Վճռաբեկ դատարանը հիմնականում ձևական մոտեցում է դրսևորում ՍԴ որոշումների նկատմամբ. ՄԻՊ
Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ Վճռաբեկ դատարանի կողմից հիմնական խախտումները երկակի ստանդարտների կիրառումն ու իրավական կամայականություններն են: Ընդ որում, ըստ ՄԻՊ-ի զեկույցի, այդ ամենը հիմնականում կատարվում է բողոքները վարույթ ընդունելու փուլում: «Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ ընդունելու փուլում խախտում է բողոքը վերադարձնելու մասին որոշումները պատճառաբանելու օրենքի հստակ պահանջը»,- նշված է զեկույցում:
«Վճռաբեկ բողոքի ընդունելիության հիմքերի հստակեցված չլինելու պայմաններում տիպային պատճառաբանություններ պարունակող վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումներ կայացնելու հետևանքով՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից խախտվում են թե´ ՀՀ օրենսդրության, և թե´ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների պահանջները: Նման պայմաններում լիովին արդարացված է հանրության շրջանում առկա անվստահությունը Վճռաբեկ դատարանի գործունեության նկատմամբ: Վճռաբեկ դատարանի լիազորությունների կամայական իրականացման, երկակի ստանդարտների կիրառման և որոշումների անկանխատեսելիության վերաբերյալ հետևությունը պայմանավորված է բողոքի ընդունելիության հիմքերի հստակեցված չլինելու պայմաններում այս որոշումները
չպատճառաբանելու հանգամանքով, ինչը կամայական բնույթ է հաղորդում Վճռաբեկ դատարանի գործունեությանը»,- ասված է զեկույցում: ՄԻՊ զեկույցը մշակող աշխատանքային խումբը նշել է նաև, որ վարույթ ընդունված և վերադարձված վճռաբեկ բողոքների ուսումնասիրության արդյունքում հիմնականում հնարավոր չէ բացահայտել, թե ինչ չափանիշներով են վճռաբեկ բողոքներն ընդունվում վարույթ կամ վերադարձվում Վճռաբեկ դատարանի կողմից: Աշխատանքային խումբը հանգել է նաև եզրակացության, որ Վճռաբեկ դատարանը հիմնականում ձևական մոտեցում է դրսևորում Սահմանադրական դատարանի որոշումների և դրանցում արտահայտված դիրքորոշումների նկատմամբ՝ ըստ էության, չկատարելով Սահմանադրական դատարանի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշումների պահանջները:
Իր զեկույցում ՄԻՊ-ը նշել է, որ բացի համակարգային խնդիրներից՝ կան նաև օրենսդրական կարգավորմամբ պայմանավորված խնդիրներ: Որպես վիճահարուց հարց՝ ՄԻՊ-ն նշել է այն, որ ըստ ՀՀ դատական օրենսգրքի՝ դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում Արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը՝ նախազգուշացում, նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով, խիստ նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով, դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության նախագահին դիմում:
«Եթե Հանրապետության նախագահն Արդարադատության խորհրդի՝ դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի դադարեցնում դատավորի լիազորությունները, ապա միջնորդությունը համարվում է մերժված: Այդ դեպքում օրենքի ուժով դատավորը համարվում է համապատասխանաբար ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ 165-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժի ենթարկված: Նշված իրավակարգավորմանը զուգահեռ՝ ՀՀ դատական օրենսգրքով սահմանված չեն ՀՀ նախագահի կողմից դատավորի լիազորությունների դադարեցման կամ Խորհրդի միջնորդության մերժման չափորոշիչները, քննարկման կարգը, դատավորի մասնակցության աստիճանը և ընթացակարգը և նրա իրավունքների այլ երաշխիքները տվյալ փուլում: Այս չափորոշիչներն ու ընթացակարգերը, մեր գնահատմամբ, պետք է հստակորեն սահմանվեն օրենքով: Խնդրահարույց է նաև վեց ամսով կամ մեկ տարով դատավորի աշխատավարձի 25 տոկոսից զրկելով զուգորդված կարգապահական տույժերի կիրառումը դատավորների նկատմամբ»,- նշված է ՄԻՊ արտահերթ զեկույցում: