Բաժիններ՝

Առողջապահության նախարարությունը խորամանկեց և խոստումը չկատարեց

«168 Ժամի» նախորդ համարներից մեկում «Շտապօգնության բժիշկն օգնության կարիք ունի» վերնագրով հրապարակման մեջ ներկայացրել էինք բժիշկ Արմեն Մկրտչյանի հետ կատարված ողբերգական դեպքն ու դրան հաջորդող` ընտանեկան, վերականգնողական բուժման հետ կապված դժվարությունները: Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին շտապօգնության բժիշկ Ա. Մկրտչյանը հերթապահության ժամանակ կանչ ստանալով՝ բուժանձնակազմի հետ ուղևորվել է դեպի Արցախի փողոց, որտեղ «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել էր նրանց մեքենային: Այդ ողբերգական վթարի արդյունքում «Մերսեդեսի» վարորդը տեղում մահացել էր, իսկ շտապօգնության վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Բժիշկ Արմեն Մկրտչյանի կյանքը հրաշքով փրկվել է, բայց բազում վիրատահությունների, վերականգնողական երկարատև բուժման արդյունքում էլ այսօր նա գտնվում է ծանր վիճակում: Հայաստանյան բուժհաստատությունները, վերականգնողական կենտրոններն այլևս Ա. Մկրտչյանի առողջական վիճակը բարելավելն անհնար համարելով՝ նրան ճանապարհել են տուն՝ ուղղորդելով եվրոպական որևէ երկրում վերականգնողական բուժում ստանալու ելքեր որոնել:
Մեր թերթի հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության, մասնավորապես` առողջապահության համակարգի աշխատակիցների շրջանում, և լրատվամիջոցները տարածեցին Ա. Մկրտչյանի պատմությունը՝ ահազանգելով այն մասին, որ ծառայության ընթացքում վթարի ենթարկված բժշկին այսօր առողջապահության համակարգը «տեր» չի կանգնում: Հրապարակմանն անմիջապես արձագանքեցին Առողջապահության նախարարությունից, ընդ որում՝ լրատվամիջոցներին հաղորդագրություն տարածելով, որում, մասնավորապես, ասվում էր՝ «ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ այցելել է կայանի բժիշկ Արմեն Մկրտչյանին, ով ապրիլի 19-ին հերթապահության ժամանակ կանչի մեկնելիս` վթարի էր ենթարկվել: Փոխնախարարը փոխանցել է նախարար Դումանյանի պատրաստակամությունը վթարից տուժած բժշկի առողջական վիճակի բարելավման ուղղությամբ անհրաժեշտ մասնագիտական օգնություն կազմակերպելու հարցում»: Այնուհետև, հաղորդագրության մեջ նշվում էր, որ որոշվել է կազմակերպել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների կոնսիլիում՝ նրա առողջական վիճակը գնահատելու և բուժման հետագա գործողությունները հստակեցնելու նպատակով, որի արդյունքները կքննարկվեն ինչպես` Հայաստանի, այնպես էլ` արտասահմանի ճանաչված մասնագետների հետ: Իսկ Թագուհի Ստեփանյանը փոխանցել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատրաստակամությունը բժշկի սոցիալ-կենցաղային խնդիրներին լուծումներ գտնելու գործում: Այսինքն՝ «դիվանագիտորեն» արվեց մի բան, համաձայն որի՝ մեր երկրում մասնագիտական պարտականությունը կատարելու ընթացքում միջադեպերի պատճառով տուժած բժիշկները պաշտպանված են պետության կողմից, քանի որ պետական կառույցները հետևանքային խնդիրները վերցնում են իրենց վրա:
Երեկ, սակայն, խմբագրություն էր զանգահարել վթարից տուժած Ա. Մկրտչյանի կինը՝ Հասմիկը, տեղեկացնելով, որ Առողջապահության նախարարության գործողությունների մասին լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ նախարարությունն ուղղակի պատրանք ստեղծեց, որ բժշկի առողջական խնդիրները հոգալու է: «Այո, հրապարակումից անմիջապես հետո իսկապես նրանք եկան մեր տուն: Շատ տարբեր խոստումներ տվեցին, մասնավորապես, որ Արմենի բժշկական թղթերը կուղարկեն Գերմանիա, երկրորդ կարծիքն իմանալուց հետո Արմենին նույնպես կուղարկեն այդ երկիր վերականգնողական բուժման: Նույնիսկ ասացին, որ նախարարությունը համագործակցում է Գերմանիայի 2 լավագույն կլինիկաների հետ, նշեցին անունները, և տպավորություն էր, որ Արմենին այնտեղ բուժելու որևէ խնդիր չկա, անգամ ֆինանսական որևէ հարց չքննարկեցին: Իրենք շատ լավ տեղյակ էին, որ այստեղ սարքավորումները չկան, մասնագետներ` նույնպես»,- պատմում է Հասմիկն՝ ավելացնելով, որ նախարարության ներկայացուցիչները շատ կոնկրետ խոստացել են Ա. Մկրտչյանին ուղարկել Գերմանիա և, դրանից բացի կոնսիլիում հրավիրել, որպեսզի տեղի բժիշկների կարծիքները լսեն: Մինչդեռ առողջապահության համակարգի մասնագետների այցելությունից հետո երկար լռություն է տիրել. «Շատ երկար ժամանակ` ոչ մի արձագանք, ոչ մի զանգ: Լրատվամիջոցներից մեկը նորից հոդված տպեց, որից հետո նոր կոնսիլիումը եղավ, մասնագետներն ԱՆ բուժվարչության պետի հետ եկան: Ուռոլոգը նշանակեց մի դեղ, որը ոչ միայն Հայաստանում, այլև՝ եվրոպական երկրներում փնտրեցինք ու չգտանք: Մի խոսքով՝ կրկին ստուգումներ, կարծիքներ և գործնականում` ոչինչ: Հեռացան և կրկին շաբաթներով` ոչինչ: Նորից լրատվամիջոցներով գրեցին, որ նախարարությունն ուղղակի լավ շոու կազմակերպեց, և նորից Առողջապահության նախարարությունից անմիջապես զանգ, թե՝ գիտեք, թղթերն արդեն 10 օր պատրաստ ենգ Մեզ համար էին թողել, որ իրենց հետ կապվեինք, բայց ոչ մի համար չի պատասխանել շատ երկար ժամանակ»: Ինչևէ, որոշ ժամանակ անց փոխնախարար Վ. Պողոսյանը Ա. Մկրտչյանին տեղեկացրել է, որ բուժումը Գերմանիայում կազմակերպելու վերաբերյալ ինքը որևէ բան չի խոստացել: Վերջինս տեղեկացրել է, որ դա կապված է մեծ գումարների հետ, որի հնարավորությունը նախարարությունը չունի: «Հետո, այնուամենայնիվ, Վ. Պողոսյանն ասաց, որ նախարարի հետ կխոսի, և քարտուղարուհին փոխանցեց, որ Վ. Պողոսյանն անպայման Արմենին կզանգահարի` նոր տեղեկություն հայտնելու, և մինչ օրս զանգահարում էգ»: Առ այսօր Ա. Մկրտչյանի վերականգնողական բուժման վերաբերյալ որևէ տեղեկություն Ա. Մկրտչյանն ու նրա կինը չեն ստացել, և ստացվում է, որ նախարարության ներկայացուցիչներն ուղղակի լավ տպավորություն ստեղծեցին: Դա պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ առողջապահության ոլորտի մասնագետների մոտ այս ողբերգական պատմությունը լուրջ անհանգստություն էր առաջացրել: Շատերը մտավախություն ունեին, որ աշխատանքի ընթացքում նման միջադեպերի զոհը դառնալով` պետությունը որևէ կերպ պատասխանատվություն չի ստանձնելու նրանց բուժման հարցում: Ա. Մկրտչյանի կինը վստահեցնում է, որ պատմությունը հրապարակելուց հետո իրենց չեն դադարել զանգահարել բազմաթիվ բժիշկներ՝ հայտնելով իրենց անհանգստությունն ու, պարզապես անթույլատրելի համարելով պետության նման դիրքորոշումը: Եվ որպեսզի համակարգի աշխատակիցների շրջանում տիրող խուճապը հանդարտվի՝ Առողջապահության փոխնախարարը լավ ներկայացում բեմադրեց: «Մեզ այնքան էին զանգահարում, շատ մեծ անհանգստություն կար, հատկապես շտապօգնության բժիշկների միջև, որոնց կյանքն ավելի շատ է վտանգված: Շատերի մոտ իսկապես հարցեր կային, թե իսկապե՞ս նախարարությունն արեց, կամ ճի՞շտ է այդ տեղեկությունը, որ պետությունն իր վրա է վերցրել այդ խնդիրները: Անգամ ասում էին՝ ուզում ենք իմանալ, Աստված չանի` մեզ հետ էլ նման բան պատահի, իշխանությունը՝ Առողջապահության նախարարությունը մեր կողքին կլինի՞»,- պատմում է Հասմիկը՝ վստահեցնելով, որ այն իրավիճակը, որում հիմա Ա. Մկրտչյանն է, վտանգավոր է նրա կյանքի համար, քանի որ վերականգնողական դրական բուժման հավանականությունը նվազում է:
Մենք առաջիկայում կփորձենք Առողջապահության նախարարությունից պարզաբանում ստանալ կատարվածի վերաբերյալ և փորձել հասկանալ՝ Առողջապահության նախարարությունը ծառայության ընթացքում դժբախտ պատահարի զոհ դարձած իր մասնագետներին տեր կանգնո՞ւմ է, թե՞ այնուամենայնիվ միայն պատրանք է ստեղծում, թե տեր է կանգնում: Կամ պատասխանատո՞ւ է Ա. Մկրտչյանի 3 մանկահասակ երեխաների կյանքի որակի համար, որում նրանք հայտնվել են իրենց հոր` մասնագիտական պարտականությունը կատարելու ժամանակ վթարի ենթարկվելու պատճառով:
Ամեն դեպքում կրկին ներկայացնում ենք «Յունիբանկում» Արմեն Մկրտչյանի անվամբ բացված հաշվեհամարները.
24126004342700 դրամ
24126004342701 USD
24126004342702 EUR

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս