Կառավարությունը չխանգարեց Ծառուկյանին. 150 միլիոն դոլարանոց խաղատունը կգործարկվի
ՀՀ կառավարությունը երեկ հավանության արժանացրեց «Շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթը, որը նպատակ ունի ապահովել նշված օրենքների դրույթների համապատասխանությունը «Լիցենզավորման մասին» օրենքի պահանջներին, ինչպես նաև ոլորտի կարգավորումը և առկա խնդիրների վերացումը:
Այսպիսով, խաղատնային գործունեության ոլորտում կատարված փոփոխություններն ամբողջացվեցին և այս տարվանից խաղատները գործում են նոր՝ ավելի խիստ խաղի կանոններով։
Իսկ նոր կանոնները ենթադրում են, որ 2014թ. հունվարի 1-ից հետո խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել առանձնացված գոտիներում կամ Երևանի մերձակայքում` կառավարության որոշմամբ։ Ըստ օրենքի պահանջների` խաղատուն կամ շահումով խաղեր կարելի է կազմակերպել Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի և Մեղրիի վարչական սահմաններում, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և «Երևան» ազատ տնտեսական գոտու տարածքներում։ Խաղատուն կարելի է կազմակերպել նաև այլ բնակավայրերում` կառավարության կողմից հավանության արժանացած 40 մլրդ դրամից (100 միլիոն դոլարից) ավելի ներդրումային ծրագրի դեպքում։
Ի դեպ, այս փոփոխությունը նոր չէ։ Օրենքն ընդունվել էր դեռ 2010 թվականին և պետք է ուժի մեջ մտներ 2013 թվականի հունվարի 1-ից։
Սակայն 2012 թ. սեպտեմբերին կառավարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ խաղասրահների և խաղատների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ վերջիններս վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրին իրենց դժգոհություններն ու մտահոգությունները։
Խաղատների ներկայացուցիչները նշել էին, որ եթե Ծաղկաձորից, Ջերմուկից և Սևանից բացի, Երևանին ավելի մոտ 40 մլրդ դրամից ավելի գումարով խաղատուն կառուցվի, ապա կձևավորվի մասնավոր մենաշնորհ: Վերջիններս, առանց նշելու կոնկրետ խաղատան մասին, ասել էին, որ նման խոշոր խաղատան գործարկումը նախատեսվում է 2013 թվականին:
Սակայն դեռ այն ժամանակ արդեն ակնհայտ էր, որ խոսքը գնում է Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատան մասին։
Այն ժամանակ, ի զարմանս շատերի, Տիգրան Սարգսյանը ընդառաջ գնաց խաղատների ներկայացուցիչներին։ «Ես ինձ չեմ համարում ձեր ոլորտի ծառայություններից օգտվողների համախոհը, այսինքն` կարծում եմ, որ հայ մարդու կերպարին խաղամոլությունը հարիր չէ: Բայց ես ձեր փաստարկներն ընդունում եմ: Մենք պետք է ձևավորենք ոլորտի գործունեությունը կարգավորող այնպիսի դաշտ, որտեղ հաշվի կառնվեն փոքր և միջին բիզնեսի շահերը, կներդրվեն խաղասրահների գործունեության վերահսկողական խիստ կանոններ, որպեսզի մենք հասարակությանը կարողանանք զերծ պահել ավելորդ ռիսկերից»,- ասել էր Տիգրան Սարգսյանը:
Խոստումն ի կատար ածվեց և կառավարությունը 2012թ. վերջին Ազգային ժողով ներկայացրեց օրենսդրական փոփոխություն, ըստ որի` օրենքի կիրառման ժամկետը հետաձգվեց մինչև 2014թ. հունվարի 1-ը։
Ոմանք այս քայլի մեջ քաղաքական ենթատեքստ էին տեսնում և համարում էին, որ վարչապետն այդ կերպ պատասխանում է Ծառուկյանին՝ ԲՀԿ-ի կողմից իր հասցեին հնչող սուր քննադատության և հրաժարականի պահանջի համար։
ԲՀԿ-ն նախորդ տարի նույնպես բուռն կերպով քննադատում էր կառավարությանը և ոմանց կարծիքով՝ օրենքի կիրառումը կարող էր ևս մեկ տարով հետաձգվել։ Սակայն ինչպես տեսնում ենք, նման բան տեղի չունեցավ։
Ավելին, կառավարությունը 2013 թվականի իր վերջին նիստում՝ դեկտեմբերի 26-ին, հավանություն տվեց «Օնիրա Քլաբ» ընկերության մոտ ներդրումային ծրագրին: 62 միլիարդ դրամ (մոտ 150 միլիոն դոլար) արժողությամբ այդ ծրագրով ընկերությունը Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի 5 վայրում նախատեսում է կառուցել ժամանցի և հանգստի կենտրոն` խաղատուն կամ շահումով խաղ կազմակերպելու համար։ E-register կայքի համաձայն՝ «Օնիրա Քլաբի» հիմնադիրներն են Գագիկ Ծառուկյանը և նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը։
Երևան-Սևան մայրուղու վրայի մյուս խաղատները փակվում են, քանի որ նրանցից ոչ ոք ի վիճակի չի եղել 100 միլիոն դոլարի ներդրում իրականացնել։ Այսինքն՝ «Օնիրա Քլաբ»-ը կդառնա տարածքային մոնոպոլիստ խաղատնային բիզնեսում։ Կառավարության փաստացի համաձայնությամբ։