Հովիկ Աբրահամյանը բողոքում է ՀՀ կառավարությունից. «Պետք է ասեին` բանակցում ենք, գազի գինը թանկացել է»

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համոզմամբ, իշխանությունների հասցեին ուղղված խորհրդարանական ընդդիմության հնչեցրած քննադատություններն անտեղի էին: Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց, թե եղել են որոշումներ, որոնք պարզապես հավուր պատշաճի չեն ներկայացվել հանրությանը, իսկ դրանք պետք է մանրակրկտորեն ներկայացվեին ՀՀ կառավարության կողմից:

«Այդ որոշումները ոչ հավուր պատշաճի են ներկայացրել հանրությանը, դրա համար մենք պառլամենտում ունեցանք բազմաթիվ քննադատություններ: Նույն խորհրդարանի հասցեին քննադատություններ կային, որոնք անտեղի էին, որովհետև խորհրդարանը վատ առումով ոչ մի դերակատարություն չի ունեցել, իսկ այ կառավարությունը կարող էր հանրությանն ավելի մանրակրկիտ, թափանցիկ ներկայացնել»,- ասաց նա:

Ըստ Հովիկ Աբրահամյանի` «գազային» համաձայնագրերի շուրջ աղմուկն էլ հենց նման որոշումներից է եղել: «Դա լավ որոշում է, ճիշտ որոշում է, ուղղակի հանրությանը պիտի ներկայացվեր»,- նկատեց նա:

Անդրադառնալով տեսակետներին, թե որոշումները գաղտնի են ընդունվել, Հ. Աբրահամյանն ասաց, «Ի՞նչ է ասում մեր ընդդիմությունը, ասում է՝ ինչի՞ եք մեզանից գաղտնի պահել: Եվ, իրոք, գաղտնիք պահելու խնդիր չի եղել, չեմ էլ պատկերացնում, թե ինչո՞ւ: 2011 թվականից պետք է ասեին` բանակցում ենք, գազի գինը թանկացել է, բայց թե էլի ինչքանո՞վ կթանկանա` չգիտենք, բանակցում ենք: Շատ ճիշտ գնահատական է տվել Հանրապետության նախագահը, բայց դրա մասին չեն խոսում ընդդիմադիր քաղաքական ուժերը: Նախագահն ասել է` թանկանա-չթանկանա, ազգաբնակչության համար գազի սակագինը չի թանկանալու: Եվ այդպես էլ եղավ»:

«ՀայՌուսգազարդ» ընկերության 20 տոկոս բաժնեմասի վաճառքը ռուսական «Գազպրոմին» ԱԺ նախագահը որակեց որպես «նորմալ երևույթ» և նշեց. «Մյուս անգամ, խնդրում եմ, հարց տվեք` այդ 20 տոկոսից այս տարիների ընթացքում ինչքա՞ն շահույթ ենք մենք ստացել:  Ոչ մի շահույթ էլ չի եղել: Գումարն օտարվել, ուղղվել է ազգաբնակչության գազի սակագնի տարբերությունը մարելու համար և դա շատ նորմալ է: Ես զգացել եմ, որ մեզ` իշխանություններին, կառավարությանը, մեղադրում են ոչ թափանցիկ, ոչ պրոֆեսիոնալ քննարկումների, ներկայացումների համար»:

Հարցը, թե կառավարության ղեկավարի փոփոխություն 2014 թվականին սպասվո՞ւմ է, նա շրջանցեց` թողնելով անպատասխան:

Տեսանյութեր

Լրահոս