Սուրճի գերիչ բուրմունքի որոգայթները
Ինքս սիրում եմ այդ ըմպելիքը և իմանալով դրա որոշ վնասակար հատկությունների մասին` պարզապես կազմել եմ որոշակի ժամանակացույց, որն աշխատում եմ խստորեն պահպանել։
Սուրճը կարող է հատկապես վնասակար լինել ցուրտ և խոնավ եղանակներին։
- Ցիստիտի դեպքում սուրճը կարող է նպաստել այտուցների ընդարձակմանը, բորբոքային ընթացքի զարգացմանը, ցավի ուժգնացմանը։
- Կոֆեինը բարձրացնում է իմունային համակարգի ակտիվությունը (կարճատև, սուր սթրես), խթանում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, կանխարգելում է 2-րդ տեսակի շաքարային դիաբետի և շագանակագեղձի հիվանդությունների զարգացումը։
- Սուրճը ստիպում է, որպեսզի օրգանիզմը հավաքագրի իր կենսական ուժերը և ուղղի այժմեական` կենսական, մտավոր կամ ֆիզիկական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ։ Ցավոք, մեկ գավաթ սուրճի նման ազդեցության ժամանակահատվածը բավականին կարճ է, և մարդը խմում է հերթական գավաթը` հաճախ կորցնելով դրանց հաշիվը։
- Ի՞նչ հետևանքի է այդ ամենը հանգեցնում. օրգանիզմն արդեն հոգնած է և ունի հանգստի կարիք, իսկ վերջին գավաթ սուրճը հրահանգում է, որ դեռ շուտ է, և կարելի է ևս մեկ-երկու ժամ «աշխատել»։ Առավոտյան կրկին կա սուրճի պահանջ, և այս ամենը կուտակվելով` հանգեցնում է օրգանիզմի պաշտպանողական համակարգի զգալի թուլացմանը։ Յուրաքանչյուր գավաթ սուրճը խթանում է ուղեղի աշխատանքը և շեղում մարդուն առողջ սննդակարգից։ Սուրճը հավաքագրում է օրգանիզմի կենսական ռեսուրսը և միաժամանակ թուլացնում բջջային իմունային համակարգը։ Վատանում է բջիջների սնուցումը, որոնք սկսում են վաղաժամ ծերանալ։
- Սուրճը, մեծ հաշվով, խթանիչ է, որն ազդում է սրտի աշխատանքի ռիթմի և կրճատումների ուժգնության վա։ Գիտնականները պարզել են, որ կոֆեինը կարող է նույնիսկ փոխել մարդու ինքնությունը։
Հետևություն. Սուրճի կիրառումը` որպես խթանիչ, վնասակար է առողջությանը։
- 2013թ. օգոստոսի 16-ին «Mago Clinic Proceedings» պարբերականում հրապարակվել են տվյալներ, որոնք ուղղակիորեն հաստատում են մեր մտավախությունը։ Վիճակագրական տվյալների ամփոփումը հստակ կախվածություն է ուրվագծել 55 տարին չլրացած մարդկանց վաղաժամ մահացության հաճախության և նրանց օրվա ընթացքում խմած սուրճի գավաթների (կոֆեինի քանակության) միջև։ Ընդ որում, մահվան պատճառ կարող է հանդիսանալ ցանկացած հիվանդություն։
Պարզվել է, որ սահմանային է` օրը 4 սովորական գավաթ սուրճը. այդ և ավելի բարձր չափաբաժինները 56 տոկոսով ավելացնում են մահացությունը այն խմբի համեմատությամբ, որի մասնակիցներն ընդհանրապես սուրճ չեն օգտագործել։ Հետազոտվող կանանց շրջանում մահացության աճն ավելի ցածր է եղել։
Սուրճը և անեմիան
- Սուրճն ունի երեք առանձնահատկություններ, որոնք կարող են ազդել հեմոգլոբինի մակարդակի վրա։
1. Սուրճը լուծում է կալցիումը և նպաստում դրա հեռացմանն օրգանիզմից, իսկ կալցիումը խոչընդոտում է երկաթի յուրացմանը։
2. Սուրճը և թեյը (հատկապես` սևը) խոչընդոտում են երկաթի յուրացմանը։
Սուրճի երկու վերոգրյալ առանձնահատկությունները հակասական են, և հետազոտությունները ցույց են տալիս, որ գերակշռող է երկրորդը. սուրճը նպաստում է երկաթի սակավությամբ բնորոշվող անեմիայի զարգացմանը։
3. Սուրճն ուժեղացնում է հակաբիոտիկ և որոշ ցավազրկող դեղերի ազդեցությունը, որոնց չարաշահումը նույնպես խոչընդոտում է երկաթի յուրացմանը և համապատասխանաբար նվազեցնում թթվածնի պարունակությունն արյան մեջ։ Անեմիայի ախտանիշերից մեկն է հաճախ կրկնվող գլխացավը, քանի որ հեմոգլոբինի սակավությունն առաջացնում է թթվածնային քաղց, ինչի հետևանքով «լարվում» են ուղեղը սնուցող արյունատար անոթները։
Հասկանալի է, որ երկաթի (հեմոգլոբինի) սակավության դեպքում անհրաժեշտ է հրաժարվել սուրճից, սակայն դա պետք է անել` հետզհետե իջեցնելով օրվա չափաբաժինը, այլ կերպ կարող է առաջանալ գլխացավ։
Սուրճը և ծխախոտը
Այս «անբաժան» զույգը կարող է խթանել դժվար աղտոտվող անեմիայի զարգացման ընթացքը։ Ծխող և հատկապես մոլի ծխող մարդկանց մոտ հեմոգլոբինի մակարդակի և և էրիթրոցիտների քանակների ցուցանիշները հաճախ նորմայի մեջ են։ Ավելին, ստացվում է այնպես, որ կարծես թե որքան մարդը շատ է ծխում, այնքան այդ չափորոշիչներն ավելի մոտ են դրականին։ Հանելուկի պատասխանը հետևյալն է. գլանակի մեջ պարունակող ածխածնի օքսիդը (CO) միանալով հեմգլոբինի մոլեկուլի հետ` «զբաղեցնում» է թթվածնի ատոմների տեղը և արդյունքում նկատվում է դիմադրողականության անկում, դաշտանի պարբերության կրճատում և առատություն, մազաթափություն, «այրող» զգացում լեզվի վրա, և այլն։
Սուրճը և ֆիտնեսը
Որոշ հետազոտողներ խորհուրդ են տալիս խմել 1 գավաթ սուրճ ֆիզիկական վարժություններից հետո, հիմնավորմամբ, որ սուրճը հանում է մկանների լարվածությունը։ Կարևոր է իմանալ, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ավելացնում է երկաթի սպառումը, ինչն առաջին հերթին անդրադառնում է փայծաղի վրա (տե՛ս` Ջ. Սահակյան, Փայծաղը զտում է արյունըգ 168 Ժամ, 5.12.2013թ.)։
Սուրճը` նիհարեցնող սննդակարգում
Սուրճը նպաստում է ճարպերի այրմանը, թունավոր նյութերի հեռացմանն օրգանիզմից, բարձրացնում է հյուսվածքների զգայունությունն ինսուլինի հանդեպ։ Եթե սննդակարգից հանված է մսեղենը, ապա միանշանակ պետք է հրաժարվել սուրճ և թեյ պարունակող ըմպելիքներից։
Կարևոր է իմանալ, որ երկաթի յուրացմանն առավելապես նպաստում են մաղադանոսը, կիվին և նարնջի, գրեյպֆրուտի, խնձորի հյութերը.
– Խմեք օրը 100-200 մլ թարմ հյութեր։ Կերեք 1-2 հատ կիվի, մաղադանոսի 1-2 տերևիկ` ամեն օր։
Սուրճը և վահանաձև գեղձը
Վահանաձև գեղձն արտադրում է երկու հիմնական` տիրոքսին և եռայոդտիրոնին հորմոններ, և ևս մեկ հորմոն, որը կոչվում է կալցիտոնին։ Կալցիտոնինը կարգավորում է կալցիումի փոխանակման գործընթացն օրգանիզմում։ Վահանագեղձի հիպերտերիոզ հիվանդության դեպքում ավելանում է կալցիտոնինի արտադրությունը և խոչընդոտվում կալցիումի յուրացումը։ Այս հիվանդության դեպքում սուրճը խստիվ հակացուցված է։
Սուրճը և ժառանգականությունը
Բժշկական գիտությունը վաղուց ի վեր ապացուցել է, որ սուրճը կանխարգելում է ցնցակաթվածի (Պարկինսոնի հիվանդություն) զարգացումը։ Նաև հայտնի է, որ կոֆեինը վերամշակվում է լյարդի հատուկ խմորիչների միջոցով, որոնց գոյացման և ակտիվության չափը վերահսկում է մեկ որոշակի գեն։ Կախված այդ գենի առանձնահատկություններից կամ օրգանիզմի առողջական վիճակից` կոֆեինը յուրացվում է տարբեր ժամկետներում։
Մոտ 3 տարի առաջ (Significant development in Parcinsonգs researchգ, Medical News Today, 30.09.2010.) Նյու Յորքի Առողջապահության դեպարտամենտում հետազոտել են չորս հազար կամավորների գենոմի ամբողջական քարտեզը։
Պարզվել է, որ GRIN2 A գենը զգալիորեն ուժեղացնում է սուրճի կանխարգելիչ ազդեցությունը պարկինսոնիզմով հիվանդների վրա։
- Սակայն այդ գենը հայտնաբերվել է հետազոտվողների ընդամենը մեկ քառորդի մոտ։
- Սուրճի չարաշահումը կարող է զգալիորեն նվազեցնել բնական եղանակո հղիանալու հավանականությունը։ Բազմաթիվ հետազոտողներ գտնում են, որ սուրճը կարող է առաջացնել վիժում կամ կունենա բացասական ազդեցություն պտղի զարգացման վրա։ Ինչպես ասում են` «շառից, փորձանքից»։
Սուրճը և գունաբուժությունը
«Երկնագուն կապույտը շատ լավ կազդէ մեր առողջութեան վրայ և ասոր համար հիվանդանոցներու մեջ ամենէն աւելի գործածուած գոյնն է։
Կապույտ ճառագայթներով բուժումն ալ մեծ համեմատութիւններ ստացած է» (տե՛ս Ջ. Սահակյան, Գույների բուժիչ գաղտնիքները, «168 Ժամ», 26.11.2013թ.)։
- 2014թվականի առաջին օրը տարածվել է հետևյալ հաղորդագրությունը. «Կապույտ լույսը նպաստում է ուղեղի կենտրոնացմանը և ավելի արդյունավետ է, քան սուրճը»։
Հետազոտության հեղինակները շվեդ գիտնականներն են։
Հայտնի է, որ Սկանդինավյան երկրներում (Շվեդիա, Ֆինլանդիա) սուրճի սպառումն ամենաբարձրն է աշխարհում (և ցածր է 1-ին կարգի դիաբետով հիվանդների թիվը)։
«Այժմ մենք կարող ենք կիրառել կապույտ լույսը այն աշխատանքային տեղերում, որտեղ պահանջվում են բարձր ուշադրություն և զգոնություն»,- ասել է հետազոտող խմբի ղեկավար Մարտին Բիվերը։
Պարզվել է, որ սուրճի և կապույտ լույսի համադրումը սրում է զգայարանները, բարձրացնում է որոշումներ ընդունելու ունակությունը և դրանց ճշտությունը։ Այնուամենայնիվ այդ զույգի` լույս+կոֆեին, առաջատարը կապույտ գույնի լույսն է։ Օգտագործվող կոֆեինի չափաբաժինը եղել է 240 մգ (մոտ 2-3 գավաթ)։
Ըստ հեղինակների հետազոտության արդյունքները միանշանակ են և չեն կարող կասկածի տակ դրվել։
Արդյո՞ք սուրճի սերմն ունի նիհարեցնող հատկություն
Սուրճի կանաչ սերմն, ըստ վերջին հաղորդագրությունների, լավագույն նիհարեցնող միջոցն է, որը տրոհում է ճարպերը և չի վնասում առողջությունը։
Գիտնականները կարծում են, որ սուրճի կանաչ սերմն իջեցնում է ճնշումը և արագացնում նյութափոխանակությունը։ Կանաչ սերմի կարևորագույն բաղադրիչն է քլորոգենի թթուն, որը դանդաղեցնում է ածխաջրերի փոխակերպումը գլյուկոզայի, ինչի շնորհիվ հիպոֆիզն արտազատում է աճի հորմոնը, որը նպաստում է ճարպերի արագ յուրացմանը և հեռացմանն օրգանիզմից (կամ այլ կերպ` «այրմանը»)։ Սուրճը բարձրացնում է հյուսվածքների զգայունությունն ինսուլինի հանդեպ։
Սուրճը և գուշակությունը
Իսկ վերջում ցանկանում եմ, որ ձեր գավաթի մեջ հայտնվեն միայն բարու խորհրդանիշեր։
- Սեր, հաջող ամուսնություն` իրար նայող երկու դեմք, երկու դեմք շրջանի մեջ, աղջիկ, տարեց կին, թիթեռ, գորտ, ծաղիկ, երեք հատվող եռանկյունիներ, օվալ, թվանշաններ` մեկ, վեց, յոթ։
- Հաջողություն գործերում` ցուլը բլուրի վրա, ուղտ, կարապ, ճանճ, գլխիվայր աքաղաղ, փիղ, պատառաքաղ, դուռ, սև կետերով շրջապատված տուն, բահ կնոջ ձեռքին, մկրատ, աթոռ, եռանկյունի, օվալաձև բլուրներ, թվանշաններ` երեք, տասը։
- Երջանիկ ընտանեկան կյանք, սեփական տուն` աքաղաղ, տանիքով տուն, շրջան և կողքին տուն, սպիտակ խաչ, ուղիղ երկար գիծ, թվանշան յոթ։
- Առողջություն` շատ ուղիղ գծեր, ընդհատվող եռանկյունիներ։
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: