Քոչարյանը վերցնո՞ւմ է ՀՀԿ-ն
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեվերջյան հարցազրույցը բավական ուշագրավ իրողություններ է բացահայտում: Արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու այն հանգամանքին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված սուր քննադատությամբ Ռոբերտ Քոչարյանն իրականում փրկեց նույն Տիգրան Սարգսյանին, քանի որ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայիս վարչապետի պաշտոնանկությունն այլևս կընկալվի՝ որպես իշխանության առնվազն մասնակի հանձնում Քոչարյանին:
Սակայն Տիգրան Սարգսյանի հնարավոր պաշտոնանկությունը Քոչարյանի հարցազրույցի, ընդհանրապես ներկայիս քաղաքական զարգացումների միայն արտաքին շերտն արտահայտող «ցուցիչ» է: Ռ. Քոչարյանի հարցազրույցին վերջին օրերին հետևած արձագանքները վկայում են իշխանական համակարգում առկա շատ ավելի խորքային երևույթի մասին:
Խոսքն այն մասին է, որ Ռոբերտ Քոչարյանի այդ հարցազրույցից անցել է ավելի քան 10 օր, սակայն որևէ ՀՀԿ-ական հարկ չի համարել կամ չի համարձակվել պատասխանել Քոչարյանին և հանդես գալ ՀՀԿ-ական վարչապետի պաշտպանությամբ: Այն դեպքում, երբ Քոչարյանն իր հարցազրույցում անգամ անձնական վիրավորանքներ է հասցրել Տիգրան Սարգսյանին՝ խոսելով վերջինիս բանականության և բարոյականության հնարավոր դեգրադացիայի մասին:
Սակայն, ինչպես նշեցինք, ցանկացած քննադատության սոխակի պես պատասխանող ՀՀԿ-ականներից ոչ մեկը մինչև օրս որևէ կերպ չի պաշտպանել սեփական վարչապետին, չի հայտարարել, որ Տիգրան Սարգսյանը ոչ բարոյապես, ոչ էլ բանական առումով դեգրադացված չէ, որ նրա վարչապետությունը Հայաստանի համար ոչ թե «շռայլություն է», այլ մեծագույն բարեբախտություն: Ավելին, այս թեմային անդրադարձած ՀՀԿ-ականները ոչ միայն ընդգծված պատկառանքով են խոսում Ռոբերտ Քոչարյանի մասին, այլ արդարացնում են նրա քննադատությունը: Օրինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը yerkir.am-ին ասել է, որ Քոչարյանի հայտարարությունն ընդամենը երկրի համար ցավ ապրող մարդու մտահոգություն է:
«Ռոբերտ Քոչարյանն ասել է այն, ինչ ասել է: Ինչի՞, Ռոբերտ Քոչարյանն իրավունք չունի՞ ցավալ իր երկրի համար, անպայման պետք է ընդդիմադիր լինի՞, որ ասեն` նա մտածեց երկրի մասին,- ասել է Հ. Հակոբյանը՝ ավելացնելով,- Վարչապետ Տիգրան Սարգսյանի` պաշտոնին մնալ-չմնալը կապ չունի իմ, Ռոբերտ Քոչարյանի կամ որևէ մեկի ճիշտ քննադատության հետ: Ինչի՞, վարչապետին մենակ Ռոբերտ Քոչարյա՞նն է քննադատել»: Ուշադրություն դարձրեք, ՀՀԿ-ական պատգամավորը ոչ միայն չի հակադարձել Քոչարյանի քննադատությանը, այլ դա որակել է՝ «ճիշտ»:
Հակոբ Հակոբյանը միակը չէ, որ նման կերպ «պաշտպանել է» Տիգրան Սարգսյանին: Ավելի վաղ, տարբեր ձևակերպումներով Քոչարյանի հարցազրույցին շատ լոյալ գնահատականներ են տվել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, նույն խմբակցության բազմաթիվ պատգամավորներ:
Չնայած ձևակերպումների տարբերությանը, բոլոր այդ ՀՀԿ-ականներին միավորում է այն, որ նրանցից որևէ մեկը հրապարակավ չի փորձել պաշտպանել սեփական կուսակցության անդամ վարչապետին: Իսկ դրանից կարելի է շատ ավելի հեռուն գնացող եզրակացություններ անել, քան Տիգրան Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում մնալ-չմնալու հարցը: Մեծ հաշվով, դա նշանակում է, որ իշխող կուսակցությունում ամբողջական իշխանություն չունի ոչ միայն այդ կուսակցության նոմինալ անդամ Տիգրան Սարգսյանը, այլև կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ բոլորի համար պարզ է՝ Քոչարյանի քննադատությունն իրականում ուղղված է հենց Ս. Սարգսյանին, ով նման «ճոխություն» է թույլ տալիս Հայաստանի համար:
Պարզ է, որ նույնիսկ բանականության հետ խնդիրներ ունեցող ՀՀԿ-ականներից շատերը հասկանում են, որ Տիգրան Սարգսյանին պաշտպանելով՝ նրանք պաշտպանում են Սերժ Սարգսյանին, և՝ հակառակը: Իսկ եթե այդքանը հասկանալով՝ նրանք հիանում են Ռ. Քոչարյանի քննադատությամբ, նշանակում է՝ Ս. Սարգսյանին պաշտպանելը չեն համարում իրենց «սուրբ պարտքը», ինչպես թվում է առաջին հայացքից:
Այսինքն՝ ՀՀԿ-ում իշխանությունը պատկանում է ոչ այնքան կամ ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ նաև Ռոբերտ Քոչարյանին, ինչի մասին, վերջինս, ի դեպ, բաց տեքստով ասել է դեռևս 2011 թվականին՝ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում:
«Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, իսկ այնուհետ` վարչապետ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության համաձայն, գործադիր մարմինների բազմաթիվ հաջողակ ղեկավարների ես խորհուրդ եմ տվել անդամակցել ՀՀԿ-ին` ամրապնդելու համար վերջինիս կադրային ներուժը: Ի դեպ, նրանցից շատերն այսօր կուսակցության ղեկավար մարմիններում են: Դա բնականոն քաղաքական գործընթաց էր, որը միայն ուժեղացրեց Հանրապետական կուսակցությունը: ՀՀԿ-ում ոգևորված էին դրանով: 2003 և 2007 թվականներին ինձ հետ անուն առ անուն համաձայնեցվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը»,- հայտարարել էր Ռ. Քոչարյանը:
Փաստորեն, «այսօր կուսակցության ղեկավար մարմիններում» գտնվողներից շատերը, որոնք ՀՀԿ-ին են անդամակցել Քոչարյանի խորհրդով, ցույց են տալիս, որ շարունակում են մնալ իրենց «խորհրդատուի» հենարանը: Թե որքան է ՀՀԿ-ի ղեկավար մարմիններում նման անձանց թիվը, միանշանակ դժվար է ասել: Սակայն առնվազն պետք չէ բացառել, որ իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում այդպիսիների թիվը կարող է գերակշռել այն ՀՀԿ-ականներին, ովքեր Սերժ Սարգսյանի խորհրդով կպաշտպանեն Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում:
Ի դեպ, նույն հարցազրույցում ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը ևս մեկ շատ ուշագրավ հայտարարություն է արել: Նա ասել է, թե Ռոբերտ Քոչարյանի ինֆորմացիան այնքան շատ է, որ նա կարող է շատ ավելի նուրբ տեղերի կպնել: Թե կոնկրետ ո՞ր «նուրբ տեղերի» մասին է խոսքը, Հակոբյանը չի մասնավորեցրել: Բայց պարզ է, որ նման «նուրբ տեղեր» ունեն ներկայիս իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ անկախ կուսակցական պատկանելությունից: