Բաժիններ՝

Հայ ինժեների ստեղծած շարժիչը կխնայի վառելիքը և ավելի քիչ կաղտոտի շրջակա միջավայրը (տեսանյութ)

Օրեցօր աշխարհում պակասում են նավթի պաշարները: Բացի այդ, օրեցօր ավելացող մեքենաների քանակին զուգահեռ՝ ավելացնում են նաև մթնոլորտ արտանետվող գազերը: Այս հարցերի լուծման բանալին, սակայն, արդեն գտնված է:

 

 

 

Կարդացեք նաև

Armen JaghacpanyanԻնժեներ-մեխանիկ Արմեն Ջաղացպանյանը նոր շարժիչի ստեղծման մոդել է նախագծել, որն անհամեմատ ավելի քիչ վառելիք է ծախսում, քան ներկայումս գործածվող շարժիչները, որոնք կիրառվում են, օրինակ`ավտոմեքենաների մեջ: Նոր տեսակի շարժիչը նաև ավելի քիչ է աղտոտում շրջակա միջավայրը: Ըստ մասնագետի` նոր շարժիչի կիրառության դեպքում նավթի և գազի համաշխարհային սպառման ծավալները կարող են նվազել մինչև 2 անգամ:

 

Sveta JaghacpanyanՆոր շարժիչի ստեղծման թիմի անդամ, ինժեներ-ծրագրավորող Սվետլանա Ջաղացպանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այժմ տրանսպորտում, ավիացիայում և այլ ոլորտներում լայնորեն կիրառվում է շուռտվիկ-շարժաթևային  մեխանիզմով ներքին այրման մխոցավոր ավանդական շարժիչը, սակայն, մի շարք պատճառներով՝ չի հաջողվում էապես բարձրացնել մխոցավոր շարժիչի օգտակար գործողության գործակիցը՝ ՕԳԳ-ն, որի պատճառով ծախսված վառելանյութի էներգիայի մեծ մասն անօգուտ կորչում է ջերմության տեսքով։

«Մխոցավոր շարժիչին այլընտրանք կարող էր հանդիսանալ, այսպես կոչված,  Վանկելի շարժիչը, որն ունի մի շարք առավելություններ մխոցավոր շարժիչի նկատմամբ, սակայն, Վանկելի շարժիչի կոնստրուկտիվ առանձնահատկությունների հետ կապված, այդպես էլ չհաջողվեց հասնել վառելանյութի բաղձալի խնայողությանը, ինչի պատճառով Վանկելի շարժիչը պրակտիկ կիրառություն չստացավ և լայնածավալ արտադրության չունեցավ»,- ասաց Ս. Ջաղացպանյանը:

Նրա խոսքով`նոր տեսակի ներքին այրման շարժիչի ՕԳԳ-ն էապես բարձր է արդեն գոյություն ունեցող շարժիչներից. նոր շարժիչը վառելիքը խնայում է ավելի քան 2-ից ավելի անգամ, իսկ  արտանետումները պակասում են նույնքան անգամ` դառնալով չնչին:

sarjic 1 sarjic 2 sarjic 3

Նոր տեսակի շարժիչը պատկանում է ռոտորա-մխոցային շարժիչների դասին, դրա նախագիծը ստանալու համար իրականացվել է երկարամյա տեսական հետազոտություն` հիմնված անալիտիկ հաշվարկների վրա։ «Ստացվել են բացառիկ արդյունքներ, որոնք ապացուցում են, որ նոր շարժիչի տեխնիկական բնութագրերն էապես գերազանցում են մխոցավոր և Վանկելի շարժիչների բնութագրերը»,- ասաց Սվետլանա Ջաղացպանյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ Կառավարությունն արդեն հետաքրքրություն է ցուցաբերել այս գյուտի նկատմամբ, սակայն իրենցից բիզնես պլան են ուզում, որի կազմման համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ իրավաբաններից և տնտեսագետներից բաղկացած թիմ, կամ ֆինանսներ` նրանց ծառայություններից օգտվելու համար, որն իրենք առայժմ չունեն:

«Պարզապես մենք հիմա ամենադժվար փուլում ենք գտնվում և չենք կարողանում ֆինանսավորում գտնել. դրա համար առնվազն բիզնես պլան  պետք է ունենալ, որի համար մեզ մասնագիտական օգնություն է պետք»,- ասաց Ս. Ջաղացպանյանը` նշելով, որ, եթե շարժիչը դրվի լայնամասշտաբ արտադրության և կիրառվի, ապա այն շատ մեծ փոփոխություններ կարող է բերել ինչպես՝ ինժեներիայի, այնպես էլ` բնապահպանության, շրջակա միջավայրի համար:

«Մենք մի կողմից՝ կարող են խնայել Երկրի նավթի պաշարները, իսկ մյուս կողմից` կասեցնել շրջակա միջավայրի աղտոտումը»,- ասաց Ս. Ջաղացպանյանը` նշելով նաև, որ նոր շարժիչը նաև տնտեսապես ավելի էժան է, քան էլեկտրական մարտկոցներով աշխատող մեքենաների շարժիչները, և անհամեմատ ավելի կարճ է դրա լիցքավորման ժամանակահատվածը` էլեկտրական մարտկոցներով սնուցման համեմատ:

Նոր շարժիչի ՕԳԳ-ի անհամեմատ բարձր լինելու հանգամանքը, ըստ մեր զրուցակցի` երբեմն մարդկանց մոտ անգամ թերահավատություն է առաջացնում, սակայն դրա ապացուցման համար իրենք ունեն բոլոր հաշվարկներն ու գծագրերը, բացի այդ, այս գյուտն արդեն պատենտավորվել է ինչպես՝ Հայաստանում, այնպես էլ՝  արտերկրում. միջազգային պատենտ է ձեռք բերել, ինչը խոսում է ասվածի ճշմարտացիության մասին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս