Բաժիններ՝

ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի

ԱՄՆ-ի քոլեջներում և համալսարաններում ապրիլի 18-ից շարունակվող պաղեստինամետ ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը գերազանցել է 2000-ը։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Ուսանողների ցույցերի մի մասի դեպքում համալսարանների տարածքում վրաններ են տեղադրվել։

Մայիսի 2-ին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում ցույցը ցրելու՝ իրավապահների հրահանգները չկատարելու համար ձերբակալվել է ավելի քան 200 մարդ։ Համալսարանի տարածքում տեղակայված վրանները հեռացվել են:

Առնվազն 30 մարդ ձերբակալվել է Պորտլենդի պետական համալսարանում, որտեղ իրավապահները հեռացրել են ապրիլի 29-ից գրադարանը գրաված ցուցարարներին։

Փենսիլվանիայի համալսարանը խնդրել է ոստիկանական ավելի մեծ ռեսուրսներ տրամադրել, քանի որ ցույցերը մեծ թափ են ստացել։

Ըստ BBC-ի հաշվարկների՝ ցույցերը տարածվել են ԱՄՆ-ի 45 նահանգների գրեթե 140 քոլեջներում և համալսարաններում: Ցուցարարները պահանջում են, որ կրթական հաստատությունները խզեն իրենց ֆինանսական կապերն Իսրայելի կամ այն ընկերությունների հետ, որոնք առնչություն ունեն Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ ուղղակիորեն անդրադարձել է ցույցերին՝ ցուցարարներին կոչ անելով պահպանել կարգուկանոնը: Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնի աջակցությունն Իսրայելին մնում է անփոփոխ։

Վերջին օրերին Գազայում ընթացող պատերազմի դեմ ցույցեր են կազմակերպել նաև Ավստրալիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բրիտանիայի, Կանադայի, Եգիպտոսի, Քուվեյթի, Լիբանանի համալսարանների ուսանողները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս