Ինչքանով են արտագաղթի պատճառները տարբերվում Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում
Արտագաղթի միտումներ նկատվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՊՀ այլ երկրներում: Թեպետ արտագաղթի ծավալները ԱՊՀ տարբեր երկրներում տարբեր են, դրանց համեմատական վերլուծությունը թույլ է տալիս պատկերացում կազմել խնդրի խորության և արտագաղթ ծնող հիմնական պատճառների մասին:
Ռուսական www.gazeta.ru կայքը 2011թ. օգոստոսին հրապարակել էր մի հոդված, որն անդրադառնում էր Ռուսաստանից արտագաղթի պատճառներին: Հոդվածը վերնագրված էր՝ «Ինը պատճառ, որոնք ինձ ստիպում են լքել Ռուսաստանը», և մանրամասն վերլուծում էր շարադրված պատճառները: Նշված կայքը գրում է, որ այդ «թեման ֆորումում պայթյունի նման բուռն արձագանք է ստացել», և որոշ ժամանակ անց այն վերահրապարակվել է՝ հաշվի առնելով նաև ընթերցողների արձագանքը:
Ստորև համեմատություն կանցկացնենք այդ հոդվածում շարադրված՝ Ռուսաստանից արտագաղթի պատճառների և Գոլոլեան Հիմնադրամի (Կանադա) կողմից հովանավորված ու հայաստանյան հետազոտական խմբերի կողմից հեղինակած՝ «Հայաստանի բնակչության թվի անկումը. Ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» խորագրով զեկույցում նշված պատճառների միջև:
Այսպիսով, Հայաստանի հետազոտական խմբերի կողմից հեղինակած ծավալուն զեկույցում նշված` Հայաստանից արտագաղթի պատճառները հիմնականում վերաբերում են հետևյալ ոլորտներին.
- Աշխատատեղերի բացակայություն և կրթական համակարգի թերություններ
- Կոռուպցիա և օրենքի իշխանության պակասություն
- Տնտեսական և դատաիրավական համակարգերի թերություններ
- Կառավարության ոչ հաշվետու քաղաքականություն և մարդկանց օտարվածություն որոշումների կայացման գործընթացից
- Բիզնես ոլորտի թերություններ
- Դերակատարություն ունեցող միասնական ընդդիմության բացակայություն
- Հարկային և մաքսային քաղաքականություն
- Քաղաքացիական հասարակության ազդեցության և հասարակության իրավագիտակցության ցածր մակարդակ:
Ի տարբերություն Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառների, Ռուսաստանից արտագաղթի նշված պատճառների շարքում բացակայում է աշխատանքի առկայության խնդիրը, և Սանկտ Պետերբուրգից ներկայացող հեղինակը նշում է, որ ֆինանսական կացությունը Ռուսաստանից արտագաղթելու որոշման վրա մեծ ազդեցություն չունի: Հոդվածում շարադրված են Ռուսաստանից արտագաղթի հետևյալ հիմնական պատճառները.
- Անվտանգության ցածր մակարդակ
- Առողջապահական համակարգի թերություններ
- Կրթական համակարգի թերություններ
- Պրոֆեսիոնալիզմի պակաս. մարդիկ իրենց տեղում չեն
- Անշարժ գույք ձեռք բերելու հնարավորությունների պակաս
- Կաշառակերություն
- Ապրանքների (առաջին հերթին՝ սննդի) որակի ցածր մակարդակ
- Մարդու իրավունքների և ազատությունների համատարած ոտնահարումներ
- Մարդկանց՝ մեկը մյուսի հանդեպ ցուցաբերած անհանդուրժողականության մթնոլորտ (որն, ըստ հեղինակի, բխում է նախորդ կետերից):
Մեծ հաշվով, և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում արտագաղթը խթանող վերը նշված պատճառների մեծ մասը հիմնականում համընկնում են: Այդ պատճառները հիմնականում վատ կառավարման արդյունք են: Իհարկե, ստեղծված իրավիճակներում իրենց դերն ունեն նաև ընդդիմությունները, քաղաքացիական հասարակությունները և թերզարգացած ինստիտուտները, որոնք շոշափելի ազդեցություն չունեն որոշումների կայացման գործընթացի վրա, սակայն արտագաղթի պատճառների հարցում մեծագույն և հիմնական դերակատարումը բաժին է ընկնում կառավարություններին:
Ըստ վերը նշված՝ Գոլոլեան Հիմնադրամի կողմից հովանավորված զեկույցի, Հայաստանում հարցվածների 34 տոկոսը ցանկանում է մեկնել Հայաստանից: Մեկ այլ՝ Գելափ կազմակերպության կողմից անցկացված հարցումների համաձայն՝ Հայաստանից արտագաղթել ցանկացողների թիվը կազմում է 40 տոկոս, որն ԱՊՀ երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է:
Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում արտագաղթի միտումների հիմնական տարբերությունն այն է, որ Հայաստանում արտագաղթի ծավալները չափից արագ են աճում, ընդհուպ՝ մինչև երկրի անվտանգության համար սպառնալիք դառնալը: Հայաստանից արտագաղթը դարձել է «մոդայի» պես մի բան, և մարդկանց մեծ մասը ցանկանում է արտագաղթել՝ անկախ իրենց զբաղեցրած դիրքից: Բանը հասել է նրան, որ սկսել են արտագաղթել սոցիալապես ապահով մարդիկ՝ մասնագետներ, որոնք Հայաստանում հարգված բժիշկներ և պրոֆեսիոնալներ են, իսկ արտերկրում ստիպված են ամեն ինչ զրոյից սկսել:
Նշված երկու վերլուծությունների համեմատությունը թույլ է տալիս եզրակացնել, որ փոքր թվացող թերությունների ամբողջությունն է, որ ծնում է արտագաղթի «մոդա» և ահագնացող ծավալներ: Արտագաղթը մեկ օրվա որոշում չէ. այն կուտակվում է տարիների ընթացքում՝ վերը նշված և այլ պատճառներից ելնելով, և մի օր այն իր գագաթնակետին է հասնում և պայթում է: Երբ արտագաղթի միտումը դառնում է «մոդայիկ», դրան հաջորդող վտանգավոր փուլը «տագնապն է», որին, կարծես թե, ցավոք սրտի, շատ մոտ ենք:
Այս բոլոր հիմնախնդիրները հայտնի են Հայաստանի քաղաքացիներին, և առավել ևս՝ իշխանություններին: Տարբեր առիթներով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններում և ծրագրերում շոշափվում են այս բոլոր հարցերը, սակայն իրականում գործնական քայլերը ոչ մի կերպ միտված չեն այդ խնդիրների հաղթահարմանը:
Թվում է, թե վերը նշված հիմնախնդիրները կարող են փոքր լինել, բայց դրանց համագումարն է, որ մեծ փոփոխություններ է առաջացնում: Օրինակ, Ռուսաստանից արտագաղթի պատճառների մեջ նշվում է սննդի ցածր որակը: Կարող է թվալ, թե Հայաստանում նման խնդիրն արտագաղթի հետ ոչ մի կապ չունի: Բերենք մի օրինակ:
2011-ին աղմուկ էր բարձրացվել, որ Երևանի սուպերմարկետներից մեկում մանկահասակ երեխայի ծնողը գնել էր ժամկետանց մանկական կեր: Մայրը տանը պարզել էր, որ կերը հին է, այնուհետև ստուգել էր ժամկետը և զարմանքով հայտնաբերել, որ հին ժամկետանց պիտակի վրա երկրորդ շերտով փակցված է եղել նոր պիտակ՝ կեղծ ամսաթվով: Այսինքն, երեխայի հին կերը գիտակցված կեղծիքի արդյունքում հանվել է մասսայական վաճառքի:
Արդյոք եղա՞վ որևէ պատիժ, որը կարող էր բացառել նման երևույթների կրկնությունը:
Այնուհետև եկավ ընտրությունների շրջանը, եղան խոստումներ, նախընտրական ծրագրեր, որոնք խոստանում էին այլ ոլորտների հետ մեկտեղ՝ կարգավորել նաև վաճառվող սննդի ոլորտը՝ սպառողներին առողջ սնունդ ապահովելու նպատակով:
Արդյոք եղա՞վ որևէ համակարգային փոփոխություն, որն ինստիտուցիոնալ մակարդակի վրա կկարգավորեր ոլորտի գործունեությունը: Ո՛չ: Ձեռնարկվող միջոցառումները սահմանափակվեցին մի քանի ընտրանքային ոլորտներում, մասնավորապես՝ պանրի պարունակության մեջ աղիքային ցուպիկների հայտնաբերմամբ, ինչը կարճաժամկետ և ոչ համակարգային գործողություն էր (այն չի կարելի լուծում անվանել, որովհետև դրա արդյունքում ոչինչ չլուծվեց):
Այնուհետև, 2013 թվականին Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում նորածիններ Մերի և Մարիամ Վարդանյանների մոտ մանկական կերի օգտագործումից հետո սուր առողջական իրավիճակ գրանցվեց, և փոքրիկներին նույնիսկ չկարողացան հիվանդանոց հասցնել: Հիշեցնենք, որ երեխաների հոր հաղորդմամբ՝ երեխաների մոտ հիվանդության որևէ նշաններ չեն եղել, և մահը վրա է հասել մանկական սննդի օգտագործումից հետո: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ փորձաքննության արդյունքները նշված կերի պարունակության մեջ առողջության համար վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել:
Սա ընդամենը մի օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող է մարդու մոտ տագնապի զգացողություն առաջանալ, երբ տեսնում է, որ մի քանի հարյուր դրամի համար մանկական երեխայի կեր է կեղծվում՝ առանց հետագա կեղծիքները կանխարգելող պատժի կամ գոնե ինստիտուցիոնալ կանոնակարգման:
Նման օրինակներն առկա են տարբեր ոլորտներում՝ սկսած բիզնես միջավայրի, դատաիրավական համակարգի ոլորտներից, և վերջացրած մարդու իրավունքների պաշտպանության ոլորտով: Ի դեպ, վերջերս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն աղմկահարույց զեկույց հրապարակեց, որտեղ մանրամասն նկարագրվում էր, թե ինչպես են Հայաստանի դատական և քննչական համակարգերը, մեկը մյուսի հետ փոխկապակցված համաձայնությամբ, տարբեր ատյաններով և մակարդակներով պայմանավորված, գործում և գործերը մանիպուլյացիայի ենթարկում: Սակայն կարծես թե դեռևս իրավիճակը շտկելուն ուղղված ոչ մի գործուն քայլ չի նշմարվում:
Այժմ, առավել քան երբևէ, հարկավոր է արագ գործել և շտկել իրավիճակը, քանի որ ժամանակը մեր օգտին չի աշխատում՝ երկիրն աստիճանաբար զրկելով իր մարդկային, մտավոր և արդյունքում՝ նաև ֆինանսական պոտենցիալից:
Կամո Մայիլյան