Բաժիններ՝

«Խելքի եկեք, արա՛»

Կարելի է ԱԺ հանրապետական պատգամավորներին անուն առ անուն տալ այն որակումները, որոնք այնքան շռայլորեն նրանց մասին հնչեցնում էին երեկ ԱԺ դարպասների մոտ հավաքված մոտ 400 քաղաքացիները: Մինուս 10-12 աստիճան ցրտին հավաքված մարդիկ անտարբերությամբ հետևում էին, թե ինչպես է ԱԺ բակում զարդարվում ամանորյա տոնածառը, ու սպասում քվեարկությանը: Բոլորն էլ գիտեին` նրանցից ակնկալել ավելին, քան հրահանգով կոճակ սեղմելը, նախաամանորյա սենտիմենտալիզմ է:

Այդպես ամեն անգամ բացում ես, օրինակ, «Վարպետն ու Մարգարիտան»` հույսով, թե այս անգամ Պիղատոսն Իեշուային չի ուղարկի խաչվելու: 72 պատգամավոր քվեարկեցին` հօգուտ «2013 թվականին Երևանում ստորագրված ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության մասին պայմանների մասին» համաձայնագրի: Թե ինչ ստորացուցիչ համաձայնագիր էր դա, գրվել է բոլոր հնարավոր ու մատչելի մանրամասներով:

Հանրապետական ցուցակով ընտրված պատգամավորներից և ոչ մեկին ընտրողները չեն ընտրել: Նրանց, վստահաբար, ընտրել է երկրի նախագահը: Եվ չի սխալվել: Այս մարդիկ իրենց անձնական երջանկության, միշտ բարձր տրամադրության համար երախտապարտ են ոչ թե ընտրողներին, այլ Սերժ Սարգսյանին: Ընտրողների հետ կապող միակ թելը բոլորիս կողմից վճարվող հարկերն են, որոնք շռայլորեն մսխում են սույն ազգընտիրները: Հետևաբար, համոզել նրանց չվավերացնել այս խայտառակ համաձայնագիրը, ինչպես միամտաբար փորձեց անել ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, սպառնալ, թե նրանք կարժանանան սերունդների նզովքին, ինչպես Պետրոս Գետադարձ կաթողիկոսը, լիրիկական զեղում է:

Եթե ՀՀ կառավարությանը պատկանող բաժնետոմսերի ընդհանուր արժեքը 150 միլիոն դոլար է, նշանակում է` 100 տոկոս բաժնետոմսերի ընդհանուր գինը 750 միլիոն դոլար է: Ըստ մեր թերթի անցկացրած հարցման` Հայաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակի առաջին հնգյակում երկրի 2-րդ և 3-րդ նախագահներն են, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ու օլիգարխներ: Այս մեծահարուստների համար 750 միլիոն ԱՄՆ դոլարը ծիծաղելիորեն փոքր թիվ է: Այսինքն` մեր իշխանությունները համաձայնել են, ըստ էության, վաճառքի դնել ՀՀ սահմանները` ինչ-որ 750 միլիոն դոլարի համար: Եթե թափ տան ՀՀ հարուստ պաշտոնյաներից յուրաքանչյուրին, անհամեմատ մեծ գումար կթափվի:

Այսօր, երբ իրանական կողմը` ՀՀ-ում Իրանի դեսպանի շուրթերով, հայտարարում է, թե Իրանը պատրաստ է մեր երկրին գազ վաճառել արտոնյալ պայմաններով, ՀՀ իշխանությունները Հայաստանը դարձնում են «ՀայՌուսգազարդի» ապրանքը սպառող աշխարհագրական տարածք: 30 տարի Հայաստանը ոչ մի իրավունք չի ունենալու գազ ստանալ որևէ այլ աղբյուրից:

ՀՀԿ-ականները որևէ վտանգ չեն զգում, քանի որ ԱԺ դարպասների մոտ հավաքվածների թիվն այսօր կլիներ մոտ 400 մարդ: Այդ պատգամավորներից և ոչ մեկի թիկունքին ընտրող չկա, որպեսզի գնա, նրանց հանի տներից, ինչպես անում էին 88-ին, ու պարտադրի հաշվի նստել իր կարծիքի հետ: Մարդկանց էներգիան սպառված է, և դա էլ հենց էներգիա է տալիս նրանց` գործել` ըստ իջեցված հրահանգի:

Ինքս երեկ մի քանի ժամ կանգնել եմ ԱԺ դարպասների մոտ` հասկանալու` կա՞ արդյունավետ քայլերի հաջորդականություն, որին ես, մյուսը, երրորդը, հազարերորդը, մասնակցենք: Մինչ չորս խմբակցությունները կպատրաստեին իրենց համատեղ հայտարարությունը, ոչ ոք չհասկացավ, թե ինչպես բարձրախոսը հայտնվեց նախագահի մշտական թեկնածու Արամ Հարությունյանի մոտ: Բոլորը միաբերան սկսեցին վանկարկել` «Սերժիկ, հեռացիր»` ակնկալելով, որ պարոն Հարությունյանը կհասկանա իրեն ուղղված ակնարկը և կհեռանա:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը, որ ընթերցեց ԱԺ չորս կուսակցությունների հայտարարությունը, իր ընթերցանության ավարտին ասաց, որ առաջարկներ կան պայքարել շուրջօրյա նստացույցով` Ազատության հրապարակում: Սակայն շուրջօրյա պայքարը հապշտապ ընդունել չի կարելի: Սակայն, եթե չեմ սխալվում, արդեն որքան ժամանակ է` պարզ էր, որ այս ԱԺ-ն քվեարկելու է հօգուտ համաձայնագրի:

Ժամանակ կար, որն օգտագործեց միայն ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը` իր ելույթով: Կարճ ասած, ընդդիմությունը երեկ ոչ մի կոնկրետ քայլ չառաջարկեց: Ներեցեք, առաջարկվեց դիմել ՍԴ` համաձայնագրի քվեարկության օրինականությունը վիճարկելու նպատակով: Փոքրիկ հիշեցում. ՍԴ-ն այն վայրն է, որտեղ օրեր առաջ վերոնշյալ համաձայնագիրը ճանաչվեց որպես ՀՀ սահմանադրության տառին չհակասող: Կարճ ասած, խորհրդարանական ընդդիմությունը դարձյալ առաջարկում է սպասել: Այս անգամ` ՍԴ վճռին:

Այլ կերպ ասած` պայքարը գրել սառույցին:
Երեկ տեղի ունեցավ ևս մեկ ակցիա. մի խումբ լրագրողներ մտան ԱԺ դահլիճ` «Խելքի եկեք, արա՛» և նման բովանդակությամբ այլ պաստառներով` արժանանալով, այսպես ասենք, փորձառու գործընկերների քննադատությանը: Իբրև թե` մասնագիտական կանոններ են խախտվում, լրագրողը պետք է լինի պատին նստած ճանճ: Կամ թե` լրագրողների գործը հետաքննելն է, լուսաբանելը, այլ ոչ թե իրադարձությանը որպես մասնակից ներկայանալը:

Իրենց գործընկերների կեցվածքը քննադատող «ակսակալները», որոնց շրջապատը շատ ավելի մեծ է, և ինֆորմացիայի աղբյուրը` առաջին ձեռքից, չգիտես ինչու, հանդես չեկան այդ գեոպոլիտիկ վերլուծություններով և համաձայնագրի ծագումը ջրի երես հանելով: Համեստորեն լռելն ու ապա համերաշխ ձայնակցելը` ընդդեմ երիտասարդ, գուցե դեռևս լրագրողական ինչ-ինչ կոնվենցիաների անծանոթ երիտասարդների, ևս մասնագիտական էթիկայի խախտում է:

Մինչ ԱԺ մուտքի մոտ բողոքի ակցիայի ավարտը` խորհրդարանի տոնածառը վերջնականորեն զարդարեցին: ԱԺ-ում արդեն իսկական տոն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս