Առանց Նիկոլ Փաշինյանի ցուցումի՝ Արայիկ Հարությունյանը որևէ բան չէր անում, եթե նա լիներ ազատության մեջ, կպատասխաներ, թե ինչու չգնաց Սոֆիա հանդիպմանը. Դավիթ Գալստյան
Երեկ խորհրդարանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Սահմանադրությամբ երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին մեղադրանքներ հնչեցրեց Արցախի իշխանությունների հասցեին, թե նրանք հնարավորւթյուն ունեին գնալ Սոֆիա ու Ադրբեջանի հետ սկսել բանակցություններ, սակայն «Հայաստանից զանգ է հնչել ու Արցախի իշխանություններին հետ պահել այս հանդիպումից»։ Արթուր Հովհաննիսյանը մատնացույց անելով խորհրդարանական ընդդիմությանը՝ մեղադրեց, թե նրանք չեն թողել։
Իշխանական պատգամավորը նաև «երեսով» տվեց, որ ՀՀ-ն արցախահայերին գումար է տալիս, նշելով, թե «Արցախի խորհրդարանն ընտրեց դաշնակ նախագահի, հրահրեցին պատերազմ, իսկ Արցախի նախագահն էլ թռավ եկավ Երևան, հիմա իրենցից գումարներ են ուզում»։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը ՀՀ իշխանության որևէ ներկայացուցչի որևէ հայտարարությունից արդեն չի զարմանում, քանի որ դրանք բոլորը մանիպուլյացիաներ են։
«Սա այս իշխանությունների գործելաոճն է, փորձում են ամեն ինչ անել, որպեսզի այս հասարակությանը շեղեն իրական խնդրից։ Արցախ հանձնողները և այսօր արդեն Հայաստան հանձնողները փորձում են իրենց մեղքն ուրիշի վրա բարդել, վեկտորներն իրենցից շեղել ու այլ ուղղությամբ տանել։
Ինչ վերաբերում է իրենց մատնանշած Սոֆիայի հանդիպմանը, ապա առանց Նիկոլ Փաշինյանի ցուցումի՝ Արայիկ Հարությունյանը որևէ բան չէր անում Արցախում։ Ցավոք, այսօր Արայիկ Հարությունյանը գտնվում է ադրբեջանական գերության մեջ, եթե նա լիներ ազատության մեջ, այդ հարցին ավելի հստակ պատասխան կտար։ Նա իշխանական պատգամավորին ավելի հստակ կպատասխաներ, թե ինչու չգնաց այդ հանդիպմանը։ Արայիկ Հարությունյանը մինչև իր հրաժարականը Նիկոլ Փաշինյանի հետ էր քննարկում ու նմանատիպ որոշումներ կայացնում»,- նշեց Դավիթ Գալստյանը։
Նրա բնորոշմամբ՝ որքան էլ այսօրվա իշխանությունը փորձի մեղավորներ նշանակել, միևնույն է՝ պատմության մեջ մնալու են՝ որպես հայրենիք հանձնող իշխանություն։
Ըստ պատգամավորի՝ թող Արցախի նախագահը պատասխանի, թե ինչ գումար է ուզում ՀՀ իշխանություններից, ինչի մասին նրանք բարձրաձայնում են։
«Ես մեկ բան հստակ գիտեմ՝ իշխանական այս ոհմակը չգիտի հայի, հայրենիքի արժեքը, որովհետև ամեն ինչ չափում է փողով։ Այսօր արցախահայերն ավելի սիրով կապրեին Արցախում, եթե չլիներ ադրբեջանական վտանգը, քան այս թրքահպատակ իշխանությունների ներքո։ Իշխանությունը նաև լծված է արցախահայերի ու Հայաստանի մեր հայրենակիցների միջև բաժանարար գծեր քաշելու գործին, դրանով հետապնդելով մեկ նպատակ՝ ոչնչացնել բոլոր հայկականն ու հայկական պետությունը»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։