Ինչո՞ւ են փակում Մեծամորի բժշկական կենտրոնի մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքը

2014թ. հունվարից չի գործելու Մեծամորի բժշկական կենտրոնի մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքը: «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի գործառույթները փոխանցվելու են «Արմավիրի բժշկական կենտրոնին»:

Այս բաժանմունքի փակման մասին որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել է այս տարվա օգոստոսի 15-ին: Կառավարության որոշմամբ` նախատեսվել է «Արմավիրի բժշկական կենտրոն» և «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալները թողնել անփոփոխ:
Մեծամորի բնակիչներն այժմ դեմ են արտահայտվում բաժանմունքների փակմանը՝ նշելով, որ Արմավիր հասնելու համար ստիպված են լինելու ճանապարհի ծախսի խնդիր լուծել: Դեկտեմբերի 4-ին բնակիչները հավաքվել էին և սպառնում էին փակել Մեծամոր-Երևան ավտոճանապարհը: «Եղել են դեպքեր, որ ծննդաբերության ժամանակ ուժեղ ցավեր են սկսվել, և առաջինն օգնության են ժամանել Մեծամորի ծննդատան աշխատակիցները, իսկ հիմա մեզ ասում են` ոչինչ, մի քիչ համբերեք, Հոկտեմբերյանում կծննդաբերեք»,- shamshyan.com-ին պատմել էին բողոքող բնակիչները:
«168 Ժամի» հետ զրույցում Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանն ասաց, որ մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի փակման միակ պատճառն այն է, որ այն աշխատում է թերծանրաբեռնվածությամբ և վնասով: «Այնտեղ օրական 1 ծնունդ էլ չի լինում: Դա հիմք հանդիսացավ: Պետությունը մեկ ծնունդի համար փոխհատուցում է 107 հազար դրամ: 107 հազար դրամով 28 աշխատող, այդ բաժանմունքի պահպանման ծախսեր, գումարած` դեղորայք, հնարավոր չէր: Վնասով աշխատող բաժանմունք էր, այն առանձին աշխատող ծննդատուն չէր: Դրա համար նախատեսվեց օրական այդ մեկ ծնունդը տեղափոխել «Արմավիրի բժշկական կենտրոն»»,- ասաց Լարիսա Մուրադյանը: Նրա խոսքով՝ ծնունդների պակաս սկսել էր գրանցվել սկսած 2011 թվականից: Վերջին տարիներին ծնունդների թիվը չի գերացանցել 250-ը: «Տարին 365 օր ունի, օրական 1 ծնունդ չէր լինում»,- ասաց Լ. Մուրադյանը:
Լարիսա Մուրադյանի տեղեկացմամբ՝ «Մեծամորի» բժշկական կենտրոնում մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի տարածքում կծավալվի ստացիոնար էնդոկրինոլոգիական ծառայություն: «Մեր մարզում շատացել են էնդոկրին հիվանդները՝ շաքարային դիաբետ և այլն: Այդ պատճառով նպատակահարմար գտանք, որ քանի որ մեր մարզում չկար այդ բաժանմունքը, ու մեր հիվանդներն ամբողջ օրը Երևան են գնում, պառկեն մեզ մոտ, ավելի շատ կատարողական տան: Մեր մարզի բնակչության համար լավ կլինի: Իսկ այդ բաժանմունքի աշխատողները կտեղափոխվեն էնդոկրինոլոգիական բաժանմունք՝ աշխատելու: Ոչ մի աշխատող դուրս չի մնալու, ոչ մի ծնունդ էլ չի տուժելու: Ճանապարհն ընդամենը 8 կլիոմետր է: Դա ոչ այնքան բնակչության, որքան աշխատողների դժգոհությունն էր, որոնք հիմա արդեն հավատացին, որ իրենք դուրս չեն մնալու, հանգստացել են»,- մեզ հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը: Նա նշեց, որ որոշում է կայացվել ոչ թե բաժանմունքը փակելու, այլ դրա գործառույթները տեղափոխելու մասին: Եթե Մեծամորում հաշվառված հղիների թիվն ավելանա, անդրադարձ կկատարվի այդ հարցին. «Եթե Մեծամորի հղիների թիվը այժմյան 46-ից դառնա 146, նորից կարող ենք անդրադառնալ այդ հարցին: Բաժանմունքը տեղից չի գնացել, բաժանմունքի գույքը չի տեղափոխվել ուրիշ տեղ: Այդ տարածքում էնդոկրինոլոգիական բաժանմունք է: Եթե մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում 15 մահճակալ էր, մենք բացել ենք 30 մահճակալանոց մարզային էնդոկրինոլոգիական բաժանմունք: Այնպես որ, ոչ մեկի վնաս չի հասցվել՝ ոչ ժողովրդին, ոչ էլ աշխատողին»:
Մեր հարցին՝ արդյոք վստահեցնո՞ւմ են, որ մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի բուժաշխատողներն առանց աշխատանքի չեն մնա, Լարիսա Մուրադյանը պատասխանեց. «Ոչ թե վստահեցնում եմ, այլ նրանց հետ արդեն պայմանագրեր են կնքվում: Մենք այժմ զբաղվում ենք էնդոկրինոլոգիայի լիցենզիոն հարցերով: Այդ բոլոր աշխատողների հետ արդեն պայմանագրերը կապվում են»: «Ես ուզում եմ, որ բոլորը հանգիստ լինեն: Ես կոչ եմ անում, որ խուճապի չմատնվեն: Ավելի լավ է լինելու, քան այդ մեկ ծնունդով մանկաբարձական բաժանմունքը: Հղիի համար ծննդաբերելու ժամանակ ընդամենը 8 կիլոմետր է»,- ասաց Լարիսա Մուրադյանը:

Տեսանյութեր

Լրահոս