
Ամուսնական դավաճանության մասին տեղեկատվությունից հետո Օլանդի վարկանիշն աճել է

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը սկսել է բարձրանալ այն բանից հետո, ինչ ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին Հինգերորդ հանրապետության ղեկավարի կողմից իր քաղաքացիական կին Վալերի Տրիերվեյլերին հնարավոր դավաճանության մասին:
Այս մասին են վկայել Nouvel Observateur պարբերականում հրապարակված հարցախույզի արդյունքները: Դրանց համաձայն, Օլանդի վարկանիշն աճել է 2 տոկոսով՝ համեմատած 2013 թվականի դեկտեմբերի ցուցանիշի հետ՝ 24 տոկոսից հասնելով 26 տոկոսի:
Հարցախույզն անցկացվել է հունվարի 10-11-ին, երբ Closer պարբերականն արդեն իսկ աղմուկ էր բարձրացրել՝ հրապարակելով Օլանդի ու նրա սիրուհու՝ դերասանուհի Ժյուլի Գայեի սիրային գաղտնի կապի մասին լուսանկարները: Միևնույն ժամանակ արդեն չորրորդ ամիսն անընդմեջ Օլանդի վարկանիշը չի բարձրանում 30 տոկոսից ավելի: Վերջին անգամ նման ցուցանիշ է գրանցվել 2013 թվականի սեպտեմբերին: