Բաժիններ՝

«Գազպրոմի» երազանքները կատարվում են

Ամանորը հրաշքների շրջան է՝ երազանքներն իրականանում են: Անցնող տարվա վերջին օրերին ահագին երազանքներ իրականացան: Առաջին հերթին, իհարկե, «Գազպրոմինը»: Նախ` «ՀայՌուսգազարդը» «Գազպրոմ» դարձավ, ու այդ ընկերության գործերը միանգամից կարգավորվեցին: Մարդիկ մի քանի տարի վնասով էին աշխատում: Վերջապես Հայաստանն ընդունեց իր պարտքի չափն ու իր վերջին 20 տոկոսանոց մասնաբաժինը զիջեց «Գազպրոմին»: Ավելին՝ ՀՀ-ն խոստացավ նաև լրացուցիչ 150 մլն դոլար էլ տալ: Սրան զուգահեռ` ռուսական ընկերությունը Ձմեռ պապից հավանաբար նաև ցուրտ ձմեռ էր խնդրել: Խնդրել ու ստացել է: Եվ հիմա Հայաստանում սարսափելի ցուրտ է: Բոլորս 24 ժամ շարունակ չենք անջատում ջեռուցման համակարգերը:

Առանց պատկերացնելու, թե նոր սակագնով ինչ վարձավճար ենք մուծելու: Չենք տաքանում, բայց ուրիշ լուծում չունենք: Բողոքում ենք գազի որակից ու ստիպված օր օրի ավելի շատ գազ սպառում: Այսինքն` բոլորս միասին իրագործում ենք «Գազպրոմի» հայտնի գովազդը` ««Գազպրոմ»՝ երազանքներն իրականանում են»: Իսկապես իրականանում են, բայց մեր հաշվին:

Մեր տնտեսական կյանքի հաջորդ ձմեռպապությունն իրականացրեց ՀՀ կառավարությունը: Իսկական Ձմեռ պապի նման կառավարությունը վավերացրեց «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և և ձկնարդյունաբերության զարգացման համալիր ծրագիրը»: Վերջին տարիներին կառավարությունը նկատել էր, որ առանց իր միջամտության ու, որ ավելի սարսափելի է, իր կամքից անկախ` զարգանում է ձկնարդյունաբերության ոլորտը:

Նկատել ու սկսել է զբաղվել: Արդյունքը եղավ այն, որ անցած տարի Տնտեսական մրցակցության հանձնաժողովը հայտարարեց՝ «Այս ոլորտում գերիշխող դիրք ունեցող ընկերություններ են հայտնվել»: Խոշոր կապիտալն այս ոլորտն էլ կլանեց: Կլանեց, հավանաբար, մեր կառավարության «Փոքր ու միջին բիզնեսի աջակցության» ռազմավարության շրջանակներում: Ու հիմա ամանորյա երազանքների իրականացման շրջանակում այդ ընկերություններից մեկին թույլատրվեց 74 ցանցավանդակային տնտեսություն ստեղծել Սևանա լճում: «Սևանը դառնում է օլիգարխ ձկնարդյունաբերողների ակվարիումը»,- վերլուծում են բնապահպանները, բայց նրանց լսողն ո՞վ է:

Կարդացեք նաև

Ամանորյա հրաշքի դասական օրինակ է նաև այն, որ դեկտեմբերի 24-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում Հայաստանը ստորագրեց Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզը»: Այս փաստը հրաշքի է նման` իր անակնկալ արագությամբ և անհայտ բովանդակությամբ: Ոչ ոք առայժմ ոչինչ չգիտի այդ քարտեզի մասին: Դժվար չէ հաշվարկել, որ անգամ կառավարությունն այն քննարկելու համար պատշաճ ժամանակ չի ունեցել: Հաջորդ հրաշքը բացահայտվեց գյուղնախարարի ասուլիսում: 2013-ի համար նախարարն ածականներ չխնայեց, այն, պարզվում է, «գյուղատնտեսության համար հաջողված էր, բարենպաստ, արդյունավետ, բերքառատ»:

Հավանաբար` բոլոր ոլորտներում: Որովհետև նախարարությունը որոշել է կարգավորել անասունների մորթը: Հաջորդ տարի Հայաստանում 5 սպանդանոց է կառուցվելու: Ավելին, դրանցից երեքը` «Հալալ» մորթի ստանդարտներով: Այդ հետամնաց Եվրոպայում է արգելված կենդանիների ծիսական մորթը: Մաքսային միությանն անդամակցելուց հետո մեզ այլևս ոչ ոք չի կարող արգելել մուսուլմանական ծեսով կարգավորել ու «բարձրացնել մեր երկրի պարենային արտադրության անվտանգությունը»:

Հանաք բան չկարծեք՝ 2013-ին մեկուկես անգամ ավելացել է ոչխարների արտահանումը: 2013-ին արտահանվել է մոտ 63 հազար գլուխ ոչխար: Հո չե՞նք կարող թույլ տալ, որ մեր ոչխարներին այլ երկրներում մորթազերծեն մահմեդական սովորույթներով: Ահա այսպիսի տնտեսական ամանորյա հրաշքների կողքին մի փոքր անսպասելի էին Միջազգային արժույթի հիմնադրամի դեկտեմբերյան «ինսպեկցիայի» արդյունքները:

Նրանք խոսելով մեր փառահեղ հաջողությունների մասին` ընդգծեցին, որ տնտեսական աճի տեմպերը դանդաղ են, աղքատությունն ու գործազրկությունը բարձր ցուցանիշներ ունեն, օտարերկրյա ներդրումները նվազում են, գործարար միջավայրը մրցակցության հնարավորությամբ չի փայլում: Բայց սա մեր տնտեսական ղեկավարության համար նորություն չէր: Այդ մասին նույնիսկ Կենտրոնական բանկում են տեղյակ: Տեղյակ են ու Ձմեռ պապից տնտեսական աճ են սպասում: Որովհետև իգիթին վայել քայլ են կատարել՝ ուղիղ 0,25 տոկոսով նվազեցրել են վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ողջ ընթացքում մեր ԿԲ-ն, ի տարբերություն մյուս երկրների ԿԲ-ների, հնարավորինս ֆինանսազրկում էր տնտեսությունը՝ բարձր ու բարձրացող տոկոսադրույքով կանխելով տնտեսության աշխուժացման յուրաքանչյուր փորձ: Հիմա ինչ-որ բան է փոխվել: Կամ ԱՄՀ-ի հայտարարությունն են լուրջ ընդունել: Կամ էլ ՄՄ անդամակցությունն է ինչ-որ բան պարտավորեցնում: Պատճառն իրենք գիտեն: Հավանաբար: Մերօրյա դասականի խոսքերով ասած` «Գիտեն, բայց մեզ չեն ասում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս