Ինչո՞ւ է իշխանությունը սարսափում Շանթից
Այսօր կտրուկ վատացել է արդեն 16-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանի առողջական վիճակը, և նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»: Այս պահին սա Շանթ Հարությունյանի մասին հայտնի միակ տեղեկությունն է, եթե չհաշվենք Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության հայտնած պաշտոնական լուրը, որ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, և նրա կյանքին սպառնացող վտանգ չկա:
Գոնե Շանթ Հարությունյանին անձնապես ճանաչողները, սակայն, մտահոգություն ունեն, որ ցանկացած պահի կարող է նրա կյանքին վտանգ սպառնալ, քանի որ Շանթի բնավորությունը հաշվի առնելով՝ անգամ ամենածայրահեղ պայմաններում նա կարող է շարունակել հացադուլը, որի պահանջը, ինչպես հայտնի է, մեկն է՝ թույլատրել տեսակցությունը հարազատների հետ:
Շանթը չի պահանջում իրեն ազատ արձակել, իշխանությունից չի պահանջում հայտարարել, որ ինքը ձերբակալվել է քաղաքական հայացքների համար, այլ ընդամենը պահանջում է հարգել իր՝ ամենատարրական մարդկային իրավունքը: Այսինքն՝ Շանթը պահանջում է իշխանությունից՝ ընդամենը պահպանել օրենքը, որն իբրև թե խախտելու համար նա հայտնվել է մեկուսարանում: Այդ արդարացի ու օրինական պահանջը մարդուն հասցրել է կյանքի ու մահվան սահմանագծին, սակայն իշխանությունն անհաղորդ է, որևէ կերպ չի արձագանքում:
Շատերի մոտ հարց է առաջանում՝ մի՞թե իշխանության բոլոր ներկայացուցիչներն այդքան անմարդկային են, մի՞թե չեն տեսնում՝ ինչպես է մարդու կյանքն ամեն րոպե վտանգվում: Իհա՛րկե տեսնում են, գուցե ոմանք անգամ մարդկայնորեն ցավ են զգում, բայց դա որևէ նշանակություն չունի, քանի դեռ Շանթը չի դադարեցրել հացադուլը: Իսկ ինչո՞ւ, այնուամենայնիվ, նրան թույլ չեն տալիս տեսակցել հարազատների հետ:
Որովհետև իշխանությունն այդպիսով ցանկանում է մինչև վերջ պատժել մարդուն, ով համարձակվել է «ընդունված կանոններից» դուրս մտածել, առավել ևս՝ գործել: Կյանքը ցույց է տվել, որ Հայաստանում իշխանափոխության հնարավոր է հասնել միայն հեղափոխության ճանապարհով, որ մնացած բոլոր մեթոդներն անիմաստ են և հանգեցնում են իշխանության վերարտադրությանն ու ավելի սանձարձակ դառնալուն: Այդ մասին գիտեն ու խոսում են բոլորը:
Բայց միայն Շանթ Հարությունյանն էր, ով իր մի քանի ընկերների հետ համարձակություն ունեցավ փորձել իրագործել իր մտածածը՝ հեղափոխությունը, որի մասին նա բարձրաձայնում էր ամիսներ շարունակ: Թե ինչպիսի՞ մեթոդներով՝ ոմանց համար ընդունելի, ոմանց կողմից դատապարտելի, քննարկման միանգամայն այլ նյութ է: Շանթ Հարությունյանն իր այդ քայլով դեմ գնաց ոչ միայն իշխանությանը, այլ նաև նույն իշխանության կողմից սահմանված կանոններով գործող քաղաքական համակարգին, այսինքն՝ ըստ էության, բոլորին: Իսկ եթե դրան ավելացնենք նաև այն, որ Շանթի պայքարն ուղղված էր նաև Ռուսաստանի կայսերապաշտությանը, Ռուսաստանի կողմից Հայաստանը ստրկացնելու քայլերին, պատկերն ավելի ամբողջական կդառնա:
Այսպիսով, Շանթի հետ նման կերպ վարվելով՝ իշխանությունը բոլորին ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հեղափոխության մասին մտածելը: Շանթի հետ նման անմարդկային կերպով վարվելով՝ իշխանությունը ցանկանում է սպանել հեղափոխության գաղափարը: Շանթ Հարությունյանն իր պայքարի հիմքում դնում էր ոչ այնքան քաղաքականությունը, որքան բարոյականությունը՝ ներկայիս իրավիճակին համակերպվելու ստրկամտությունը: Դրա համար էլ իշխանությունը Շանթի հետ վարվում է ամենաանբարոյական մեթոդներով, քանի որ, ինչպես հեղափոխությունը, այնպես էլ բարոյականությունն այս իշխանության ամենամեծ թշնամիներն են: Դրա համար է իշխանությունը սարսափում Շանթից…