայացներ, որ այդ մարդիկ տուժող չեն:
Եվ այսօր դատավորն իր իսկ կայացրած որոշման պատճառով, ես գտնում եմ, որ ընկել է կրակը: Փորձաքննությունը նշանակեց, նորից երկու ամիս սպասեցինք, մինչև եկավ հաջորդ եզրակացությունը: Այս եզրակացությունը նույնպես ասաց, որ որևէ պատճառահետևանքային կապ բացառվում է: Օբսերվացիոն ռեժիմի հայտարարված-չհայտարարված լինելը, գրավորը կամ բանավորը նույն հետևանքներն ունեն, և ընդհանրապես ջրծաղիկ հիվանդության վիսցերալ ձևի հետ ոչ մի կապ չունեն: Այսինքն՝ ևս մեկ անգամ բերեց, հիմնավորեց, որ այս մարդիկ անմեղ են: Մեր պաշտպանյալներն անմեղ են:
Մենք մեր պաշտպանյալներին փորձեցինք համոզել, որ մենք պետք է պայքարենք, որ հասնենք արդարացման դատական ակտի, բոլոր ապացույցներն ունենք: Իրենք ասացին՝ ընդամենը դուրս գանք այս վիճակից, որպեսզի այս անեծքները չլսենք: Եվ համաձայնեցինք, որպեսզի համաներում կիրառվի: Մինչ դա, երբ դատարանում ստացվեց փորձագետի եզրակացությունը, տուժող կողմն իր հերթական շոուն արեց դատարանում, հերթական անեծքների ու լուտանքների տարափը թափվեց: Ե՛վ մեղադրողին են անպատվում, և՛ դատարանին, և՛ պաշտպաններին, և՛ նրանց պաշտպանյալներին:
Այսօր, փաստորեն, մենք այդ մարդկանց պահում ենք պատանդի կարգավիճակում: Մարդիկ իրավունք չունեն դուրս գալու, որովհետև նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված 2 տարի՝ 2012թ. դեկտեմբերի 30-ից սկսած մինչ այսօր՝ 2014թ. հունվարի 15-ը, ամեն օր այդ պրոցեսը շարունակվում է: Արդեն երկրորդ տարին լրացել է, մեք դեռևս չենք կարողանում լուծում տալ:
Ես երեկ դատարանում ուղղակի չկարողացա ավելի լայն ներկայացնել, ամբողջ ծավալով ներկայացնել իմ առարկությունները, համենայն դեպս, եթե հաջորդ դատական նիստին նման ձևով դատավորը կշարունակի, թեկուզ գտնում եմ, որ դատավորը բազմակողմանի քննություն է արել, բայց դատավորին ինքնաբացարկ եմ հայտնելու, քանի որ դատավորն արդեն իսկ ավելորդ ջանասիրություն է ցուցաբերում: Եթե մի պարագայում ընդունում ենք և մարդկային, և բարոյական առումով, որ տուժող կողմ է, որ զինվոր է մահացել, որ որդեկորույս հայր է, բա այս կողմի մարդկանց, բա հավասարության սկզբունքը:
Ընդունենք, որ այս մարդիկ են, չգիտեմ` հանցագործներ են, պետք է կախաղա՞ն բարձրացնենք:
Չէ՞ որ ապացուցվել է, որ այս մարդկանց գործողություններում բան չկա, ու այս պարագայում մենք էլի տուժողի պահվածքին զոհ ենք գնացել, կուլ ենք գնացել ու չենք կարողանում դատական նիստերը շարունակել: Ստացվում է, որ եթե տուժողը հիմա նորից չգա, կարող են մենք 5 անգամ էլ հետաձգել այս նիստերը, մինչև տեսնենք` հաջորդ անգամ կգա, կանպատվի մեզ, կգա, կասի` առարկում եմ կամ չեմ առարկում, չգիտեմ, ինչ-որ մի բան: Դրա համար դատարանը թող արադարադատություն իրականացնի և արդարացի որոշում կայացնի, որ այս գործում ընդհանրապես որևէ մեկը տուժող չէր, և պետք է արդարացման դատական ակտ կայացվի:
– Այսինքն՝ ընդհանուր առմամբ դե՞մ էիք համաներում կիրառելու մասին որոշմանը և կարծում եք, որ ամբստանյալները պետք է արդարացվե՞ն:
– Այո՛: Ես միջնորդությունը ներկայացնելիս էլ ասացի, որ որպես իրավաբան` ես գտնում եմ, որ մեր կողմից սխալ որոշում է այդ միջնորդությունը ներկայացնելը, և գտնում եմ, որ բոլոր ապացույցներով հիմնավորվել է, որ մեր պաշտպանյալներին պետք է արդարացնեն:
Բայց քանի որ որպես պաշտպան` իրավունք չունեմ այլ գործողություն կատարելու, քան իմ պաշտպանյալների շահերից բխող և նրանց հանձնարարությունները կատարելու, ես այդ միջնորդությունը ներկայացնում եմ: Ընդամենը ներկայացնում եմ, որովհետև իմ պաշտպանյալն այդպես է ցանկացել, բայց բնավ նրա հետ չեմ կիսում այդ կարծիքը:
– Տուժող կողմի դիրքորոշումը համաներում կիրառելու միջնորդության վերաբերյալ որքանո՞վ է կարևոր:
– Համաներման ակտում հստակ նշված է, որ տուժողի դիրքորոշումը պետք է հարցնել քաղաքացիական հայցի հետ կապված, որպեսզի կարողանան պարզել քաղաքացիական հայց կա՞, թե՞ չկա, տուժողին պատճառված վնասը հարթվե՞լ է մեղադրյալների կողմից, թե՞ ոչ: Այդ պահանջները դրված են համաներման ակտի մեջ: Ես ընդունում եմ՝ այս պարագայում դատարանը պարտավոր պետք է լիներ այդ հարցերի լուծումը տալ, պարզաբանումներ ստանալ, նոր համաներում կիրառել: Բայց ես երեկ դիտավորությամբ բերեցի այդ փաստաթուղթը հրապարակեցի, որ տուժող կողմը եթե անգամ գտնում է, որ այս գործով տուժող է, թաղման ծախսերի կամ ինչ-որ հարցերի համար պետք է փոխհատումցման պահանջ ներկայացնի, ինքն այդ փոխհատուցումն արդեն իսկ կառավարության որոշման հիման վրա Պաշտպանության նախարարությունից ստացել է: Այսինքն՝ դատարանն իրավունք էլ չի ունենա լրացուցիչ ծախսեր բավարարել:
Բայց այստեղ օրենսդրական բաց է: Եթե նա ստացել է, բերի մի հայց էլ ներկայացնի, կարող է գալ, ասել` երեք տարի հետո եմ ներկայացնում: Այս մարդկանց նկատմամբ համաներում չպե՞տք է կիրառվի: Այստեղ է կազուսը: Ես դրա համար գտնում եմ, որ եթե դատարանը լինի օբյեկտիվ, անկախ այն հանգամանքից՝ ամբաստանյալները նման միջնորդություն ներկայացրե՞լ են, թե՞ ոչ, արդարացման դատական ակտ պետք է կայացի:
Ընդամենը խնդրում եմ, որ դատարանն արադարադատություն իրականացնի, և մրցակցության սկզբունքը, որի մասին երեկ դատավորը խոսում էր, գործի ոչ միայն տուժողի պարագայում, այլ նաև հաշվի առնվեն ամբաստանյալների շահերը: