
Ուկրաինան մնացյալ 12 միլիարդ դոլարը Ռուսաստանից ակնկալում է հաջորդ տարվա սկզբին. Ազարով

Ukrinform-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, այսօր բացելով Ուկրաինայի կառավարության նիստը, հայտարարել է, որ Ուկրաինան հաջորդ տարվա սկզբին Ռուսաստանից ակնկալում է 12 միլիարդ դոլար.
«Ուկրաինայի ազգային բանկը 3 միլիարդ դոլար է ստացել Ազգային բարեկեցության հիմնադրամի առաջին հատկացումից: Մնացյալ 12 միլիարդը մենք ակնկալում ենք հաջորդ տարվա սկզբին»: Ազարովը հավելել է, որ այդ ամենն իրականացվում է եվրոպական պահանջներին համապատասխան:
Դեկտեմբերի 17-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վիկտոր Յանուկովիչի հանդիպումը, որի արդյունքներով Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը Ազգային բարեկեցության հիմնադրամից 15 միլիարդ դոլար կհատկացնի ուկրաինական արժեթղթերին: