Գալուստ Սահակյանը` Տիգրան Սարգսյանի հնարավոր պաշտոնանկության և Ռոբերտ Քոչարյանի մասին. ԳԱԼԱ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում գնահատականներ է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի տարեվերջին տված հարցազրույցին:
-Պարո՛ն Սահակյան, անցած տարեվերջին Ռ. Քոչարյանի անսպասելի «պատասխանը» վարչապետ Տ. Սարգսյանի մամլո ասուլիսին, ըստ էության, ՀՀԿ-ի կողմից մնաց առանց պատասխանի: Ի՞նչ էր ուզում ասած լինել երկրորդ նախագահը: Ո՞ւմ էին ուղղված նրա քննադատության սլաքները՝ Տ. Սարգսյանի՞ն, թե՞ հենց Ս. Սարգսյանին:
-Դա երկրորդ նախագահի հայտարարությունն է, որին արդեն վարչապետը պատասխանել է, եւ ես արդեն այդ պատասխանին ավելացնելու բան չունեմ:
-Իշխող ՀՀԿ-ն գերադասում է լռե՞լ փաստորեն:
-Իշխող ուժերի մրցակցություն չկա: Ես կարող եմ գնահատականներ տալ, այն, որ Ռ. Քոչարյանի եւ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության ժամանակաշրջանում կարծում եմ միանգամից ոտքի կանգնեց մեր երկիրը, որովհետեւ պիտի հիշենք, որ արդեն սեկվեստր էր, բյուջե չէինք ունենում: Կարծես անելանելի վիճակ էր, երբ Անդրանիկ Մարգարյանը արդեն ընդունեց վարչապետությունը, պետբյուջեն պարտք էր 72 մլրդ դրամ մեր ժողովրդին աշխատավարձի, թոշակի տեսքով: Հաղթահարվեց եւ այդ պարտքը, եւ գնալով տարեցտարի երկնիշ տնտեսական աճ ապահովվեց երկրի համար: Կարծես անելանելի վիճակից հետո մեր երկիրը շնչեց…
-Պարոն Սահակյան, Ռ. Քոչարյանի «պատասխանը վարչապետին» արդյո՞ք քննադատություն չէր ուղղված Ս. Սարգսյանին եւ արդյո՞ք ակնարկ չէր նրա հնարավոր վերադարձի մասին:
-Դա կապված է երկրորդ նախագահից: Այնպես չէ, որ պետք է կանխատեսումներ անել, ցանկացած մարդ հնարավորություն ունի մասնակից դառնալու ընտրական պրոցեսներին: Ծայրահեղ ձեւով չի կարելի մտածել: Այն ժամանակաշրջանը, որ նախագահել է Ռ. Քոչարյանը, դա մեր հաջողված նորանկախ Հայաստանի մի հատվածն էր, այնպես որ այդ դատողությունները այդ տեսքով չեմ կարծում, որ որոշակի կդարձնեն մեր քաղաքական ամբողջական ընթացքը, իսկ ղեկավարման տեսակետից կարծում եմ, որ բավականին հարուստ պրոֆեսիոնալ կազմ ունի Հայաստանը, եւ չպետք է մտածել՝ ով կլինի: Կգա ժամանակը, ժամանակն իր քաղաքական պայմանը կդնի, եւ կարծում եմ, որ նորից ու նորից պրոցեսներ կառաջանան եւ որոնք ոչ թե կժխտեն անցյալը, այլ կկերտեն ապագան:
-Սպասվող քաղաքական զարգացումների ընթացքում կլինե՞ն քաղաքական զոհեր: Այս օրերին արդեն մամուլը գրում է հնարավոր «ժերտվաների» մասին: Ավելի կոպիտ արտահայտություններ էլ կային, որ ասում են՝ «Տ. Սարգսյանին «մատաղ» կանեն, կամ էլ կարժանանա Ուկրաինայի վարչապետի բախտին»:
-Ամեն ինչ անում ենք, որ «մատաղի» գործոնը մեր հասարակական պրոցեսների վրա ազդեցություն չունենա: Եվ բնականաբար թիմը կայուն է, կարող են, այո, դերակատարներ փոխվել, բայց դա չի նշանակում, որ փոփոխությունը կապված պիտի լինի անձի հեռանկարի հետ: