Բաժիններ՝

Նոր լաբորատորիան հնարավորություն կտա իմանալու՝ հողը, ջուրը, օդը մաքո՞ւր է, թե՞ ոչ

Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը (ԵՃՇՊՀ) ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի (ՋՀԻԻ) գործընկերությամբ սկսում է նոր լաբորատորիայի հիմնումը:
Շրջակա միջավայրի, ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնահարցերի ուսումնագիտական լաբորատորիան հնարավորություն կտա ուսումնասիրելու հողում, ջրում և օդում գոյություն ունեցող վնասակար նյութերի առկայությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՃՇՊՀ քիմիայի և կապակցող նյութերի ամբիոնի դասախոս, դոցենտ, քիմիական գիտությունների թեկնածու Գոհար Հովսեփյանը՝ նշելով, որ նախ՝ պետք է հայտնաբերեն այս ամենը, այնուհետև քանակական վերլուծություն կատարեն, և հետո արդեն մաքրման եղանակների և տեխնոլոգիաների վերաբերյալ համապատասխան առաջարկներ կատարեն (ի դեպ, մեր զրուցակիցը ջրերի մաքրման վերաբերյալ մի շարք արտոնագրեր ունի.- Լ.Մ.):

Նոր լաբորատորիայի ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերից, և այժմ Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի տարածքում ընթանում են լաբորատորիայի շինարարական աշխատանքները: Ընդհանուր առմամբ` շենքի շինարարության վրա կծախսվի 50 մլն դրամ, և 136 մլն դրամ՝ սարքավորումների, կահույքի և այլնի ձեռքբերման համար: Նշենք, որ ծրագրին աջակցություն է ցուցաբերում Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամը (դրամաշնորհի տրամադրումն իրականացվում է ՀՀ կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված միջազգային համաձայնագրով իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի համաձայն):

«Մենք ձեռք ենք բերելու ամենաժամանակակից և բազմաֆունկցիոնալ սարքավորումներ, որոնք միայն մի տեսակի անալիզ (վերլուծություն, զննում) չեն անելու, այլ մի շարք տարբեր նյութերի անալիզներ են կատարելու: Այստեղ խոսք կարող է լինել անգամ սննդամթերքի, պարարտանյութերի, հողի, ջրի վերաբերյալ: Այսինքն` բնապահպանական շատ խնդիրներ կարող ենք լուծել այդ սարքավորումների և լաբորատորիայի շնորհիվ»,- վստահեցնում է Գ. Հովսեփյանը` նշելով, որ այդ սարքերի միջոցով կկարողանան բոլոր տեսակի օրգանական, անօգանական նյութերը հայտնաբերել, շատ թունավոր և վտանգավոր նյութերի պարունակությունը գտնել, օրինակ` ծանր մետաղների պարունակությունը հողում, օդում, ջրում, և ոչ միայն: Ըստ նրա՝ հնարավոր է նույնիսկ կենսաքիմիական հեղուկներում հայտնաբերել այդ ամենի պարունակությունը: Անգամ թմրանյութերում:

Այսպիսով, ըստ մեր զրուցակցի` ցանկացած տիպի նյութ կարող են հայտնաբերել, քանի որ լաբորատորիան ունենալու է ժամանակակից սարքեր: Նրա խոսքով՝ այդ սարքավորումներից մեկն, օրինակ, կարող է  մինչև 70 քիմիական տարր հայտնաբերել և կատարել ոչ միայն որակական, այլ նաև քանակական անալիզ:
Այս ամենից բացի, Գ. Հովսեփյանի խոսքով՝ շատ կարևոր է նաև այն, որ նոր լաբորատորիայի ստեղծման և նոր տեխնոլոգիաների կիրառումը ոչ միայն դասախոսների հմտությունների որակական փոփոխությունների և մատուցած նյութի հարստությանը կարող է նպաստել, այլ նաև ուսանողների շրջանում կբարձրացնի մոտիվացիան:

Կարդացեք նաև

«Այսպիսով ուսանողներն ավելի լավ կծանոթանան իրենց ապագա մասնագիտությանը, և այս ամենը խթան կհանդիսանա և ավելի մեծ սեր կառաջացնի ուսանողների մեջ, քանի որ նրանք այսպիսով ավելի լավ կգիտակցեն իրենց մասնագիտության կարևորությունն ու կսկսեն մտածել ոչ միայն դիպլոմ ստանալու, այլև իրենց մասնագիտությամբ հետագայում աշխատելու մասին»,- ասաց Գ. Հովսեփյանը: Նա նշում է, որ այժմ համալսարանը համագործակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, այնտեղ ջրային համակարգեր են կառուցում, և ԵՃՇՊՀ-ի մագիստրոսներն ու ասպիրանտներն այնտեղ տարբեր աշխատանքներ են կատարում` տեղի հիդրոտեխնիկական կառույցների հետ, և  ջրերի անալիզներ են կատարում:

Ինչ վերաբերում է հայաստանյան ջրային ռեսուրսներին և հարցին, թե Հայաստանում խմելու ջուրը որքանո՞վ է մաքուր, և արդյոք այս ուղղությամբ որոշակի ուսումնասիրություններ կատարե՞լ են, թե՞ ոչ, մեր զրույցակիցն ասաց. «Մեր ջրերը հիմնականում աղբյուրի, ստորգետնյա ջրեր են և մակերևութային մաքուր ջրեր են, և ուրիշ շատ խնդիրներ չունեն: Հայաստանում հիմնականում ջրերը մաքրելիս վարակազերծում ենք կատարում խողովակներից կամ մանրէներից. մեր ջրերը մաքուր են, ուրիշ բան, որ արտասահմանյան շատ վայրերում, օրինակ` գետերից են վերցնում ջրերը, որոնց համար անպայմանորեն պետք է ունենան մաքրման կայաններ, որոնք շատ թանկ հաճույք են»: Գ. Հովսեփյանը նշեց, որ մեր ստորգետնյա ջրերը հողի մեջ ֆիլտրվելով,/մաքրվելով են գալիս:

Ըստ մասնագետի, սակայն, քանի որ մեզ մոտ վերջին տարիներին հանքարդյունաբերությունը զարգացավ, և պոչամբարները շատ են՝ հետաքրքիր կլինի հետազոտական աշխատանքներ կատարել, օրինակ` հանքերի շրջակայքում, ջրաղբյուրների, թեկուզ ստորգետնյա ջրերում ծանր մետաղների պարունակության հետ կապված խնդիրների վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ Շրջակա միջավայրի, ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնահարցերի ուսումնագիտական լաբորատորիայի աշխատանքները նախատեսված է սկսել 2014 թվականի նոյեմբերից:
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս