Արդարադատության նախարարության նախաձեռնությունն ուղղակիորեն վտանգում է փաստաբանության անկախությունը

Փաստաբանների շրջանում դժգոհություն առաջացրած օրենքի երկու նախագծների քննարկումները շարունակվում են: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը:

Փաստաբանների շրջանում դժգոհություն էին առաջացրել ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և շրջանառության մեջ դրված «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղված իր նամակում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել էր, որ նախագծերը չունեն պատշաճ հիմնավորում: Փաստաբանների հաշվառումը պալատը կատարում է անվճար: «Նախարարության այս նախաձեռնությունն ուղղակիորեն վտանգում է փաստաբանության անկախությունը»,-նշել էր Փաստաբանների պալատի նախագահը: Օրենքների նախագծերում նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք 60.000 դրամի չափով: Փաստաբանները նաև ստորագրահավաք էին սկսել այդ նախագծերի դեմ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրայր Թովմասյանին առաջարկել էր վերանայել օրենքի նախագծերը:

Ըստ նրա՝ առաջին հերթին խնդրահարույց է այն, որ Արդարադատության նախարարությունը միջամտում է փաստաբանների անկախ գործունեությանը՝ իր վրա վերցնելով փաստաբանների գրանցամատյանի վարման գործառույթը, ինչի համար նաև գանձում է հավելյալ տուրք. «Բացի այդ, ընդունելի չէ այն հիմնավորումը, որ փաստաբաններից գանձվող տուրքը նախատեսվում է ուղղել Հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, քանի որ այդ գրասենյակի պահպանումը հանդիսանում է պետության պոզիտիվ պարտականությունը»:

Տեսանյութեր

Լրահոս