Բաժիններ՝

«Որքան շատ են բարձրանում, այնքան ավելի ցավոտ է լինելու այնտեղից ընկնելը» (տեսանյութ)

Երիտասարդ  երգիչ Վլադիմիր Պողոսյանին շատերը ճանաչեցին «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանից: Նա առանձնացավ իր ոճով, կատարողականության մաքրությամբ: Վերջերս Վլադիմիրը նկարահանեց իր առաջին տեսահոլովակը: Մենք առիթ ունեցանք զրուցելու երիտասարդ երգչի հետ:

– Ի՞նչ երգի հիման վրա է նկարահանվել  քո առաջին տեսահոլովակը:

– Երգը կոչվում է «Միասին», երաժշտության հեղինակն է Ռուզաննա Անդրեասյանը, խոսքերի հեղինակները` Ռուզաննա Անդրեասյանը և Գրիգոր Կյոկչյանը: Գործիքավորումն արել է Սերգեյ Հովհաննիսյանը: Երգը դիսկո ոճում է: Քանի որ առաջին տեսահոլովակս է, որոշեցի մի փոքր համեստ ձևով նկարել: Տեսահոլովակը նկարահանել է Արամայիս Հայրապետյանը, ոճաբանն է Անահիտ Սիմոնյանը: Բոլորին շատ շնորհակալ եմ:

– Ի՞նչ սպասելիքներ ունես տեսահոլովակից:

Կարդացեք նաև

– Քանի որ երգս այնքան էլ կոմերցիոն բնույթ չունի և տարբերվում է իր ոճով, կարծում եմ, որ հասարակության որոշ զանգվածի  կողմից կսիրվի, բայց, բնականաբար, սպասում եմ նաև բացասական արձագանքների:

– Ի՞նչ պետք է անել լսարանին չձանձրացնելու համար:

– Իմ կարծիքով` լսարանը լսում է այն, ինչ իրեն տալիս են: Լսարանը ձանձրանում է նրանից, երբ X երգիչն ինչ-որ բան է անում, մյուսները փորձում են կրկնել նրան կամ դրան մոտ ինչ-որ բան անել, վախենում են էքսպերիմենտներ անել: Մեզ մոտ չկա շոու-բիզնես, շուկա ասվածը, երգիչները ինչ որ  անում են, մեծ գումարների հետ կապ ունի, ու իրենց հետոյի մասին մտածելով` ստիպված անում են բաներ՝ հուսալով, որ  այն կընկալվի հասարակության կողմից ու կսիրվի: Դրա համար ամեն ինչ գնում է դեպի միապաղաղություն:

Դժվար է այսօր երգել երգ, ասենք, ոչ մարալի կամ ջեյրանի մասին ու առաջ գնալ: Իմ երգի դեպքում էլ այդ մտավախությունը կա, բայց փորձել եմ այնպես անել, որ ինձ մոտ լինելով` միաժամանակ տարբերվող լինի: Ես հետագայում էլ ինչ որ անեմ, կփորձեմ յուրովի անել: Բայց այն, ինչ ինձ մոտ չի ստացվում, զուտ ծիծաղի առարկա չդառնալու և հետո ինքս ինձ  հարգելու համար հաստատ չեմ անի: Մարդ պետք է երգի այն, ինչ գոնե ստացվում է իր մոտ:

– Երիտասարդ երգչի համար ամենամեծ փորձը ո՞րն է:

– Իմ դեպքում ամենամեծ փորձը Երգի պետական թատրոնում` Արթուր Գրիգորիչի մոտ այդ մեծ դպրոցն անցնելն էր, որտեղ երկու տարի սովորեցի, հետո երկու տարի աշխատեցի` որպես մենակատար: Արթուր Գրիգորյանից շատ բան եմ սովորել: Ինձ համար մեծ փորձ էր նաև «Հայաստանի ձայնին» մասնակցելը: Բայց, եթե Երգի թատրոնում չկրթվեի, այդ բազան չունենայի, համարձակություն չէի ունենա` «Հայաստանի ձայնին» մասնակցելու:

– Ինչպե՞ս ես  ուզում հիշվել:

– Ես միշտ տարբերվում եմ իմ ընտրած երգերով` թե՛ աշխատանքի վայրում, թե՛, օրինակ,  «Հայաստանի ձայնի» ժամանակ: Դա երևի գալիս է նրանից, որ իմ ոճով էլ եմ ուզում տարբերվել ու հիշվել: Ինձ ավելի հոգեհարազատ են համաշխարհային աստղերի երգերը, քան այն, ինչ մատուցվում է մեզ մոտ հիմա:

– Ինքդ քեզ քննադատաբա՞ր ես մոտենում:

– Այո՛, շատ: Ես շատ արագ եմ խուճապի մատնվում ու ինքս ինձ եմ քննադատում, օրինակ` բեմի վրա, երբ ինչ-որ բան ինձ խանգարում է, կամ մի բան, որ ես չպիտի անեի, բայց արեցի: Ամեն ինչից կարող եմ ինքս ինձ քննադատել:

– Ո՞վ  կամ ի՞նչն է քեզ համար ոգեշնչման աղբյուր:

– Ոգեշնչման աղբյուր ինձ համար կարող է լինել, օրինակ, մի լավ համերգ նայելը կամ լավ երաժշտություն լսելը: Ես համացանցում անընդհատ փնտրտուքների մեջ եմ, տարբեր երկրների երաժշտական նախագծերն եմ նայում, նոր մարդկանց, լավ երգիչների, լավ կադրերի լսելով` ոգեշնչվում եմ:

– Ժամանցային վայրերում երգո՞ւմ ես:

– Այո՛, երգում եմ «King garden»  ընտանեկան ժամանցի կենտրոնում և «Հավանա» ռեստորանային համալիրում:

Vladimir Poxosyan (2)

– Ֆինանսական առումով երիտասարդ երգչի համար դժվար չէ՞ առաջ գնալը:

– Քանի որ ես պրոդյուսեր չունեմ, ամեն ինչ ինքս եմ անում,  և ընտանիքս է իմ կողքին կանգնած: Ճիշտ է, դժվար է, ինձ շատ բաներից եմ զրկում, բայց արդյունքի հասնելու համար չեմ տրտնջում ու առաջ եմ նայում:

– Ինչպե՞ս ես վերաբերվում այն երգիչներին, ովքեր առաջ գնալու համար հարում են տարբեր աղանդավորական կառույցների:

– Որքան շատ են բարձրանում, այնքան ավելի ցավոտ է լինելու այնտեղից ընկնելը: Ես չեմ ընդունում, երբ ասում են՝ գնում եմ եկեղեցի, բայց… Այդ բայցն արդեն շատ վատ է: Քրիստոնյան պետք է հավատա Աստծուն, գնա եկեղեցի, աղոթի, կարդա Աստվածաշունչը և չմասնակցի ոչ մի աղանդավորական շարժման, որովհետև յուրաքանչյուր աղանդավորական շարժում լավ բանի չի տանում:

– Քեզ երջանիկ  համարո՞ւմ ես:

– Այո՛:  Իհարկե, լինում են պահեր, երբ ինձ համարում եմ աշխարհի ամենադժբախտ մարդը: Բոլորի կյանքում էլ լինում են սև էտապներ, սև գծեր, ու, եթե ստեղծագործող մարդ ես, շատ բաների հետ չես համակերպվում, քո կյանքում նման դեպքերն ավելի շատ են լինում: Կան լավ բաներ, որոնցից կարելի է կառչել ու հասկանալ, որ ամեն ինչ դեռ կորած չէ:

– Ամենից շատ ինչի՞ց ես վախենում:

– Հոգեկան մենությունից: Ինձ թվում է` մարդ մահացած է այն ժամանակ, երբ իրեն  այլևս չեն հիշում կամ չեն սիրում: Կյանքում դժվար է լավ մարդ լինելը, ու, երբ քեզ սիրում են, դու հարգված ես գոնե մի քանի հոգու կողմից, ուրեմն մենակ չես ու ոգևորվում ես դրանից:

– Ի՞նչ նպատակ ես դրել քո առջև:

– Անկեղծ ասեմ, որ չեմ ուզում դառնալ շատ հայտնի դեմք, կամ, որ ինձ անընդհատ ցույց տան բոլոր ալիքներով, իհարկե, այդ ամենը շատ հաճելի է, բայց ավելի կարևոր է գնահատված լինելը և ինքդ քեզ ու քո ոճին հավատարիմ մնալը: Շատ կուզենայի մասնակցել արտասահմանյան մի քանի մրցույթների, բայց հիմա այդ մասին դեռ այդքան շատ չեմ մտածում:

ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս