Բաժիններ՝

Իսկ դուք հավանաբար դոցե՞նտն եք

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թեկնածուական ատենախոսություն է գրել` Երևանի խնդիրների և մայրաքաղաքի զարգացման մասին: Իրականությունն այն է, որ Տարոն Մարգարյանն ու «գիտական աստիճան» արտահայտությունը ոչ մի ձևով հնարավոր չէ կիպ մոտեցնել իրար մեկ ընդհանուր բառակապակցության մեջ: Դա նույնն է, ինչ զինվորական հագուստով կառավարության անդամը` կառավարության նիստին կամ պայմանական թշնամի ոչնչացնելիս:

Տարոն Մարգարյանը գիտության ոլորտ գուցե չմտներ, եթե իրենից առաջ գիտության անդաստանն արդեն տրորած չլիներ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, եթե 2004թ. Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը չպաշտպաներ թեկնածուական ատենախոսություն` գիտության մեջ լրիվ նոր խոսք ասելով իր «Թաղապետարանական կառավարման սոցիալական հարցերը» թեմայով: Բարձրագույն կրթության և, առհասարակ, գիտության հանդեպ հայ պաշտոնյաները, օլիգարխները, ԱԺ պատգամավորները հատուկ թուլություն ունեն:

ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, նշենք, պատվո՛վ ներկայացնող պատգամավորներից շատերը բարձրագույն կրթությանն առնչվել են ոչ այնքան վաղ անցյալում: Ի վերջո, մի ամբողջ երեք կոճակի ստույգ նշանակությունը պատկերացնելու, դրանք ժամանակին և ճիշտ սեղմելու համար հույժ կարևոր էին Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի, Գյուղակադեմիայի խմորման ֆակուլտետի, Բաց համալսարանի հմտությունները: ԱԺ պատգամավորներ թողարկելու հրաշալի ավանդույթ ունի նաև Կամոյի անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումը:

Սակայն ոչ բոլորին է գրավել գիտության փշոտ և անշնորհակալ ուղին: Ընտրյալներին է վիճակված Բարձրագույն որակավորման հանձնաժողովից (ԲՈՀ) ստանալ վկայական, ուր սևով սպիտակին գրված է` «գիտության թեկնածու»: Ժամանակին «Հետքը» գրել էր «Միկա լիմիտեդ» ընկերության հիմնադիր Միխայիլ Բաղդասարովի գիտական աստիճանի հետ կապված սկանդալի մասին. իբրև թե վերջինիս թեկնածուական ատենախոսությունը գրագողություն է երկու տարբեր ատենախոսություններից և ոչ թե օլիգարխի անխոնջ աշխատանքի արդյունք: Ի դեպ, պարոն Բաղդասարովը, ինչպեսև Գագիկ Բեգլարյանը, սոցիոլոգիական գիտությունների գիտական աստիճան ունի: Նման կասկածներ կան նաև գիտական աստիճան ունեցող մյուս պաշտոնյաների մասով, սակայն նրանց յուրաքանչյուր միտք վկայում է` գործ ունենք խոշոր ինտելեկտուալների հետ:

Հանցագործությունների ոլորտում ակադեմիկոսի կարգավիճակ ունեցող Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը ևս ցանկացել է իր անվան կողքին տեսնել «պատմական գիտությունների թեկնածու» բառերի համակցությունը և անգամ այդ կոչմանը հավակնող ատենախոսություն է պատրաստել: Սակայն պրպտուն գիտնականի վաստակը գիտության ասպարեզում առայժմ չեն նկատում:
Բայց ինչո՞ւ են այս մարդիկ, որոնց ձայնը լսվում է հեռավոր ֆեոդալիզմից, գիտության հետ առնչվելու ցանկություն ունենում: Փող, իշխանություն, լծակներ. այս ամենը նրանց համար քիչ է: Գիտական կոչումը նրանք համարում են կյանքի բարիք, որից չօգտվելը հիմարություն է:

Դիսերտացիան այսօր պատվիրում են, ինչպես ռեստորանում կպատվիրեն որևէ ուտեստ: Միայն թե վճարիր: Այդ մեր ծնողներն էին, որ ակնոցն աչքերին, ձմռանը` շալով փաթաթված, չէին երևում գրքերի կույտերի ետևում կամ ամիսներ էին անցկացնում գրադարաններում: Նրանք պաշտպանում էին թեմաներ, որոնք նոր խոսք էին գիտության ոլորտում: Եվ իրենք էլ ամեն վայրկյան գիտության մեջ էին. գրքերը` սեղաններին, զրույցի թեման` գիտությունը:

Սակայն ի՞նչ եղավ. այդ սերնդի մարդկանց մի մասն արդեն չկա: Ովքեր ասպարեզում են և իրապես պատկերացնում են գիտության դերը, ԳԱԱ կլոր սրահում, մեջքները երախտագիտությունից ծռած, փող են ընդունում օլիգարխներից, որոնք շփոթում են անգամ ա-ն ու բ-ն:

Ֆունդամենտալ գիտությունը Հայաստանում հիշողություն է. Ալիխանյան եղբայրներ, Մերգելյան, Համբարձումյան, ու լռություն: Գիտնականները որևէ լծակ չունեն և սպասում են, թե որքան գումար կշպրտի բյուջեն իրենց ուղղությամբ:
Եվ հանկարծ, ով հրաշք, իրենց շարքերը սկսում են համալրել մարդիկ, որոնց ներկայությունն ուղղակի վիրավորանք է գիտության հանդեպ:

Սակայն դա այնքան շոյում է գիտնականների սրտերը. նստած են տարիքն առած դոկտորներ, պրոֆեսորներ, թեկնածուներ: Պաշտպանություն է… Դահլիճում տաք է, սրահում սպասքն են չխկչխկացնում ֆուրշեթի սեղան պատրաստող տղաներն ու աղջիկները:

Պաշտոնյաները, որ այլ ժամանակ գիտնականներին ընդհանրապես չեն նկատում, այժմ կանգնած են ամբիոնի մոտ, և թող որ տխմար, գիտության հետ որևէ աղերս չունեցող տեքստ են ասում, սակայն այդ տեքստն ուղղված է իրենց: Իրենցի՛ց է հայցում գիտական աստիճան պաշտոնյան: Իսկ պաշտոնյայից էլ կախված է իրենց ֆինանսավորումը:
ԲՈՀ-ը, բնականաբար, կհաստատի, որ առանց թեկնածուական այդ ատենախոսությունների` տնտեսագիտության, սոցիոլոգիայի ոլորտներում ինչ-որ բան այն չէր:

Տարոն Մարգարյանի ատենախոսությունն էլ, հարկավ, կընդունվի` որպես Երևան քաղաքի զարգացման քարտեզ ու, առհասարակ, նոր խոսք այս ոլորտում:
Մինչ այդ` գիտությամբ զբաղվող հեռանկարային, երիտասարդ շատ գիտնականներ ստիպված են թողնել գիտությունն ու մտածել ընտանիքը պահելու այլ, գիտության հետ առնչություն չունեցող ճանապարհի մասին:

Սակայն այսուհետ նրանք կարող են գիտությունը թողնել հանգիստ խղճով. ԱԺ-ում, կառավարությունում և նախագահականում այնքան շատ են նրանք, որոնք սիրում են գիտությունը: Քիչ է ասել` սիրում են. առանց գիտության կյանք չունեն:

Հ.Գ. Վերնագիրը` «Հաջողության ջենթլմենները» կինոնկարից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս