Իթթիհատականների իրականացրած տեղահանությունն անմարդկային էր. Դավութօղլու

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում երեկ պատմել է իր երևանյան այցի մասին, ուր նա մասնակցել է ՍԾՏՀ 29-րդ նախարարական հանդիպմանը, ինչպես նաև առանձին երկկողմ հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ.

«Վերին աստիճանի ջերմ և անկեղծ հանդիպում անցկացրեցինք: Հայտնի է, որ մենք շատ հարցերում ունենք տարաձայնություններ և տարբեր դիրքորոշումներ, և չնայած դրան՝ կարևոր է ավելի հաճախ հավաքվելը: Ես ինքս բազմաթիվ հանդիպումներ եմ անցկացրել (ցյուրիխյան) արձանագրությունների ստորագրման ժամանակ, դրանից առաջ և հետո: Վերջին շրջանում պակասել են մեր հանդիպումները:

Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի հետ նույնպես ունենանք բարձր մակարդակի հարաբերություններ, ինչպես որ մեր բոլոր հարևանների պարագայում է: Մեր նպատակը միայն Թուրքիայի ու Հայաստանի սահմանի բացումը չէ, Կովկասում խաղաղության հաստատումն էլ է: Այս խնդիրն ունի երեք բաղկացուցիչ մաս:

Առաջինը վերաբերում է Թուրքիայի ու Հայաստանի հարաբերություններին: Մենք մոտ էինք (Սիրիայի նախագահ) Բաշար Ասադի հետ, սակայն այսօր (երեկ) ես եկա Հայաստան, մինչդեռ չեմ կարող գնալ Դամասկոս:

Երկրորդը վերաբերում է Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններին: Սրա հիմքում ընկած է Հարավային Կովկասում էթնիկ խաղաղության հաստատումը՝ ներառյալ նաև վրաց-աբխազական հարաբերությունները: Կարևոր է լարվածության նվազեցումը տարածաշրջանում:

Իսկ երրորդը վերաբերում է ընդհանրապես հայ-թուրքական հարաբերություններին: Այսինքն, որտեղ էլ որ լինեն հայերն ու թուրքերը՝ Լոս Անջելեսում, Փարիզում, Մոսկվայում, պետք է գտնեն ընդհանուր լեզու: Թերի կլինի եթե իրագործվի այս երեքից միայն մեկը:

Լավ ասենք, թե մենք ունենք բաց սահմաններ (Հայաստանի հետ), եթե վաղը պատերազմ սկսի Ադրբեջանի ու Հայաստանի միջև, ապա մենք այդ ժամանակ կրկին հարկադրված կլինենք փակել այն: Ամենադժվար բանը սառեցված ստատուս-քվոյի հարցի լուծումն է:

Մենք ասում ենք «արդար հիշողություն»: Սա նշանակում է, որ մենք պետք է տեղյակ լինենք փաստերին: Հայ-թուրքական հարաբերություններն անցյալի առումով նման չեն գերմանա-հրեական հարաբերություններին: Ամեն փողոցում մի ընդհանուր հետք կա: Իթթիհատականների իրականացրած տեղահանությունը ճիշտ բան չէ, կատարելապես սխալ և անմարդկային է: Մենք երբեք հավանության չենք արժանացրել այն:

Ամեն անգամ արտերկիր մեկնելիս փորձում եմ հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մենք նկատել ենք, որ երբ Սփյուռքը ճնշում է գործադրում Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցում, գործն առաջ չի գնում»:

davutoglu-erivan-1212-jpg20131212192446

Տեսանյութեր

Լրահոս