Բաժիններ՝

Հայկական Ֆեմիդա՝ լայն բացած գրպանով

2008-ից այս կողմ Սերժ Սարգսյանը հետևողականորեն խորհրդակցություններ է հրավիրում: Եվ, որպես կանոն, դատաիրավական համակարգի ղեկավարների հետ: Պաշտոնական հաղորդագրությունները մեջբերում են նրա յուրաքանչյուր ռեզյումեն նման խորհրդակցությունից հետո. «Մենք ունենք հստակ ուղենիշ` իրավունքի գերակայության և արդարության արմատավորում մեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում»: «Այլևս անթույլատրելի է (դատաիրավական համակարգում.- Լ.Ա.) առկա խնդիրները բացատրել խորհրդային ժառանգությամբ կամ անցումային ժամանակաշրջանի դժվարություններով»: «Դատաիրավական համակարգում չպետք է լինեն արտոնյալներ»:

Դատելով, թե խորհրդակցությունների ընթացքում որպիսի փութաջանությամբ են ոլորտի պատասխանատուները գրառումներ անում իրենց բլոկնոտներում, ոլորտում հաջողությունները պիտի որ թռիչքաձև լինեին: Եվ, ահա, երեկ հրապարակվում է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցն արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ: Այն իր բովանդակությամբ հիշեցնում էր ժամանակին ԱԺ-ում Վերահսկիչ պալատի նախագահի ելույթը` բյուջեի 70 տոկոսի ռիսկայնության մասին:
Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) բարձրաձայնեց այն, ինչի մասին անվերջ գրում է մամուլը` Հայաստանում դատական համակարգը վերից վար կոռումպացված է:
Ընդ որում, կոռումպացված է խիստ համակարգված, կոնկրետ գնացուցակով: Այսպես. «Կաշառքը տրվում է Առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կողմից կայացված վճռի համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը` նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների հետ»:
Սա տարբերակներից մեկն է: Իսկ եթե դատավորը պարտավորվում է պահել իր վճիռը` այսինքն` երաշխավորում է, որ իր կայացրած վճիռը չի բեկանվի հաջորդ ատյանների կողմից, «ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջև»:
Առաջին ատյանում, ըստ ՄԻՊ զեկույցի, կաշառքի չափը 500-10.000 ԱՄՆ դոլար է, Վերաքննիչ դատարանում` 2000-15.000 ԱՄՆ դոլար, Վճռաբեկ դատարանում` 10.000-50.000 ԱՄՆ դոլար:
Կաշառքի համակարգը ճկուն է, կան համաձայնության գալու այլընտրանքային եղանակներ. մնում է պայմանավորվել գնի շուրջ: Հասկանալի է, որ ՄԻՊ բերած փաստաթղթում դատավորները խախտել են ոչ միայն «Արժույթային կարգավորման մասին օրենքը», ըստ որի` հոդված 6-ի 1-ին կետի` «ՀՀ տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման փողային գնանշումներն իրականացվում են ՀՀ դրամով»:
Ինչ խոսք, մեծ խիզախություն է նման բովանդակությամբ զեկույց հրապարակելը: Սակայն, երբ կոռուպցիայի մասին հետաքննության թելը Վճռաբեկ դատարանից հետո կտրվում է, ինչ-որ բան, այս դեպքում` չափազանց կարևոր բան, թերի է մնում: Այն, որ դատաիրավական (և ոչ միայն) ոլորտը մեր երկրում կոռումպացված է, գիտի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Սակայն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի ավելին, քան հրապարակել է Մարդու իրավունքների պաշտպանն` իր զեկույցում. մեր երկրում որևէ ֆինանսական գործարք (ընդհուպ` կաշառքը), չի կայանում` առանց բարձրաստիճան ղեկավարության գիտության:
Խաղի կանոնները թելադրվում են վերևից: Կոնկրետ լինենք` երկրի նախագահի կողմից: Սակայն վերջինիս կերպարը ՄԻՊ-ը փնտրել և գտել էգ Հին Ուխտում. «Երբ Սամուէլը ծերացաւ, իր որդիներին Իսրայէլի դատաւորներ կարգեց: Նրա որդիները, սակայն, չգնացին իրենց հօր ճանապարհով, այլ ընչաքաղցութեան յետեւից ընկնելով` կաշառք էին վերցնում եւ իրաւունքը թիւրում»: Անալոգիան այսպես է պետք հասկանալ. հայր Սամուելն այս դեպքում Սերժ Սարգսյանն է, նա դատավորներ է նշանակել, որոնք «չգնացին հօր ճանապարհով», ընչաքաղցություն դրսևորեցին, ընկան կաշառք վերցնելովգ
ՄԻՊ-ն իրավացիորեն` որպես կոռուպցիայի ու դատաիրավական համակարգի վերահսկման օղակ, նկատում է Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորների» ինստիտուտը (սրանք մարդիկ են, որոնք անմիջականորեն հսկում են, վերահսկում բոլոր վճիռները` ըստ գործի հնչեղության, բարդության: Ենթադրվում է, որ վերաբաշխում են նաև ստացված կաշառքը): Իսկ այն, ըստ զեկույցի, քիչ չէ` 10.000-50.000 ԱՄՆ դոլար:
Հիմա` «զոնալ դատավորների» ինստիտուտը ձևավորել են իրե՞նք` դատավորնե՞րը, թե՞ այն ավելի բարձր օղակից ներմուծված է դատարաններ` վերահսկելու դատական ողջ գործընթացը և «արդարաբար» բաշխելու ստացված կաշառքը: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ դատավորներն իրենք իրենց վերահսկող լրացուցիչ օղակ չէին ստեղծի: Հետևաբար, ակնհայտ է. «զոնալ դատավորների» համակարգը ներդրված է մեկ կենտրոնից` նախագահականից:
Հայաստանում բարձրաստիճան չինովնիկների, դատավորների աշխատավարձը բարձրացնելիս` առաջին հիմնավորումն այն է, որ այդպիսով նվազում են կոռուպցիոն ռիսկերը: ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի աշխատավարձը 1 միլիոն 716 հազար դրամ է: ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարանի նախագահն ամեն ամիս ստանում է 1 միլիոն 425 հազար դրամ, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը` 1 միլիոն 360 հազար դրամ: Եթե այս գումարին ավելացնում ենք նրանց ամսական կաշառքը, հեքիաթային թվեր ենք ստանում: Սակայն, անգամ այդ դեպքումվերջերս հրապարակված վարկանիշային աղյուսակի` Հայաստանի 10 ամենահարուստ մարդկանց թվում դատավորներ չկան: Ավելի՛ն` առաջին և երկրորդ հորիզոնականներում նախկին և գործող նախագահներն են` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:
Այս դեպքում ստացվում է, որ ՄԻՊ-ի զեկույցում կոռուպցիայի մեղավորներն ընտրովի են: Իսկ ընտրովի արդարությունն անօրինության բազում դրսևորումներից մեկն է: Եվ այդ մասին գրված է ոչ միայն Հին Ուխտում…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս