Բաժիններ՝

Բարձրանանք «փողոցում կանգնած եզդու» մակարդակին

«Արա՛, է՛շ, ինչի՞ ես գոռում, ա՛յ ոչխար»,- կառավարության մոտ բողոքի դուրս եկած մարդկանց ոչ վաղ անցյալում այսպես էր դիմել  ՀՀ  Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը:

Ճիշտ է, ոչ ոք չիմացավ, թե այդ արտահայտություններից հետո ՀՀ ԱԱԾ պետի մասին հատկապես  ի՛նչ մտածեցին հավաքվածները. նրանք, ինչպես «Վիննի Թուխի» հերոս Ճագարը, չափազանց դաստիարակված էին: Սակայն ասել, որ  մեր հասարակությունը չարձագանքեց այդ վիրավորանքին,  անպատկառ  զրպարտություն է: Այն էլ ինչպիսի արձագանք եղավ. իսկական փոթորիկ՝  սոցիալական ցանցում,  վրդովված լրագրողների  մի քանի հոդվածներ՝ մամուլում:

Օրեր առաջ  լրագրողներից մեկի հարցին՝  ինչու՞ է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղն անցկացվում ռուսերենով, և արդյո՞ք դա ՀՀ «Լեզվի մասին» օրենքի խախտում չէ, ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը պատասխանել էր. «Արա՛, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի: Բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում…» : Եթե նման միտք հայտներ   անդառնալիորեն տգետ ու քաղքենի մեկը,  գուցե չզարմանայինք: Սակայն մտքի հեղինակն  ԱԺ հանրապետական պատգամավոր է:   Այս պատգամավորը ՝ հավանաբար՝ որպես խոշոր ինտելեկտուալ, միշտ ներկա է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին:

Եզդիները հայ   չեն, որպեսզի սառնասրտորեն կուլ տան  «արա՛, է՛շ, ա՛յ ոչխար» արտահայտությունը:

Եզդիները գիտեն, որ եթե թույլ տան մեկ անգամ իրենց վիրավորել, վիրավորողի համար դա կդառնա սովորություն: Իսկ վիրավորանքը պերմանենտ կուլ տալը՝ ինչպես մաստակ, ևս  վտանգավոր է, քանի որ օրերից մի օր նկատում ես, որ ոչինչ, վիրավորանքի ոչ մի արտահայտչամիջոց  այլևս վրադ չի ազդում: Կարճ ասած՝ եզդիները  զայրացան և քայլերն ուղղեցին ԱԺ՝ ձեռքներին անհրաժեշտ ատրիբուտներ՝ տվյալ պատգամավորի համար:   Ասում են՝ այդ պատգամավորն անգամ ներողություն է խնդրել:

Ստացվում է՝ մեր՝ ՀՀ քաղաքացիներիս  ինքնագնահատականը ժամանակի ընթացքում ընկել է: Ընկել է այնքան, որ չենք վիրավորվում ոչնչից: Մեզ հունից հանում է հայ պաշտոնյաների ստրկամտությունը, տկարամտությունը, ամեն ինչի հանդեպ սիրողական մոտեցումը: Սակայն զուտ էմոցիոնալ մակարդակում: Կսրամտենք, մեկ-երկու կծու արտահայտություններ՝ սոցիալական ցանցում, և վերջակետ: Եվ ամեն ինչի հանդեպ իմունիտետ ձեռք բերելու մեր կարողությունն այնքան սուր երևաց վիրավորված եզդիների ակցիայից հետո:

Սկսել ենք վախենալ ամեն ինչից: Յուրաքանչյուր համարձակ մտքի կամ գործողության ետևում փորձում ենք փնտրել պատվիրատուների: Ամենից շատ սարսափում են «հեղափոխություն» բառից: Հեղափոխություն ասելով՝  պատկերացնում ենք արյան գետեր,   դիակներ, անորոշություն, քաոս: Եվ  փոփոխությունների համար ինչ-որ գին վճարելու վախը մեզ թույլ չի տալիս որևէ երկարատև, արդյունքի միտված գործողություն սկսել:

Եվ ունեցածը կորցնելու  վտանգից  ձևացնում ենք, թե հեղափոխությունը լյումպենի, անգիտակից մի զանգվածի քաոսային գործողություն է, որին իրեն հարգող մարդը չի մասնակցի: Բարեկիրթ ժպիտով սպասում ենք,  որ մեր երկրում  ևս փոփոխություններ  կլինեն: Ընդ որում՝ անպատճառ սահմանադրական եղանակով: Այսինքն՝ մերժում ենք հեղափոխությունը և ակնկալում, որ էվոլյուցիայի շնորհիվ մեր երկրում, դիցուք, անառակների որջը   դառնալու է բարեպաշտ օրիորդների  պանսիոն:

Արյուն, հասկանալի է,  ոչ ոք չի ուզում: Լավագույն տարբերակներից կլիներ, եթե իշխանությունները՝ ողջ կազմով, անհարմար զգային, ներողություն խնդրեին ժողովրդից ու ողջ կազմով էլ մեկնեին որևէ  հեռավոր մենաստան՝ մեղքերի թողություն խնդրելու: Սակայն  դրա հավանականությունը  չափազանց փոքր է, այնքան փոքր, որ չի երևում: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի յուրաքանչյուր երկրորդ բառը «ժողովրդավարությունն» է: Փորձեն երիտասարդները դուրս գալ փողոց՝ բողոքելու Պուտինի առաջ սպասավորի պոզայով կանգնած  և իրենց մտքերը ռուսաց լեզվով շարադրող  իշխանությունների  դեմ, և երիտասարդներին, օրը ցերեկով, լցնում են ավտոմեքենաներ ու տանում քաղմաս: Մեր երկրում ՝ ինչպես  Մյունհաուզենի ֆիլմում է՝ իշխանությունները սկզբում  պլանավորում են տոնախմբություններ, ապա՝ ձերբակալություններ: Հետո որոշում են երկուսը համատեղել:

Իսկ մինչ այդ պետք է արձանագրենք, որ քաղաքական ու սոցիալական ճգնաժամը հաղթահարելու միակ ճանապարհը, այդուհանդերձ,  մնում է ճնշումն իշխանությունների վրա: Ուկրաինական իրադարձությունների քաղաքական վերլուծությունը  քաղաքագետների գործն է, սակայն մեր՝ քաղաքացիներիս  ուշադրությունն այդ երկրի քաղաքացիները գրավում են իրենց հետևողականությամբ, իրենց կամքն իշխանություններին փոխանցելու համառությամբ: Գիշեր-ցերեկ նրանք հրապարակում են՝ պատրաստ ընդհուպ ոստիկանների հետ բախման: Հայաստանում անգամ պայքարի դրվագային տարբերակների համար ընտրվում են թավշյա սեզոնները՝ պլյուս տասից ոչ ցածր և պլյուս 18-ից ոչ բարձր ջերմություն՝ օդի համապատասխան խոնավությամբ:

Իսկ 1988-ին այդպես չէր. գիշեր-ցերեկ բոլորը դրսում էին, ցրտին, շոգին:  Եվ  այն, ինչ տեղի ունեցավ 1988-ին, իսկական հեղափոխություն էր: Սա՝  մեզնից նրանց համար, ովքեր վախենում են այդ բառից: Ի վերջո, արվեստի, գրականության, գիտության, մյուս բոլոր ոլորտներում այն, ինչ նոր է, թարմ, այն, ինչ փոխում է մարդկանց պատկերացումները, կոտրում կարծրատիպերը, անվանում են մեկ բառով՝ հեղափոխություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս