Բաժիններ՝

«.հայ» մեսրոպատառ դոմենը կունենանք 2014 թվականին

Առաջիկայում մենք հնարավոր է՝ «.am» դոմենից բացի, ունենանք նաև «.հայ» մեսրոպատառ դոմենը: Այս մասին 168.am-ը տեղեկացրել էր դեռ սեպտեմբերին: Աշխարհում ամենաառաջինը նման գործընթաց նախաձեռնվել է Չինաստանի կողմից: Սա համաշխարհային գործընթաց է և շատ երկրներ արդեն ստեղծում են իրենց այբուբենով դոմենը (օրինակ` Ռուսաստանում կիրառվում է «.рф» դոմենը:-Լ.Մ.):

Հայաստանը այս ամենում կարող է կամ ներգրավվել կամ`չներգրավվել: Այսպես մեսրոպատառ դոմեն գրանցելու համար «Ինտերնետ հանրություն» հ/կ-ն պետք է դիմի ICANN միջազգային կազմակերպությանը, որը IP հասցեներ ու դոմենային անուններ է տրամադրում բոլոր երկրներին, սակայն մինչ նշյալ միջազգային կառույցին դիմելը պետք է հավաքել այս հարցի առնչությամբ հասարակական ու տարբեր շահագրգիռ կառույցների կարծիքները: Եվ այսպես, Հայաստանում այս հարցի վերաբերյալ կարծիքներն արդեն հավաքվել են և արձագանքներն արդեն հայտնի են:

Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը`հասարակական կարծիքներն և տարբեր շահագրգիռ կառույցներն այս հարցի առնչությամբ դրական կարծիք ունեն. «Որևէ բացասական կարծիք չկար, ոչ մի,- ասաց Գ Սաղյանը` հավելելով,- Հարցվածները հիմնականում այն կարծիքին են, որ թող լինի երկուսն էլ` թե «.am»-ը և թե «.հայ»-ը, և մեկը մյուսին չի խանգարում: Մի կողմից («.հայ»-ը) կլինի լեզվի պահպանման կամ ինքնաիդենտիֆիկացման ձև/միջոց, իսկ մյուս կողմից (.am-ը) միջազգայնորեն հասանելի լինելու հնարավորություն»:

Ըստ Գ. Սաղյանի`հիմա արդեն պատրաստում են փաստաթղթերը, որպեսզի դրանք ուղարկեն ICANN միջազգային կազմակերպությանը: «Մեր ներկայացուցիչն արդեն Բուենոս Այրեսում քննարկել է փաստաթղթերի հետ կապված այդ հարցերը և մենք ակնկալում ենք, որ ոչ թե մի քանի տարում, այլ հենց մեկ տարվա մեջ հնարավոր կլինի ստանալ մեսրոպատառ դոմենը»,- ասաց Գ. Սաղյանը` նշելով, որ եթե նշյալ գործընթացն խոստացված ձևով ընթանա, ապա հայատառ դոմեն մենք կունենանք 2014 թվականի վերջին:

Կարդացեք նաև

Ըստ Գ. Սաղյանի` մի կողմից ազգային այբուբենով դոմեն ունենալը դրական է, իսկ մյուս կողմից՝ բացասական, քանի որ այդ ամենը միևնույնն ժամանակ նաև մեկուսացմանն ուղղված քայլ է. «Որովհետև աշխարհում ո՞վ հայերեն տառեր կօգտագործի, մեսրոպատառ դոմենով կայք այցելելու համար, դա իհարկե քիչ հավանական է, ուստի այդ մեկուսացման վտանգն, իհարկե, կա: Այնպես որ՝ սա ավելի շուտ այստեղ՝ ներքին օգտագործման համար է»,- ասաց Գ.Սաղյանը` նշելով, որ այսպիսով Հայաստանը մի կողմից մեկուսացման ուղին է ընտրում, սակայն մյուս կողմից՝ դա համաշխարհային գործընթաց է, որին հնարավոր չէ չմասնակցել:

Հարցին, թե այդուամենայնիվ «.հայ» մեսրոպատառ դոմենը կօգտագործե՞ն մարդիկ, թե՞ ոչ. Գ. Սաղյանը պատասխանեց. «Այստեղ ոչ մեկը չունի պատրաստի դեղատոմս: Մի կողմից «.հայ»-ը շատ գեղեցիկ մեսրոպատառ դոմեն է, սակայն մյուս կողմից` վտանգ կա, որ դրա պատճառով աշխարհը մեզ չի տեսնի, որովհետև մեսրոպատառ ստեղնաշարը շատերի մոտ ակտիվացված չէ»,- ասաց Գ. Սաղյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս