Օլիգարխ արհմիություն
Խորհրդային տարիների երբեմնի հզոր կառույց համարվող Հայաստանի արհեստակցական միությունն այսօր խղճուկ վիճակում է: Բայց սա` զուտ բարոյական տեսանկյունից:
Ֆինանսական առումով նախկին ՀԱՄԽ-ի ժառանգորդ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) կարելի է օլիգարխիայի ներկայացուցիչ համարել: Ժամանակին աշխատավորների գումարներով կառուցված հանգստյան տները, առողջարանները, զբոսաշրջային կենտրոնները, հյուրանոցներն ու միությունների տան մասնաշենքերը` ընդհանուր թվով 90-ից ավելի շինություններ, վաճառվել են տարբեր ֆիզիկական ու իրավաբանական անձանց, գումարները որպես ավանդ ներդրվել են ՀՀ բանկերում: Թե ընդհանուր առմամբ որքա՞ն գումար է ստացվել այդ գույքի վաճառքից` հայտնի չէ: Պարզ է միայն, որ հանրային սեփականության օտարումը «կռիվ» է գցել հենց ՀԱՄԿ-ում և ներքին խժդժությունների պատճառ դարձել, Կոնֆեդերացիայի մի քանի ճյուղային միությունների ղեկավարներ ըմբոստացել են ՀԱՄԿ ղեկավար Էդուարդ Թումասյանի դեմ և նրան ու իր տեղակալներին հրապարակավ մեղադրում են 2000-ից հետո ՀԱՄԿ-ի գույքի օտարման ժամանակ թույլ տված մի շարք «խախտումների և չարաշահումների, մեծ գումարների լվացումների» մեջ: Մասնավորապես` ՀԱՄԿ բանկային հաշվից կորել է գրեթե 245 մլն դրամ: Միաժամանակ հարկ է նշել, որ յուրաքանչյուր շենքի վաճառքից 100-500 դոլար է հատկացվել ճյուղային միության նախագահներին:
Համաձայն ՀԱՄԿ-ի խորհրդի 2003 թ. հուլիսի որոշման` ՀԱՄԿ-ի սեփականության հիմնական միջոցներն օտարվում են ՀԱՄԿ անդամ կազմակերպությունների, ՀԱՄԿ-ի աշխատակազմի, ՀԱՄԿ-ի կազմակերպությունների անդամներին: Իրականում, մեր տեղեկություններով, դրանք վաճառվել են տարբեր անհատ անձանց և ԲԲԸ-ների, որոնք ոչ մի կապ չունեն ՀԱՄԿ-ի անշարժ գույքի հետ: Ընդ որում, ինչպես արվում է նման դեպքերում, վաճառքը կատարվել է կադաստրի և շուկայական գներից շատ ցածր: Նախքան ՀԱՄԿ ղեկավարությունը ստանձնելը, Թումասյանը տարիներ շարունակ կոնֆեդերացիայի գույքի պահպանման, օգտագործման և օտարման հանձնաժողովի նախագահն էր:
2006-ին ՀԱՄԿ-ի անդամները տեղեկանում են, որ վաճառքի է հանվում նաև «Էրեբունի» հյուրանոցի 2-րդ մասնաշենքը` 1 քմ-ն ընդամենը 110 դոլարով: Նրանք ցանկություն են հայտնում գնել այն, սակայն կոնֆեդերացիայի կողմից ստեղծված հաշտեցման հանձնաժողովը որոշում է հյուրանոցի 2-րդ մասնաշենքը (9327 քմ բնակ. մակերես, 701 քմ նկուղ, 508 քմ բակ) վաճառել աճուրդով` որպես մեկնարկային գին սահմանելով 1 քմ-ն` ընդամենը 46 դոլար: Բայց սրանից ընդամենը 1 տարի անց առաջ քաշվեց միությունների տան «Բ» հատվածի վաճառքի խնդիրը, որից ստացված գումարով պետք է ետ գնվեր «Էրեբունի» հյուրանոցի վաճառված 2-րդ մասնաշենքից 4130 քմ տարածք` 1 քմ դիմաց վճարելով 535 քմ դոլար: Եթե հաշվարկենք, ապա ստացվում է, որ գործարքը «գլուխ բերողները» 1 տարում 2 մլն 20 հազար դոլար օգուտ են ստացել: Վատ բիզնես չէ, չէ՞:
Ընդ որում` Երևանի Հանրապետության հրապարակի վրա գտնվող միությունների նախկին տան «Բ» հատվածի իրացումը գործարքներից առավել աղմկահարույցն էր, որը 2008-ին վաճառվել է շուկայականից չափազանց ցածր գնով. քաղաքի կենտրոնում 1 քմ հողատարածքն արժեր 3000-4000 ԱՄՆ դոլար, ՀԱՄԿ-ի գույքը վաճառվել է 1 քմ-ն` 250-570 դոլարով: Գործարքի ընդհանուր գինը կազմել է 2 մլրդ 450 մլն դրամ` իրական գնից 10 անգամ պակաս:
Հիշենք, որ մոտ մեկ տարի առաջ աղմուկ բարձրացավ նույն հրապարակի վրա Արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքից, որի գինը, սակայն, հաշվարկվեց բազմապատիկ անգամ ավելի` 50 մլն 400 հազար դոլար: Վաճառքից ստացված գումարը դրվել է բանկ` որպես ավանդ, և, եթե առնվազն 10% տոկոսագումար լինի, ստացվում է, որ միայն այդ շենքի վաճառքից ապահովված կայուն եկամուտը տարեկան կազմում է 245 մլն դրամ: Բացի դա, ՀԱՄԿ-ը եկամուտ է ստանում իր ներկայիս` Վազգեն Սարգսյան 26/3 հասցեում գտնվող շենքից` վարձակալության տալով դրա սենյակների մեծ մասը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` այս գումարը տարեկան շուրջ 15 հազար դոլար է կազմում:
Երևանի «Նաիրի» հյուրանոցը ևս ՀԱՄԿ-ի սեփականությունն էր և կառուցվել էր ճյուղային միությունների սոցապգումարների միջոցով: Դրա վաճառքի որոշումը գաղտնի է պահվել արհմիության անդամներից: Ժամանակին` 2003-ին, դեռևս կիսակառույց «Սևան» տուրիստական հանգրվանը (2300 տեղանոց) փոխանցվել էր Երևանի Տնտեսաիրավագիտական համալսարանին` ՍՊԸ-ի տնօրենի հետ գործարքի արդյունքում: Գործարքի ֆինանսական կողմի մասին հաշվետվությունը բացակայում է:
Արհմիության անդամ շուրջ 240 հազար աշխատավորներ վճարում են իրենց աշխատավարձի 2%-ի չափով անդամավճարներ, որոնց մասին նրանք հաճախ չեն էլ իմանում: Եթե հաշվարկենք միջին աշխատավարձից, ապա տարեկան 8 մլն 640 հազար դրամ (150 հազար դրամ` միջին աշխատավարձի դեպքում) և 5 մլն 760 հազար դրամ (100 հազար դրամ միջին աշխատավարձի դեպքում) եկամուտ էլ այստեղից է ապահովվում:
Ուշագրավ է, որ նման եկամուտների առկայության պարագայում 2014 թ. հունվարի 1-ի դրությամբ` ՀԱՄԿ-ի բանկային հաշվեհամարներին կլինի ընդամենը 544 մլն 657 հազար 121 դրամ: Թե ինչի վրա են ծախսվել կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել` «մսխվել» այդ գումարները, պարզ չէ: ՀԱՄԿ աշխատավարձի տարեկան ֆոնդը 45.5 մլն դրամ է, իսկ շենքի պահպանման և վերանորոգման համար տարեկան հատկացվում էր 1մլն դրամ, բայց անհայտ պատճառներով` այս տարի` 2013-ին, շենքի պահպանման համար դուրս է գրվել շատ ավելի` 3.5 մլն դրամ:
ՀԱՄԿ բյուջեն հաստատվում է նախագահության նիստերով: Կառույցում ֆինանսական և այլ վերահսկողություն իրականացնում է ՀԱՄԿ վերահսկող մարմինը, որը զեկուցում է կոնֆեդերացիայի տարեկան համաժողովների ժամանակ: Սակայն այդ վերահսկող մարմինն ամորֆ կառույց է, դրա ղեկավարը ՀԱՄԿ աշխատակիցներից մեկն է, ով ամբողջովին հնազանդ է ղեկավարությանը: Այլ որևէ կառույց` պետական թե մասնավոր, իրավասություն չունի ՀԱՄԿ-ից հաշվետվություն պահանջել: Ըստ էության, փաստացի իրական ոչ մի վերահսկողություն չկա, ՀԱՄԿ ղեկավարությունն ազատ է իր որոշումներում ու գործողություններում:
Ճյուղային միությունների ըմբոստացած ղեկավարներն այս տարվա ապրիլին նամակով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն` բողոքելով գույքի փոշիացման դեմ, որ տեղ գտած ապօրինությունների արդյունքում էական վնաս է հասցվում նաև պետբյուջեին: Բայց ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունից պատասխանել են, որ արհմիութենական գույքն օտարվել է` «1998 թ. ապրիլի 29-ի ՀԱՄԿ-ի համակարգի կազմակերպություններում և միությունների տանը ՀԱՄԿ-ի հիմնական միջոցների հաշվառման, պահպանման, օգտագործման և օտարման կարգի մասին 2-6 որոշման և նրանում կատարված փոփոխությունների պահանջներին համապատասխան»:
Մեզ հետ զրույցում ՀԱՄԿ փոխնախագահ Խաչիկ Առաքելյանը հավաստիացրեց, թե կառույցի գոյությունը պահպանում են անդամավճարների հաշվին, որի չափը հրաժարվեց նշել, նաև չցանկացավ հրապարակել գույքի վաճառքից ստացված գումարի չափը: «Հանրապետության վիճակը բոլորիս հայտնի է, գիտենք, որ արդյունաբերությունը թույլ է, աշխատողները քիչ են, անդամավճարները շատ չնչին տոկոս են կազմում մեր բյուջեում, ֆինանսական աղբյուրների հիմնական մասը գույքի վարձակալությունից է, և բանկում եղած միջոցներից ստացված տոկոսների հաշվին կարողանում ենք մեր գործերը շատից-քչից յոլա տանել»,- ասաց Խ. Առաքելյանը:
ՀԱՄԿ-ի աշխատակիցներից մեկը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ մի քանի ամիս Դատախազության աշխատակիցները «եղել» են իրենց մոտ, նաև փորձեց վստահեցնել, որ ֆինանսապես ՀԱՄԿ-ը «շատ թափանցիկ կառույց է, ու խնդիրներ չկան»:
Սակայն Դատախազությունում հերքում են, որ ՀԱՄԿ-ում ստուգումներ են իրականացվել։ Մեր հարցմանն ի պատասխան` ՀՀ դատախազության Հանրային կապերի վարչությունից հայտնեցին, որ «ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության հետ կապված որևէ ստուգումներ կամ ուսումնասիրություններ չի իրականացրել, ուստի և բնականաբար որևէ իրավական հետևանք տեղի չի ունեցել»: Առնվազն տարօրինակ է, որ ՀԱՄԿ ճյուղային նախագահներին և մեզ այսպիսի տարբեր պատասխաններ են տրվել: Նաև պարզ չէ, թե քննիչներն ինչպես են անտեսել կամ ոչինչ չեն կարողացել բացահայտել այդ իրականացված ու չիրականացված ստուգումների արդյունքում:
Հ.Գ. Աշխատավորների վաստակն այսպես փոշիացնելուց հետո, հետաքրքիր է, թե ինչ են անելու ՀԱՄԿ ղեկավարները, երբ կծախսեն վերջին դրամները: Հավանաբար, պարզապես կլուծարեն ՀԱՄԿ-ը, ինչը, թերևս, վաղուց էր պետք: