ԼԺՀ–ում քոլեջի հանրակացարանի վրա ուկրաինական հարձակման զոհերի թիվը հասել է 10-ի
Լուգանսկի Հանրապետության Ստարոբելսկ քաղաքի քոլեջի հանրակացարանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին հայտնել է Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Մայիսի 22–ին Պասեչնիկը հայտնել էր, որ Ստարոբելսկի մասնագիտական քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել է 35 մարդ. ավելի ուշ պարզվեց, որ վիրավորների թիվը 39 է, կա նաև 4 զոհ:
«Ստարոբելսկում փրկարարներն ամբողջ գիշեր մաքրել են փլատակները։ Ցավոք, հույսերը չարդարացան. զոհերի թիվը հասել է 10-ի։ Տուժածների ընդհանուր թիվը 48 է», – գրել է պաշտոնյան MAX հարթակում։
Պասեչնիկը հավելել է, որ ժամանակավոր տեղավորման կետում շարունակում են աշխատել հոգեբաններն ու բժիշկները, ծնողներին անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերվում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։



