ԲՀԿ-ական պատգամավորը համաձայն չէ «շինարարության փուչիկ» ձևակերպման հետ
«Քաղաքական առումով ես կիսում եմ երկրորդ նախագահի հնչեցրած գնահատականը, որ մեզ մոտ ներկա վիճակում կառավարության մենեջմենթը պետք է փոխվի: Սակայն դա վարչապետության հա՞յտ է, թե՞ ոչ, այդ հարցը պետք է տաք Ռոբերտ Քոչարյանին, ես նման գնահատականեր չեմ ուզում տալ: Քոչարյանը եթե ցանկություն հայտնի ինչ-որ բանի, այդ ձևով չպետք է հայտնի: Քոչարյանն այս պետականաշինության գործում մեծ վաստակ ունի, հիմքերում կանգնած անձնավորություն է, ես չեմ կարծում, որ նա այդ ձևով պետք է հայտ ներկայացնի: Դա, իհարկե, իր որոշելիք հարցն է, բայց ես չեմ կարծում, որ արձագանքը նշանակում է՝ հայտ է ներկայացնում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով Քոչարյանի հայտարությունն ու պատասխանելով հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը հավակնո՞ւմ է վարչապետի պաշտոնին:
Մելքումյանի կարծիքով՝ Քոչարյանի կողմից ասվածը «բավականին լուրջ» գնահատականներ են, որի մասին, ըստ նրա, կառավարության ծրագրի և բյուջեի քննարկումների ժամանակ ինքն էլ է ասել: Պատգամավորը նշեց, որ 2008-2009թթ. ճգնաժամի ժամանակ պատճառներից մեկը, կառավարության գնահատականով, շինարարության փուչիկն էր, որ ՀՆԱ-ի մեջ 50%-ից ավելի էր, և դրվեց դիվերսիֆիկացիայի խնդիր, որ տնտեսությունը կախված չլինի միայն շինարարությունից. «Փուչիկ հասկացողության հետ համաձայն չեմ, շուկայական տնտեսությունը զարգանում էր, և ներդրումները հոսում էին այնտեղ, որտեղ շահութաբերություն կար, մասնավորապես՝ շինարարություն: Անշարժ գույքի գներն աճում էին տարին տարվա վրա առանց որևէ մեկի հրամանի: Պետությունը խոշորածավալ ծրագրեր էր նախաձեռնել՝ Հյուսիսային և Գլխավոր պողոտաները, Կասկադը և այլն, այսինքն խթանում էր, հարկային դաշտը մեղմ էր և լոկոմոտիվ ոլորտ էր: Շինարարության աճը բերել էր հարակից ոլորտների՝ քարանյութերի, տրանսպորտի, էներգետիկայի, նախագծային ոլորտների աճի և մոտ 170 հազար մարդ էր զբաղված: Նաև Լինսի հիմնարդամի միջոցներով էր իրականացվում շինարարություն: Տնտեսագիտական միտքը՝ աշխատատեղերի ստեղծման և ներդրումներ կլանելու մեջ էր, քաղաքականությունն արդարացված էր և ներդրողն ինքն էր որոշում, թե գումարներն ուր ուղղի»:
«Ինչ վերաբերում է այս կառավարությանը՝ ո՞վ էր խանգարում, որ անցած 5 տարիներին համաչափ զարգացնեն այլ ճյուղերն ու դիվերսիֆիկացնեն տնտեսությունը: Այսօր երկիրն այնպիսի վիճակում է, որ 1 քաղաքական ուժ միանձնյա չի կարող պատասխանատվություն վերցնել և արդյունավետ քաղաքականություն վարել: Պետք է անպայման խորհրդակցել գլխավոր քաղաքական ուժերի հետ և նոր որոշումներ ընդունել, իսկ այսպես սատցվում է անելանելի վիճակ՝ ցուցանիշները չեն կատարվում, բայց ասում են՝ մենք դասագրքային ճշմարտություններ ենք իրականցնում: Իսկ եթե չի ստացվում, պետք է փոխել, չէ՞, այդ կառավարման ձևը, եղանակը»,- հավելեց Մ.Մելքումյանը: