Ռոբերտ Քոչարյանը փրկեց Տիգրան Սարգսյանին
Անցած տարեվերջին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին նվիրված հարցազրույցը դարձել է նոր սկսվող քաղաքական տարվա քննարկման հիմնական թեման: Սկսած ամանորյա սեղանների զրույցներից, մինչև քաղաքական կուլիսային խոսակցություններ՝ բոլորը քննարկում են այդ հարցազրույցը՝ մեծ մասամբ դրանից բխեցնելով Տիգրան Սարգսյանի առաջիկա պաշտոնանկության հնարավորությունը: Հատկապես, որ արդեն հայտարարվել է՝ նախագահ Սերժ Սարգսյանը 7 տոկոս տնտեսական աճ չապահովելու մասին իր հայտարարությանն «անդրադառնալու» է փետրվարին՝ տնտեսական տարվա ամբողջական ցուցանիշների ամփոփումից հետո:
Այսինքն՝ բոլորի մոտ ձևավորվել է ինչ-որ «փետրվարյան սպասում», և դա առաջին հերթին՝ ասոցիացվում է Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հետ: Այն, որ 2013 թվականի համար ոչ միայն՝ 7, այլ անգամ 4.7 տոկոս տնտեսական աճ «արձանագրել» հնարավոր չի լինելու, հայտնի էր դեռ անցած տարվա կեսից: Այսինքն՝ ինչպես էլ ամփոփվեն անցած տարվա արդյունքները, միևնույն է, ըստ Սերժ Սարգսյանի հայտարարության՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը պետք է հրաժարական տա: Սակայն, արդեն մեկ-երկու ամիս է՝ իշխանության որոշ ներկայացուցիչներ կրկնում են ակնհայտորեն ինչ-որ տեղից հանձնարարված այն տեքստը, թե Ս. Սարգսյանի այդ հայտարարությունն ընդամենը «քաղաքական հորդոր էր, որը պետք չէ հասկանալ ուղղակիորեն»:
Իշխանության մեկ այլ հատվածում, սակայն, կար սպասում, որ այդուհանդերձ փետրվարին Ս. Սարգսյանը պաշտոնանկ կանի Տ. Սարգսյանին՝ երկրում կուտակված դժգոհության ալիքը գոնե ժամանակավորապես մեղմելու համար: Սակայն Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «խառնեց խաղաքարտերը»՝ իսկական ամանորյա նվեր դառնալով Տիգրան Սարգսյանի համար:
Նախ՝ Քոչարյանի հարցազրույցից հետո Տ. Սարգսյանին պաշտոնանկ անելով՝ Ս. Սարգսյանը ցույց կտա, որ կատարում է Ռոբերտ Քոչարյանի պահանջը, ինչը շատ արագ կարող է խարխլել առանց այդ էլ խարխուլ իշխանական համակարգը, որի ներկայացուցիչների զգալի մասը, մեղմ ասած, դեմ չէ Քոչարյանի վերադարձին:
Այս պայմաններում Տ. Սարգսյանի պաշտոնանկությունն իշխանության այդ հատվածը կընդունի՝ որպես Քոչարյանի դիրքերի ամրապնդում և Ս. Սարգսյանի կողմից իշխանության փաստացի զիջում Ռոբերտ Քոչարյանին: Իսկ դա հակասում է Ս. Սարգսյանի իշխանության տրամաբանությանը, որը հիմնված է Քոչարյանի վերադարձի բացառման վրա:
Հետևաբար Ռ. Քոչարյանի հարցազրույցից հետո Տ. Սարգսյանին վարչապետի պաշտոնում թողնելու՝ Ս. Սարգսյանի մոտիվացիան մի քանի անգամ մեծացել է: Թե ինչո՞ւ է այս ակնհայտ իրողությունները հաշվի առնելով՝ Ռոբերտ Քոչարյանն, այդուհանդերձ, նման քայլ արել, միանշանակ դժվար է ասել:
Բացառված չէ, որ զուտ մարդկայնորեն նա չի կարողացել զսպել իրեն և իր իշխանության տարիներին «շինարարության փուչիկի փչմանն» անմիջական մասնակցություն ունեցած Տիգրան Սարգսյանին ընդամենը հիշեցրել է այդ մասին: Մյուս տարբերակն այն է, որ Հայաստանի իշխանության վերադասավորումների վերաբերյալ որոշումը կայացվել է Մոսկվայում, ինչը նշանակում է, որ պաշտոնանկությունների կամ նոր նշանակումների հարցում ներիշխանական տրամաբանությունն այլևս չի գործում:
Այսինքն՝ ամենամեծ ցանկության և նպատակահարմարության դեպքում անգամ Սերժ Սարգսյանը չի կարող պաշտոնանկ չանել Տիգրան Սարգսյանին: Այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն անձամբ կամ միջնորդավորված վարչապետի պաշտոնը ստանալու «հայտի հրապարակում է», որի հետևանքները կարտահայտվեն առաջիկայում: Իսկ եթե Քոչարյանի հարցազրույցի հետևում «մաքսային ականջներ» չկան, ապա այն ընդամենն ամրացնելու է Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում: